Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հուլիս / 2024 : 16-20

Ինքնակենսագրական 5 գիրք, որոնք կսովորեցնեն ձեզ հաղթահարել դժվարությունները

Առաջ շարժվելու և դժվարությունները հաթահարելու համար երբեմն անհրաժեշտ է նայել աշխարհին և հասկանալ, թե մարդիկ, ում կյանքը մեզ իդեալական է թվում, իրականում ինչպես են հասել այդ հաջողություններին և ինչ դժվարությունների միջով են անցել։
Այս ամենը իմանալու լավագույն միջոցը ընթերցանությունն է, ավելի հստակ՝ ինքնակենսագրական գրքերի ընթերցանությունը։ Դրանք ոչ միայն պատմում են հայտնի և հաջողակ մարդկանց կյանքի պատմությունը, այլև տալիս կյանքի խորհուրդներ, մոտիվացիա և նոր երազանքներ։

Yelaket.am-ը ներկայացնում է ինքնակենսագրական 5 գիրք, որոնք ընթերցելուց հետո դուք կգտնեք դժվարությունները հաղթահարելու և առաջ շարժվելու նոր և խելամիտ ուղիներ։
1. Նեյմար

Նեյմարը համարվում է ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստը, ով միջազգային մրցաշարերում 60 գոլի հեղինակ է դարձել՝ մոտենալով Պելեի 77 գոլերի ռեկորդին, որը երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել գերազանցել։ ՊՍԺ-ի հրաշամանուկը 22 տարեկանում արդեն իսկ խաղում էր Բրազիլիայի հավաքականում և խփում ավելի շատ գոլեր, քան Ռիվալդոն ու Ժաիրզինյոն իրենց ամբողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում։Լուկա Կայոլին՝ գրքի հեզինակը, գրել է ոչ միայն Նեյմարի, այլև Մեսսիի և Ռոնալդուի մասին սպորտային բեսթսելլերներ։ Նեյմարի ինքնակենսագրականը պատմում է նրա առաջխաղացման և հաջողության մասին՝ բացառիկ ու ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների և երկրպագուների հետ:Գիրքը պատմում է նաև Աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ ֆուտբոլի նորագույն աստղի ապշեցուցիչ ելույթների, Բրազիլիայի հավաքականի պարտության, որում, թերևս, մեծ դեր է խաղացել Նեյմարի՝ վնասվածքներով պարտադրված բացակայությունը, և «Պարի Սեն Ժերմեն» տրանսֆերի մասին։
2. Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը

Այս գիրքը հրատարակվել է 2006-ի մայիսին՝ ֆրանսերեն լեզվով: Գիրքն առաջին անգամ տարգմանվել է հենց հայերեն լեզվով: Ջորկաեֆը՝ գրքի հեզինակը, գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կյանքի, կարիերայի, Եվրոպայում ապրած տարիների, սկանդալների, SNAKE մականվան, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է նաև Հայաստանին ու Հայաստան կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին:
3. Հիմա մասամբ գիտեմ

Ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած, Ամերիկայում ապրող հայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի մասին։ Նա իր գրքում կիսվում է հուշերով այն մասին, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, տեղափոխվել Անգլիա, ապա՝ ԱՄՆ․ Հարվարդում սովորելու տարիների Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։

Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։ Գրքի առանձին հատված հեղինակը նվիրել է իր՝ հայրենիք այցելելու, իր տպավորությունների և Երևանի մասին։
4․ Becoming. Իմ պատմությունը

Երբ Միշել Ռոբինսոնը փոքր էր, նրա աշխարհը միայն Չիկագոյի Սաութ Սայդ թաղամասն էր, իր երկհարկանի շենքի փոքրիկ բնակարանը, ննջասենյակը, որը կիսում էր եղբոր՝ Քրեյգի հետ: Շուտով նա ընդունվեց Փրինսթոնի համալսարան, որտեղ առաջին անգամ սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում լինել լսարանում միակ սևամորթ կինը։ Հետո սկսեց աշխատել որպես կորպորատիվ իրավաբան ու, մի օր հանդիպելով իրավաբանական ֆակուլտետի ուսանող Բարաք Օբամային, չմտածեց անգամ, որ իր խնամքով մշակած նրա բոլոր ծրագրերը գլխիվայր շուռ էին գալու:

Միշել Օբաման այս գրքում խոսում է նաև իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: «Իմ պատմությունը» գիրքը պատմում է նաև Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, դժվարություններին դիմակայելու մասին : Միշելը մարտահրավեր է նետում ընթերցողին, որպեսզի մտածի ու հասկանա՝ ով է նա և ինչի է ուզում հասնել:
5․ Բազկամարդը

«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել 3 ամիս անց՝ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց հետո։ Նա իր օրինակով ցույց է տալիս, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։

Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։
Դիտվել է 2199անգամ
Վերջին լուրեր