05 / Ապրիլ / 2024 : 16-09

Նոր ցուցադրություններ Հայաստանի ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը և ներկայացնում բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրության պատից իջեցված և տարիներ շարունակ վերականգնման արվեստանոցում գտնվող «Սալոմեն» վերադառնում է ցուցասրահ։ Կտավի հեղինակն է հայ խոշորագույն նկարիչ Վարդգես Սուրենյանցը։ Մշակութային արժեքների վերականգնման պրոցեսի ցուցադրությունը աշխարհի տարբեր երկրներում դարձել է թանգարանային ցուցադրության նոր տարբերակ և հնարավորություն է տալիս այցելուին մասնակցելու մշակութային արժեքների վերականգնման գործընթացին և ծանոթանալու աշխատանքի բարդության։


Պատկերասրահի ցուցադրության առաջին սրահը վերականգնման արվեստանոցի մի փոքրիկ անկյուն է՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Հաջորդ հավաքածուն, որը ներառում է հայկական, ռուսական, եվրոպական արվեստի տարբեր դպրոցներին պատկանող վարպետների ստեղծագործություններ, արտացոլում է «մոդեռն ոճը»: Այն բացահայտում է ազգային վարպետների աշխատանքը գեղագիտական այս ուղղության շրջանակում, նրանց գաղափարները և մտահղացումները։ Գեղարվեստական այս դրսևորման ցայտուն վկայությունն է հայտնի վարպետներ Գ. Յակուլովի, Վ. Սուրենյանցի, Հ. Կոջոյանի, Հ. Գյուրջյանի, Մ. Սարյանի արվեստը, – նրանց, ովքեր մեծապես հետաքրքրված էին ինչպես Եվրոպայի նորագույն ուղղություններով, այնպես էլ Արևելքի երկրների մշակույթով՝ դրանք փորձելով համադրել հայկական ազգային ոճի և մշակույթի հետ։
Դիտվել է 4072անգամ
Վերջին լուրեր