04 / Մայիս / 2024 : 16-41

«Արվեստը՝ գարնան գույներով» խորագիրը կրող ուսանողական ցուցահանդես՝ Հայաստանում Եվրոպական քոլեջի ուսանողների մասնակցությամբ

Հայաստանում Եվրոպական քոլեջի «Դիզայնի» բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրությունը, որը տեղի ունեցավ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, ուսանողների համար հարազատ կրթօջախում ձեռք բերված գիտելիքների մի ուրույն ստուգատես էր:
Բաց երկնքի տակ անցկացված միջոցառումն իր գարնանային գույների ներկապնակով ուրույն գեղագիտական հաճույք պատճառեց ներկաներին ու պատահական անցորդներին:
Դիզայնի բաժնի ուսանողական աշխատանքների ցուցահանդեսին ներկա էին Հայաստանում Եվրոպական քոլեջի տնօրեն Սիմոն Հակոբյանը, փոխտնօրեն Լուսինե Հակոբյանը, քոլեջի դասախոսկան կազմը, ուսանողներ, ինչպես նաև արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ։ Ղեկավար կազմի կողմից հնչեցին շնորհավորանքներ և բարեմաղթանքներ:
Քոլեջի պատմության և ցուցահանդեսի նախաձեռնության մասին ավելի մանրամասն զրուցել ենք Եվրոպական քոլեջի Կրթության և որակի դեպարտամենտի ղեկավար, «Դիզայնի» ամբիոնի վարիչ Դիանա Մարտիրոսյանի հետ:


- Հայաստանում Եվրոպական քոլեջի մասին պատմեք, ե՞րբ է հիմնադրվել, ի՞նչ մասնագետներ է պատրաստում:

-Հայաստանում եվրոպական քոլեջը հիմնադրվել է 2006 թվականին Եվրոպական համալսարանի կողմից: Այն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագիր՝ ներդնելով եվրոպական կրթական չափորոշիչներն ու առաջադեմ փորձը: Եվրոպական քոլեջն այժմ ունի մոտ 800 ուսանող:
Նշեմ, որ քոլեջում գործում են արդիական մի շարք մասնագիտություններ.
1. Մենեջմենթ,
2. Հաշվապահական հաշվառում,
3. Ապահովագրական գործ,
4. Մարքեթինգ,
5. Դիզայն,
6. Տուրիզմ,
7. Ծրագրավորում,
8. Գործավարություն,
9. Համակարգչային ցանցեր:

- Ի՞նչ առավելույթուններ ունի քոլեջը, որոնք ըստ ձեզ կարելի է առանձնացնել:

- «Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամը կրթական ոլորտում առաջատարներից մեկն է: Դիմորդներին առաջարկում է բազմաթիվ արդի մասնագիտություններ, որոնք ձեռք բերելուց հետո մեր շրջանավարտներն աշխատաշուկայում կայուն դիրք են գրավում: Առավելություններից են նաև դասավանդման ժամանակակից նորարարական մեթոդիկաները, ծրագրերը:
Բացի այս, քոլեջը սերտ համագործակցում է եվրոպական տարբեր երկրների համալսարանների, ինչպես նաև՝ միջին մասնագիտական հաստատությունների հետ: Օտար լեզուները կարևորագույն հիմք են հանդիսանում մեր քոլեջում. խորացված ուսումնասիրում ենք անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն: Բացի ուսումնական գործունեությունից մենք նաև ուսանողների ժամանցն ենք ապահովում: Տարբեր ժամանցային ծրագրերի շրջանակներում կազմակերպում ենք տուրեր թե՛ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրերում, թե՛ արտերկրում՝ փորձելով այս կերպ մոտիվացնել ուսանողներին: Փորձում ենք կրթությունն ու ժամանցը համադրելով՝ ստանալ լավագույն կորիզը:
- Հիմա անցնենք ցուցահանդեսին: Ովքե՞ր են նախաձեռնել այն, ովքե՞ր են մասնակիցները:

- Մտահղացումն ու նախաձեռնությունը բնականաբար դիզայնի ամբիոնինն է: Ձևավորված ավանդույթի համաձայն Եվրոպական քոլեջում ամեն կիսամյակի ավարտին ուսանողական աշխատանքների հետաքրքիր ցուցադրություն է կազմակերպվում: Քոլեջում կազմակերպված նախորդ կիսամյակի ցուցահանդեսից հասկացանք, որ մեր ուսանողների աշխատանքները բավականին ներկայանալի են: Այդ իսկ պատճառով, այս անգամ ընդլայնեցինք շրջանակը և կիսամյակի ավարտին որոշեցինք իրենց կատարած աշխատանքները ցուցադրել բացօթյա ցուցահանդեսում: Մասնակցում են Դիզայնի բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսի բոլոր ուսանողները, քանի որ 4 տարի է բաժնի ուսումնառության տևողությունը, ուստի մենք ավարտական խումբ չունենք, այսինքն՝ նորաթուխ է մեր ամբիոնը: Ներկայացված են 50 ուսանողների աշխատանքներ՝ գունանկարներ, պոստերներ, մակետներ, ինչպես նաև հետաքրքիր առարկա ենք անցնում՝ «Դիզայն-լուսանկարչական հմտություն», որի շրջանակներում մեր ուսանողների կատարած լուսանկարները պոստերների միջոցով ցուցադրված են: Նշեմ, որ ուսանողներն աշխատել են մեծ սիրով և ոգևորությամբ:
- «Արվեստը՝ գարնան գույներով» գեղեցիկ խորագիր եք ընտրել, մի փոքր բացեք փակագծերը, ցուցահանդեսն ի՞նչ խորհուրդ ունի, ո՞րն է ցուցահանդեսի նպատակը:

-Յուրաքանչյուր ցուցահանդես իր խորագիրն ունի: «Արվեստը՝ գարնան գույներով» խորագիրը կրող ցուցահանդեսն ամբողջությամբ ուսանողների միտքն ու մտահղացումն է: Մասնակիցներն իրենց աշխատանքների միջոցով փորձել են փոխանցել իրենց հույզերն ու խոհերը: Նպատակն է փորձել տեսնել գեղեցիկը. դժվար ժամանակներ ենք ապրել և մեր ուսանողները ևս ականատեսն ու ապրումակիցն են եղել այդ ժամանակների, այնուամենայնիվ, իրենք ամուր են ոգով, փորձում են գեղեցիկի միջոցով մարդկանց լավատեսույթուն հաղորդել, որ ավելի շատ առնչվեն գեղեցիկի հետ, հաղորդակից լինեն գույներին: Գույներն ասոցացվում են տրամադրությունների հետ, իսկ այդ կերպ մեր ուսանողները ցանկանում են բարձրացնել անցորդների, ներկաների,մեր հայ ժողովրդի տրամադրությունը:
- Անշուշտ, քոլեջում կարևորվում է ցուցահանդեսների կազմակերպումը, որ՞ն է ուսանողական ցուցահանդեսների դերն ու կարևորությունը: Ի՞նչ է տալիս նման միջոցառումը ուսանողին կամ ապագա դիզայներին:

-Կարծում եմ, որ սա լավագույն մոտիվացիայի աղբյուրն է իրենց համար: Ապացույցը՝ ուսանողների մեծ ոգևորվածությունն է: Թեպետ, ուսանողները սիրով են պատրաստում իրենց կիսամյակային քննական աշխատանքները, բայց երբ կիսամյակը ավարտվում է ցուցահանդեսով, անասելի ոգևորվում են: Գերագույն նպատակն այն է, որ իրենք այդ սերն ու խանդավառությունը կրեն իրենց մեջ և այդ մոտիվացիան երկար պահպանվի:

- Դասախոսների համար ի՞նչ դեր ունի իրենց սաների աշխատանքների ցուցադրությունը: Արդյո՞ք դասախոսի համար սա հնարավորություն է ուսանողների ունակությունների բացահայտման, թե՞ ամենի-ինչ հստակ է լինում արդեն իսկ ուսումնառության ընթացքում:

- Կարող եմ ասել, որ ընթացքում որոշակիորեն պարզ է դառնում, բայց միաժամանակ նմանատիպ ցուցահանդեսների ընթացքում մենք կարողանում ենք գտնել լավագույններին: Մեզ համար սա ևս ոգևորող է, քանի որ մեր գլխավոր նպատակն է տալ գիտելիք, որն այնուհետև արդեն որպես կարողություն է ձևավորվում, իսկ երբ մենք տեսնում ենք մեր ուսանողների հմտությունները՝ ոգևորվում ենք: Կարծում եմ, որ նմանատիպ ցուցահանդեսները նաև մեզ են ոգեշնչում:
- Որպես «Դիզայնի» ամբիոնի վարիչ ի՞նչ կբարեմաղթեիք ապագա դիզայներներին:


-Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում որպես անհատ կայանալիս իրենց մարդկային նկարագիրն երբեք չկորցնեն, քանի որ դա է գլխավորը մինչ մասնագետ լինելը: Ցանկանում եմ նաև, որ կյանքում ամրապնդվելու, իրենց ուրույն տեղը գրավելու համար լավ սովորեն, որպեսզի լավ մասնագետներ լինեն և իրենց մասնագիտական կարողություններն ու գիտելիքնեը ի շահ մեր պետությանը ծառայեցնեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին, որ նման գեղեցիկ վայրում մեր նախաձեռնությունը իրականացնելու հնարավորություն ընձեռեց, ինչպես նաև իմ խորին շնորհակալությունս եմ հայտնում քոլեջի տնօրեն Սիմոն Հակոբյանին մեր ցանկացած միտք իրականություն դարձնելու համար: Մեծագույն շնորհակալություն նաև քոլեջի փոխտնօրեն Լուսինե Հակոբյանին աջակցության, միշտ մեր կողքին լինելու համար: Իմ մեծ և խորին շնորհակալությունս իմ թիմին՝ «Դիզայնի» ամբիոնի դասախոսական կազմին, քանի որ այս արդյունքն իրենց շնորհիվ ենք ապահովել և, վերջապես, շնորհակալ եմ մեր շնորհաշատ ուսանողներին նման գեղեցիկ աշխատանքներ ունենալու համար: Կարծում եմ՝ նմանատիպ աշխատանքներն առանց թիմային ջանքերի ու համախմբվածության անհնար է իրականացնել: Ուրախ եմ և հպարտ, որ ունեմ այսպիսի սրտացավ, պրոֆեսիոնալ թիմ: Միասին երկար ճանապարհ ունենք անցնելու:
- Եթե՞ ունեք ապագա դիմորդներին ուղղված խոսք, ապա կարող եք հղել:

-Սիրելի՛ դիմորդ, Հայաստանում Եվրոպական քոլեջը սիրով և սրտաբաց սպասում է ձեզ, որպեսզի միասին անցնենք նման գեղեցիկ, գունավոր, լուսավոր և արդյունավետ ճանապարհով:
Author's cover photo
Ամսաթիվ 04 / Մայիս / 2024 : 16-41
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 20539անգամ
Վերջին լուրեր