Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2024 : 11-32
Հայոց Շուշիի հայկական տպարանները
«Տարազ» շաբաթաթերթի 1891 թվականի հունիսի 16-ի համարում կարդում ենք․ «Տպագրութեան արհեստը Շուշում լաւ է դրւած․ այդտեղ կան երկու հարուստ տպարաններ, որոնց մէջ գործում են արագատիպ մեքենաներ։ Կովկասում Շուշին Թիֆլիսից յետոյ առաջին տեղն է բռնում հայերէն գրքերի հրատարակութեան գործում և այդ կողմից նա շատ առաջ է անցել այնպիսի մեծ ու հայաշատ քաղաքից, որպիսին է Բագուն» (Տարազ, 1891, N22):
Մինչև 1920 թվականը Շուշիում գործել է 10 տպարան, որտեղ հրատարակվել է 160 գիրք։
1874-1920թթ․ այստեղ լույս է տեսել 28 անուն թերթ և հանդես, որոնցից 25-ը հայերեն, 3-ը՝ ռուսերեն։ 1891 թվականին Շուշիում կար 3 գրախանութ։

Բողոքական քարոզիչների տպարան ( մոտ 1822-1833)

Շուշիի Բողոքական քարոզիչների տպարանը Հայաստանի տարածքում բացված երկրորդ տպարանն է՝ Էջմիածնի՝ 1771 թվականից գործող տպարանից հետո։ Ենթադրվում է, որ տպարանը սկսել է գործել 1822 թվականից՝ Բազելի «Ավետարանական քարոզչական ընկերության» քարոզիչներ Ավգուստ Դիտրիխի և Ֆիլիցան Զարեմբայի ջանքերով։
Ամերիկացի աստվածաբան Հարիսոն Դուայթը, ով երկար տարիներ ապրել է Արևմտյան Հայաստանում և զբաղվել է հայերիս խնդիրներով 1830 թվականին իր նամակներից մեկում վկայում է, որ քարոզիչները Շուշիում ունեն տպարան, որը գործում է Դիտրիխի ղեկավարությամբ։ Այստեղ տպագրվող հայերեն աշխատությունները ենթարկվում էին գրաքննության՝ նախ Ներսես արքեպիսկոպոսի, ապա Էջմիածնի Սինոդի կողմից․ «Ամենակարևոր աշխատանքը, որը ձեռնարկվել է պ․ Դիտրիխի կողմից, և որից ամենամեծ օգտակարությունն է ակնկալվում Նոր Կտակարանի թարգմանությունն է ժողովրդական հայերենով»,- կարդում ենք նամակում։ Նույն նամակի մեկ այլ հատվածում Դուայթը ներկայացնում է տպարանի փակման պատճառները․ «Այժմ փաստացի գրաքննիչների թշնամական դիմադրության պատճառով տպարանի աշխատանքները բոլոր բաժիններում դադարեցված են։ Այսպես հայկական հիերարխիայի ներկայացուցիչները ռուսական օրենքների օգնությամբ և պապական իշխանության հոգով ու դաժանությամբ գործի են դնում իրենց իշխանությունը (աղբյուրը՝ Researches of the Rev. E. Smith and Rev. H.G.O. Dwight in Armenia, Boston, 1833, նամակը՝ էջ 71-91)
Ի վերջո, 1833 թվականին տպարանը փակվում է՝ հասցնելով լույս ընծայել միայն 22 գիրք։

Արցախի հոգևոր թեմի տպարան (1837-1902)

1830-ական թվականներին կառավարության հրամանով Շուշիում արգելվում է բողոքականների քարոզչական, ուսուցչական ու տպագրական գործունեությունը։ Քարոզիչների տպարանը ձեռք է բերում Արցախի թեմի առաջնորդ Բաղդասար Մետրոպոլիտը և այն հատկացնում Հոգևոր դպրոցին՝ վերանվանելով «Հայոց հոգևոր տեսչության տպարան»։
1837 թվականին այս տպարանում լույս է տեսնում առաջին գիրքը՝ Ջ․ Բայրոնի «Շիլիոնեան կալանաւորը» (թարգմանիչ՝ Մ․ Զոհրապյան)։ Գիրքի տիտղոսաթերթի վրա գրված էր․ «Վիճակաւոր առաջնորդին Ղարաբաղու բարձր սրբազան մետրոպոլիտի Բաղդասարայ»։
Տպագրությունն ընթանում է մինչև 1840 թվականը՝ հրատարակելով 11 գիրք։
1853 թվականի ապրիլին Բաղդասար մետրոպոլիտը տպարանը կտակում է Արցախի թեմի վիճակային ատյանին (կոնսիստորիա)։ Հինգ տարի անց թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Վեհապետյանը մոսկվայաբնակ հայ բարեգործ Հովհաննես Հովնանյանի աջակցությամբ վերազինում է տպարանը և այն անվանում Սբ․Էջմիածնի տպարան՝ դնելով Վիճակային ատյանի իրավասության ներքո։ 1858-1863 թթ․այստեղ հրապարակվում է 3 գիրք։
1863-73 թվականներին տպարանի կարգավիճակը բազմիցս փոխվում է․ նախ այն վարձով աշխատեցնում է տպագրիչ Մինաս Տարղլիճյանցը, ապա՝ Խաչատուր քահանա Ղալաբեկյանը, Ավետիս Թառումյանը և Բաբաջան Գրիգորյանը։
1873 թվականի սեպտեմբերին Հոգևոր դպրոցի նորանշանակ տեսուչ Խորեն վարդապետ Ստեփանեն սկսում է «․․․ կիսակենդան տպարանն վերանորոգել, որ «Հայկական աշխարհն» շարունակէ» (Շահունեանց Վահան, Նամակ Շուշուց, «Մշակ», 1873, համար 41)։ Նա ոչ միայն կյանքի է կոչում տպարանը, այլև 1874 թվականից կարողանում է վերսկսել «Հայկական աշխարհ» ամսագրի՝ 1871թ-ից դադարեցված տպագրությունը։
1893 թվականից տպարանի գործերն աստիճանաբար սկսում են վատանալ և այն վերջնականապես փակվում է։ 1864-1902 թթ․ընթացքում տպարանում հրատարակվում է 37 գիրք։
Հրապարակված գրքերին ցանկին կարող եք ծանոթանալ «Հայ գիրքը 1801-1850 թվականներին» և «Հայ գիրքը 1851-1900 թվականներին» գրքերում։

Մինաս Տարղլիճյանցի տպարան (1854)

Շուշիում գործած երրորդ տպարանը, որը գոյություն է ունենում միայն մեկ տարի, հիմնադրում է Մինաս Տարղլիճյանցը։ Այստեղ տպագրվել է ընդամենը երկու գիրք։ Ի դեպ, Տարղլիճյանցը 1851 թվականին տպարան էր բացել նաև Շամախիում։
Մինաս Տարղլիճյանցի հրատարակած գրքերի ցանկը՝

Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ, 1854, 523 էջ։
Նորահիւս Էֆիմերտի, 1894, 495 էջ։
Հ․ Ս․ Հովնանյանցի տպարան (1870)
Հովնանյանցի բացած տպարանը, ցավոք, ևս ունենում է կարճ կյանք․ այն գործում է միայն բացման տարում և հրատարակում ընդամենը մեկ գիրք՝ «Աւետարան տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի», 1870, 280 էջ։
Միրզաջան Մահտեսի-Հակոբյանցի տպարան (1879-1900)

Մահտեսի-Հակոբյանցի տպարանը բացվում է 1879 թվականին։ Նույն տարում լույս է տեսնում ամերիկացի հայտնի պատմաբան, քիմիկոս Ջոն Վիլյամ Դրեպերի «Պատմութիւն մտաւոր զարգացման Եւրոպիոյ» ուշագրավ աշխատությունը (ըստ որոշ աղբյուրների գիրքը լույս է տեսել 1881 թվականին)։
Տպարանի ստեղծման և հետագա գործունեության մասին հետաքրքիր հուշեր է ներկայացրել Արցախի հրատարակչական գործին, և ընդհանրապես, մշակույթի պատմությանը քաջածանոթ Պետրոս Զաքարյանը․ «Կառավարական ապարատի օրավուր բարդացումը և ճյուղավորումը, հասարակական, դպրոցական, վաճառականական պահանջներն առաջ բերին տպարանի անհրաժեշտությունը։ Շուտով Բաքվից աքսորից վերադարձավ Մահտեսի-Հակոբյանցը, իր տան կից հատուկ շենքում հիմնադրեց տպարան, որտեղ աշխատում էին իր որդիները։ Նոր տպարանը բարգավաճում էր իր հիմնելու օրից։ Ի միջի այլոց այստեղ իր գրական մկրտությունն ստացավ մեր գրող Լեոն, որը տպարանի առաջին սրբագրողն էր․ այստեղ սկսեց իր հրատարակչական գործունեությունը Տիգրան Նազարյանը, հրատարակելով Սենկևիչի «Պոզնանի ուսուցչի օրագրից» պատմվածքը։ Այստեղ երիտասարդ վաչառական Աբել Ապրեսյանը կատարեց Րաֆֆու «Խենթի» առաջին տպագրությունը և այլն» (Նորք, 1922, N1, էջ 83, համարը՝ այստեղ)։ Նշենք, որ սա «Խենթ»-ի առաջին ամբողջական հրատարակությունն էր։
Իր «Խենթը» գործի Շուշիի տպագրության մասին Րաֆֆին հիշատակում է վերինագուլիսցի բարեգործ Մելքոն Փանյանին ուղղված նամակում․ «Շուշիից «Խենթի» առաջին թերթերը ուղարկել էին ինձ տեսնելու համար, թուղթը բավական լավն է և տպագրությունը մաքուր, երևում է, որ այնտեղի տպարանը այժմ փոքրիշատե կանոնավորված է» (Րաֆֆի, հատոր 10, 1964, էջ 548)։
Մահտեսի-Հակոբյանցի տպարանում են առաջին անգամ հայերեն հրատարակվում Գոգոլի «Տարաս Բուլբան», Մանուկ Աբեղյանը «Նմուշներ» բանաստեղծությունների ժողովածուն, «Դավիթ և Մհեր, ժողովրդական դյուցազնական վեպ» աշխատությունը, Ֆիրդուսու «Ռուստամ և Զոհրաբը»՝ Սամվել Գյուլզադյանի թարգմանությամբ և այլն։
Ըստ ամենայնի, 1896 թվականին հենց այս տպարանում է Երվանդ Լալայանի խմբագրությամբ լույս տեսնում «Ազգագրական հանդէսի» առաջին համարը, որն այնուհետև շարունակվում է Թիֆլիսում՝ Ռոտինյանցի տպարանում։
Մահտեսի-Հակոբյանցի տպարանը ոչնչանում է 1905 թվականին՝ Շուշիի հրդեհի ժամանակ։ Իր գոյության 25 տարիների ընթացքում այստեղ հրատարակվում է 54 գիրք և 1 հանդես։ Գրքերի ամբողջական ցանկն այստեղ (http://37.26.174.103/gsdl/collect/publishe/index/assoc/HASH01ab/ac2baa9f.dir/Mirzajan%20Mahtesi_Hakobjanci.pdf):

Եղիսաբեթ Մ․ Մահտեսի-Հակոբյանցի տպարան (1901-1904)Ենթադրվում է, Միրզաջան Մահտեսի Հակոբյանի դուստրն է, որը հոր տպարանում լույս է ընծայել 4 գիրք: Ցանկն՝ այստեղ (http://37.26.174.103/gsdl/collect/publishe/index/assoc/HASH01ab/ac2baa9f.dir/Mirzajan%20Mahtesi_Hakobjanci.pdf): Բագրատ Տեր-Սահակյանցի տպարան (1901-1917)Տպարանի հիմնադիրը Շուշիի թեմական դպրոցի թվաբանության ուսուցիչ Տեր-Սահակյանցն է։ Ըստ որոշ աղբյուրների՝ տպարանն իր գործունեությունը սկսել է 1880-ական թթ․ վերջում՝ Մահտեսի-Հակոբյանցի տպարանին զուգահեռ։ Մինչև 1917 թվականն այստեղ լույս է տեսնում 20 գիրք և մեկ թերթ՝ «Փալյլակ» անվամբ։ Գրքերի ցանկն՝ այստեղ (http://37.26.174.103/gsdl/collect/publishe/index/assoc/HASHada8.dir/B.TER_SAHAKYANCI.pdf):Մելքում Բաբաջանյանի տպարան (1910-1919)Տպարանը գործել է «Շուշիի Թամիրյան փողոցի վրա գտնվող Յաղուբյանների տանը»։ Այստեղ է տպագրվել բժիշկ, հրատարակիչ Նիկողայոց Յարմիշյանի «Ղարաբաղ» գրական-հասարակական եռօրյա թերթը, որի փաստացի խմբագիրը Վրթանես Փափազյանն էր։ Թերթը հրատարակվել է 1911թ. սեպտեմբերի 13-ից մինչև 1912թ․ օգոստոսը (ընդհանուր 74 համար)։ Այստեղ են տպագրվել նաև «Կոկոն»,«Կռունկ»,«Ծիծաղ», ինչպես նաև ռուսերեն «Шушинская жизнь» պարբերականները և այլն։ Ի դեպ, 1917 թվականին, երբ հրատարակվում էր «Նեցուկ» թերթը, տպարանն ուներ միայն մեկ աշխատակից՝ գրաշար-տպագրիչը։ Մելքում Բաբաջանյանի տպարանում հրատարակված գրքերի ցանկն այստեղ (http://37.26.174.103/gsdl/collect/publishe/index/assoc/HASH9c6b.dir/M._BARAJANOVI.pdf): ***2009 թվականին հրատարակված «Դպրոցական մեծ հանրագիտարանում»՝ Շուշիին նվիրված հոդվածում, կարդում ենք․ «Ըստ քաղաքի նոր՝ 2007 թ-ի հատակագծի՝ նախատեսվում է Շուշին մինչև 2020թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն»: 2020 թվականին ճակատագրի հեգնանքով հայկական Շուշին հռչակվեց որպես «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»։ Եվ այժմ, վստահաբար՝ ժամանակավորապես, գրավված Շուշին մեզ համար դարձել է դավաճանության ու վրեժի խորհրդանիշ՝ հույսով, որ մոտ ապագայում այն կրկին կդառնա Հաղթանակի խորհրդանիշ ու կվերականգնի իր երբեմնի դերը։Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ, azg.am
Դիտվել է 1375անգամ
Վերջին լուրեր