Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2024 : 11-13
Հայկական Գանձակ քաղաքի ջրամատակարարումը
Գանձակի ջրամատակարարման ողջ համակարգը հիմնականում սնվում էր համանուն գետից. «Չորս կամ հինգ մղոնաւ քաղաքիցը վերև բաժանվում են գետիցը տասներկու մեծ առուներ, որոնք ևս բաժանվելով քաղաքի մէջ մինչև վաթսունի չափ, համարեա թէ իւրաքանչիւր բակի միջով անց են կենում: Քաղաքի մէջ կան ջրհորներ, որոնց կէսը լաւ է, կէսը աղահամ: Ժողովրդին լաւ ջուր հասցնելու համար շինուած է էլել Տաճկաց տիրապետութեան ժամանակը, ԺԸ դարու սկզբումը ստորերկրեայ ջրանցք, որի մէջ միաւորվել են լեռնային տեղերից բերուած աղբիւրները. այս ջուրը հասնելիս է էլել մինչև բերդը, բայց երկու ան- գամ մատնվել է աւերման...»1:
Ստորգետնյա ջրերը շահագործելի էր դարձրել Պ. Համասփյուռյանցը. «Յայս քաղաք եբեր զբաւական ջուր ընդ ծոց երկրի պարօն Պօղոսն Համասփիւռեանց և ընկալաւ յամէն ողորմած Կայսերէն Ռուսաց պարգև ոսկեայ մեդալ...»2:
Հայտնի է, որ Նորաշեն թաղամասի բնակչությունը նույնպես օգտվում էր ջրհորների ջրից3: Նանասյանը սեփական ծախսով ջուր էր հասցրել Սբ. Հովհաննես եկեղեցու բակ. նույն ջրից էր օգտվում նաև հիշյալ եկեղեցուն պատկանող բաղնիքը4: Համանման մեկ այլ բարեգործության շնորհիվ 1912 թ. ջուր էր ստացել նաև Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. «Դիւանի գրութեամբ յանձնարարուեց Գանձակի փոխանորդ Տ. Լևոն վարդապետին յայտնել գանձակեցի պ. Աղաջան Օհանեանին Նորին Սրբութեան օրհնութիւնն ու գոհունակութիւնը, որ իւր ծախքով ջուր է տարել տեղի ս. Լուսաւորիչ եկեղեցու գավիթը»5:

1. «Կռունկ Հայոց աշխարհին», 1861, Տփխիս, էջ 361:
2. Ջալալեանց Ս., նշվ. աշխ., մասն Ա, էջ 172:
3. Լալայեան Ե., Գանձակի գաւառ, էջ 301:
4. «Նոր-Դար», 1902, N 49, էջ 3:
5. «Արարատ», 1912, էջ 870:

Նյութն արտատպված է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքից (Երևան, 2004, էջ 38):

Դիտվել է 1146անգամ
Վերջին լուրեր