23 / Մարտ / 2024 : 16-59

Կայացավ «Կատարյալ ապուշը» ֆիլմի պրեմիերան

Մարտի 20-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմի փակ ցուցադրությունը: Ֆիլմը մարտի 21-ից հասանելի է լսարանի համար:

«Կատակերգություն է, նախատեսված է հանդիսատեսի լայն լսարանի համար, կարելի է անվանել ընտանեկան ֆիլմ, որը կարող են դիտել բոլորը։
Գլխավոր հերոս Տիգրիսը, ով խենթ կերպար է, որոշել է փոխել աշխարհը դեպի լավը և մարդկանց միջից հանել չարությունը։ Արդյուքում՝ անընդհատ հայտնվում է տարատեսակ զվարճալի արկածների մեջ, որտեղ հանդիպում է տարբեր կերպարների, որոնց մարմնավորում են ճանաչված և սիրված դերասաններ։ Բացի այդ, ֆիլմում կա շատ գեղեցիկ սիրո պատմություն, որն էլ ընթացքում ունենում է իր վայրիվերումները»,-այս մասին փակ ցուցադրությանը լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր, գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանը։

Ըստ նրա՝ սեփական ուժերով ֆիլմ նկարահանելը շատ բարդ է.

«Շատ ռիսկային է մեծ ֆիլմ նկարահանելը, սակայն նախորդ ֆիլմս բավական մեծ թվով հանդիսատես էր հավաքել, և ես ողջ գումարը ներդրեցի այս ֆիլմի մեջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ Հայաստանում «Դասարանցիները» ֆիլմը դիտած հանդիսատեսին, ովքեր ինձ տվեցին հնարավորություն նկարելու «Կատարյալ ապուշը» ֆիլմը»,-ասաց Տիգրան Նալչաջյանը:

Ֆիլմի մյուս առանցքային կերպարներին մարմնավորում են Արման Ղազարյանը, Մելսիդա Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Կրիստինա Հովակիմյանը, Սերգեյ Սարգսյանը, Վահագն Գալստյանը, Օֆելյա Հարությունյանը, Արթուր Հակոբյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Սեպուհ Ապիկյանը և այլք:

«Մեծ քասթինգ չեմ հայտարարել։ Առանձին քասթինգներ եղել են որոշ կերպարների համար, որոնց հարցում տատանվել եմ։ Արդյունքում՝ կայացրել եմ օպտիմալ որոշում, որովհետև այս ֆիլմն առանձնանում է նաև բացառապես պրոֆեսիոնալ և ուժեղ դերասանական խաղով, անգամ էպիզոդիկ դերերում պրոֆեսիոնալ դերասանների ենք նկարահանել։
Նկարահանումները հիմնականում անցել են շատ թեթև, մինչև այն պահը, երբ իմ կյանքում տեղի ունեցավ մեծ ողբերգություն՝ քրոջս մահը։ Երկարատև դադարից հետո ես իմ մեջ ուժ գտա և վերադարձա նկարահանման հրապարակ, քանի որ մի մեծ թիմ ինձ էր սպասում։ Եվ նաև նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի նկարահանումները հարթ ընթանան և ունենանք այն կինոն, որն արդեն կա։ Բացի այդ, իմ կերպարն ունի նմանություն քրոջս՝ Նվարդի հետ, ով հայտնի է իր բացառիկ բարեգործություններով, և ես ոգեշնչվում էի հենց նրանով։ Ի դեպ, առաջին նկարահանման օրը քույրս էլ էր ներկա, ով բերել էր իր կատվին, որ նկարենք ֆիլմում»,-անկեղծացավ ռեժիսորը:

Հավելենք, որ Տիգրան Նալչաջյանը ֆիլմեր է նկարահանում շուրջ տասը տարի: «Կատարյալ ապուշը» նրա չորրորդ կինոնկարն է: Նալչաջյանի առաջին ֆիլմը «Չներվածները» կինոնկարն է, որը նկարահանել է 2015-ին, հետո՝ «Արթնացիր» գեղարվեստական ֆիլմը, 2020-ին՝ «Դասարանցիները» ֆիլմը, որը համավարակի, պատերազմի պատճառով հանրությանն է ներկայացվել 2021-ին: Այն մեծ հաջողություն է ունեցել:
Դիտվել է 4902անգամ
Վերջին լուրեր