21 / Մարտ / 2024 : 15-57

Ֆայասը՝ որպես Իսպանիայի ամենագունավոր տոնախմբություն․ պատմությունը, խորհուրդը և արարողակարգը

Մարտի 19-ին Իսպանիայում հանդիսավոր ավարտվեց բնության զարթոնքը խորհրդանշող հեթանոսական ամենամյա Ֆայաս տոնակատարությունը։

Yelaket.am-ը ներկայացնում է տոնի պատմությունը, խորհուրդը, արարողակարգը և անցկացվող միջոցառումները։

Ֆայասը իսպանական Վալենսիա քաղաքի ամենամեծ ավանդական փառատոնն է, որն ավարտվում է ատաղձագործների հովանավոր սուրբ Հովսեփի տոնով։ Փառատոնը տևում էմարտի 1-ից մարտի 19-ը, իսկ բնակիչները տոնին պատրաստվում են մի ամբողջ տարի։ Հարյուրավոր ֆայա հուշարձաններ, որոնք պատրաստվում են տարբեր նյութերից, հասնում են մինչև 10 մետր բարձրության, իսկ կատարված ծախսերը երբեմն գերազանցում են 100 հազար դոլարը։ Այդ օրորին ողջ քաղաքը հեղեղվում է հսկայական, գունագեղ ձեռագործ ծավալային ֆիգուրներով։ Ամենավերջում, դրանք վերածվում են իսկական կրակի թագավորության՝ երգիծական և հիմնականում քաղաքական թեմաներով կառուցված հուշարձանները հանդիսավոր կերպով այրվում են։ Քաղաքացիների կողմից ընտրված կառույցներից մեկը, որը հաղթող է ճանաչվում, կրակի չի մատնվում՝ իր տեղը զբաղեցնելով Վալենսիայի թանգարանում։

2016 թվականի նոյեմբերի 30-ին Ֆայաս փառատոնն ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ։
Ըստ վարկածներից մեկի` Ֆայասն սկսվել է միջնադարում, երբ արհեստավորներն, ազատվելով իրենց կոտրված իրերից և փայտի կտորներից, որոնք կուտակվել էին ձմեռվա ընթացքում, այրում էին դրանք, որպեսզի տոնեն գարնանային գիշերահավասարը։ Ժամանակի ընթացքում, եկեղեցու միջամտությամբ, պարոթները այրելու ամսաթիվը տեղափոխվել է հյուսների հովանավոր սուրբ Հովսեփին նվիրված փառատոնի տոնակատարության օր, և բոլոր արհեստավորները հավաքում էին իրենց աշխատանքից մնացած տաշեղները և նետում էին խարույկի մեջ։

Տոնի թեմատիկան խիստ տարբեր է` պատմական, քաղաքական, կրոնա-կղերական և կատակերգական։ Ռեստորանների բազմությունը դուրս է գալիս փողոցներ, իսկ պայթյունները չեն դադարում մինչև ուշ գիշեր։ Բոլոր մարդիկ` փոքրից տարեց մանակցում են տոնախմբությանը, իսկ փողոցները ծածկվում են պիրոտեխնիկական աղբով։

Քաղաքի յուրաքանչյուր շրջան ունի մարդկանց կազմակերպված խումբ` Կասալ Ֆայեր, որը, գործելով ամբողջ տարվա ընթացքում, անցկացնում է միջոցառումներ, երեկույթներ և ընթրիքներ դրամահավաքի համար։ Ամեն կասալ ֆայեր կոնստրուկցիա է ստեղծում, որը հայտնի է որպես ֆայա, որն ի վերջո, այրվում է։

Ֆայասան ամեն օր սկսվում է առավոտյան 8:00-ին՝ "արթնացման կանչով"։ Շքերթը սկսվում է, երբ փողոցներում հայտնվում են փողային նվագախմբեր և սկսում աշխույժ երաժշտություն նվագել։ Նրանց հետևում են ֆայերները, որոնք քայլում են փողոցներով` մեծ հրավառություններ անելով։
Մասկլետա, մեծ հրավառություն է, հրթիռների և հրավառությունների պայթյունների համակարգված տեղատարափ, որը տեղի է ունենում փառատոնի ընթացքում ամեն օր՝ կեսօրից հետո։ Բնակիչները վերջին օրը թաղամասային ֆայաներն այրելուց հետո շտապում են քաղաքապետարանի հրապարակ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է այրվելու քաղաքապետարանի պատրաստած ֆիգուրը։ Քաղաքապետարանիֆայայի այրումը խորհրդանշում է գարնան գալը։
Ֆայասներից հեռու գտնվող փողոցներում մարդիկ զվարճանում են, կազմակերպում պարահանդեսներ։

Թեև տոնի մեծ ծավալներին, հասցրած վնասներին և ծախսերին՝ կառավարությունը հստակ օրենքներ չի սահմանել տոնակատարության համար։ Մարդիկ, իրենց մշակույթին և ավանդույթներին հետևելով, ամեն տարի մի քանի օրով երջանկանում են ու խանդավառությամբ լցնում ամբողջ քաղաքը։
Դիտվել է 2953անգամ
Վերջին լուրեր