17 / Հունիս / 2024 : 13-50

Ո՞վ էր Բակունցի «Ալպիական» կինը

«Ալպիական մանուշակ» պատմվածքը նվիրված էր Չարենցի կնոջը` Արփենիկի հիշատակին։ Ակսել Բակունցը մի առիթով խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Նույնիսկ պատմվածքում տողեր կային, որոնք գաղտնազերծում էին Բակունցի սրտի գաղտնիքները։ Եվ այդ խորհրդավոր կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան: Կնոջը ճանաչողները պատմում էին, որ Ժենյան միջին հասակի, բարեկազմ, փոքր ինչ սրված դիմագծերով կին էր: Շատ երազկոտ հայացք ուներ, հագնվում էր շատ ճաշակով և սիրում ու կարդում էր գրականություն: Բակունցը Ժենյային առաջին անգամ տեսել է Հանրային գրադարանում, որն այն ժամանակ գտնվում էր քաղաքի Կուլտուրայի տանը: 1926 թվականն էրև մեկ տարի էր, ինչ աղջիկը Թբիլիսիից տեղափոխվել էր Երևան՝ ընդունվելոով համալսարանի պատմագրության ֆակուլտետը: Շուտով նրանց ծանոթությունը վերածվում է մտերմության` պարուրված անթաքույց համակրանքով: Ականատեսների վկայությամբ, առաջին ժամադրությունը կայացել է Աբովյան փողոցում, ներկայիս «Անի» հյուրանոցից փոքր-ինչ վերև: Ժամանակին այնտեղ երեք հսկա բարդիներ էին կանգնած, իսկ դրանց դիմաց նկարիչ Հակոբ Կոջոյանի արվեստանոցն էր: Հենց այդ ծառերի տակ էլ զույգը հանդիպել է, քանի որ Ժենյան ապրում էր մոտերքում: Սակայն տեսակցությունները շուտով ընդհատվում են, քանի որ աղջիկը 1927 թվականին մեկնում է Լենինգրադ` ուսումը շարունակելու այնտեղի համալսարանի ազգագրության բաժնում: Միակ մխիթարությունը դառնում են նրանց ջերմ նամակագրությունը, որոնք լցնում էին գրողի հոգու դատարկությունը ու մեղմում անհաղթահարելի կարոտը: Լենինգրադից Ժենյան վերադարձավ միայն 1931 թվականին ու աշխատանքի ընդունվեց պատմության թանգարանում: Ասում են, թե նրա համար առանձնակի ուրախության առիթ էին դառնում այն օրերը, երբ ազգագրական արշավախմբերի հետ գործուղվում էր Զանգեզուր: Բակունցը միշտ պատրվակ էր գտնում և ընկերակցում նրան: Այդ օրերից մնացել է մի լուսանկար, որտեղ Բակունցի առաջարկությամբ Ժենյան նկարվել է զանգեզուրցի կնոջ տարազով:
«Ալպիական մանուշակը» Բակունցն ընթերցել է Ժենյայի համար դեռևս ձեռագիր վիճակում: Ստեղծագործությունը կնոջը շատ է դուր եկել: Իսկ պատմվածքի մի հատված իրական հիմք ունի: Հիշու՞մ եք այս տողերը. «…Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»։ 1926 թվականի ամռանը Բակունցն ու Ժենյան միասին եղել են Բաթումիում և հիշատակված պատկերը այն օրերի հուշն է…Հետագա տարիներին Ժենյան, ով արդեն թանգարանի ավագ գիտաշխատող էր ու հայտնի ազգագրագետ, անընդհատ գործուղումների էր մեկնում և նրանք սկսում են ուշ-ուշհանդիպել: 1937 թվականին Ակսել Բակունցի ողբերգական մահը խորապես ցնցում է կնոջը: Սակայն նա դեռ չգիտեր, թե ինչ ճակատագիր էր նախատեսված իր համար:Ժենյա Գյուզալյանին ձերբակալեցին 1939 թ. սեպտեմբերի 15-ին: Նրան մեղադրանք ներկայացվեց հակապետական, հակահեղափոխական գործունեության համար: Ժենյան դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ասում են, որ նա մահացել է բանտում, 1941 թվականի աշնանը: Բակունցի «ալպիական» սերը ընդամենը 38 տարեկան էր…
Դիտվել է 721անգամ
Վերջին լուրեր