29 / Ապրիլ / 2024 : 16-03

Ժամանակի 5 լավագույն բիզնես-գրքերը, որոնք կփոխեն ձեր կյանքը

Վերջին ժամանակներում բիզնես-գրքերը մեծ տարածում են գտել ընթերցողների շրջանում և ամարվում են գրքային ժանրերից ամենապահանջվածներից։ Դրանք ուղղակի դասագրքեր կամ ուղեցույցներ չեն, դրանք լի են ոչ գեղարվեստական ժանրի գրքերի բոլոր հատկանիշներքվ՝ հետաքրքիր են, ունեն զարգացումներ, սյուժե և երբեմն էլ լի են անսպասելի շրջադարձներով։

Yelaket.am-ը ձեզ է ներկայացնում ժամանակի լավագույն հինգ բիզնես-գրքերը, որոնք կպատմեն ձեզ հաջողակ բիզնես սկսելու բոլոր գաղտնիքները։

1. «Money, Success and You» - Ջոն Կեհո

Այս գիրքը փողի ու հաջողության մասին է, բայց ինչն ավելի կարևոր է՝ այն մարդկանց մասին է։ Գիրքը նվիրված է ցանկացած բիզնեսում հաջողության հասնելու հոգեբանական կողմին։ Հեղինակը պարզ և հստակ ցույց է տալիս ոչ միայն այն, թե ինչպես է պետք գործել, այլև ինչպես է պետք մտածել հաջողության հասնելու համար:Գրքում ներկայացվում է, որ ֆինանսական ձեռքբերումներն ու ինքնազարգացումը փոխկապակցված են և ընթանում են ձեռք ձեռքի տված։ Եվ իսկապես, ակնհայտ է, որ հարուստ և հաջողակ դառնալու համար անհրաժեշտ հմտություններն ու կարողությունները նույնն են, որոնք անհրաժեշտ են լինում անձի բնավորության, հմտությունների և գործելու պատրաստակամության զարգացման համար: Պետք է միշտ գիտակցել, որ ընտրություններն ու որոշումները, որոնք մենք կայացնում ենք այսօր, ի վերջո որոշում են, թե ինչ կլինի մեզ հետ ապագայում: Եվ եթե մենք որոշենք միշտ ձգտել կատարելության և անել առավելագույնը, ապա, անշուշտ, հրաշալի փոփոխություններ կլինեն:

2. «Zero to One» - Փիթեր Թիլ

Գրքի հեղինակը՝ Փիթեր Թիլը, PayPal և Palantir ընկերությունների համահիմնադիրն է, ով նաև ներդրող է հարյուրավոր ստարտափներում։ Գրքում Դուք չեք գտնի հաջողության պատրաստի բանաձև, քանի որ այն պարզապես գոյություն չունի։ Սակայն կսովորեք ճիշտ հարցեր տալ և փնտրել դրանց պատասխանները՝ բիզնեսում հաջողության հասնելու համար: Նման հարցերից են՝ Ի՞նչ են ստարտափները և ի՞նչ պայմաններում են դրանք ստեղծվում։Ո՞րն է մենաշնորհների առանձնահատկությունը, և սկսնակ գործարարը կարո՞ղ է ի վերջո դառնալ մոնոպոլիստ։Ինչպե՞ս տիրապետել վաճառքի արվեստին:
Հեղինակը նշում է, որ ցանկացած նախագծի գոյատևման կարևոր պայմաններից է հիմնադիրների՝ աշխարհին նորովի նայելու կարողությունը։ Օգտագործելով Facebook-ի, Microsoft-ի, eBay-ի, Twitter-ի, LinkedIn-ի և շատ այլ ընկերությունների օրինակը Փիթերը գրքում բացատրում է, թե ինչ ռազմավարություն պետք է ընտրի գործարարը, որպեսզի հաջողի իր սեփական ստարտափը ստեղծելու գործում:

3. «The 7 Habits of Highly Effective People» - Սթիվեն Քովի

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը՝ երբևէ գրված ամենաոգեշնչող և ազդեցիկ գրքերից մեկն է, որը 1990 թվականից շարունակում է մնալ ամենակարևոր բիզնես գրքերից՝ վաճառվելով ավելի քան 30 միլիոն օրինակով: Գիրքն ուղղակի կարդալու համար չէ. այն պետք է ուսումնասիրել և նշումներ անել: Ընթերցանությունն ավարտելուց հետո տպավորություն է, թե մի հզոր սեմինար եք անցել հեղինակի հետ:Այս գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է 7 սովորույթներ, որոնք բնական օրենքներ են և ապացույց չեն պահանջում։ Այն օգնում է համակարգված մոտենալ ինքնազարգացմանը՝ սկսելով հիմնակետերը փոխելուց և հետո միայն անցնել կոնկրետ գործիքների յուրացմանը։Քովին գրքում նախապես ընդգծում է, որ արդյունավետության 7 սովորույթները ինքը չի հորինել: Դրանց հիմքում ընկած սկզբունքները մարդկային գիտակցության մի մասն են կազմում: Եվ եթե նույնիսկ մենք ինչ-ինչ պատճառներով ճնշենք այդ սկզբունքները, դրանք կան մեր ներսում և սպասում են, որ մենք մեր որոշումները կայացնենք դրանց համապատասխան։ Հեղինակը բազմաթիվ օրինակներ է բերում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հմտություններն օգնում կյանքի տարբեր իրավիճակներում և ստիպում Ձեզ մտածել շատ հարցերի շուրջ և վերանայել դրանք։

4. «Start with Why: How Great Leaders Inspire Everyone to Take Action» - Սայմըն Սայնըկ


“Start With Why”-ը գիրք է, որը կենտրոնանում է բիզնեսի սեփականատերերի առաջնորդման պոտենցիալի վրա: Գրողը քննարկում է հաջողակ առաջնորդների սկզբունքները՝ պարզելու, թե ինչպես կարելի է մանիպուլյացիայի և ոգեշնչման միջոցով ազդել մարդկային վարքագծի վրա, և թե ինչպես է այս ռազմավարություններից յուրաքանչյուրը տարբերվում մյուսից:Գրքում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես են պատմության մեծագույն առաջնորդները կիսել մեկ ընդհանուր ելակետ՝ «ԻՆՉՈՒ՞ են նրանք անում այն, ինչ անում են»: Առաջնորդը, ով իր ողջ գործունեությունը սկսում է ԻՆՉՈՒ՞ հարցի պատասխանը տալով, հաջողության հասնում է շատ ավելի արագ, քան երբ ամեն ինչ սկսվում է Ի՞ՆՉ կամ ԻՆՉՊԵ՞Ս հարցերից:

5. «Atomic Habits» - Ջեյմս Քլիըր

«Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Դիտվել է 3098անգամ
Վերջին լուրեր