Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2024 : 17-13
«Ինձ թողեք այստեղ». լույս է տեսել բանաստեղծ Հայկ Սիրունյանի երրորդ գիրքը
Լույս է տեսել ժամանակակից բանաստեղծ, գրականագետ Հայկ Սիրունյանի երրորդ՝ «Ինձ թողեք այստեղ» բանաստեղծական ժողովածուն (Երևան, «Մագաղաթ» հրատ, 2024, 176 էջ):
Ժողովածուն, որը կազմվել է գրականագետ Սևակ Ղազարյանի և խմբագրվել բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի կողմից, ամփոփում է Հայկի՝ վերջին շրջանի բանաստեղծությունները, որոնք թեմատիկ առումով թեպետ բազմազան են, բայց ներքին կապով միաձուլված են իրար և, կարելի է ասել, այն չափածո պատումնաշար է:

Yelaket.am-ի հետ զրույցում Հայկ Սիրունյանն ասաց, որ գրքում գրված ամեն ինչ կյանքի մասին է.
«Ինչպես նախորդ ժողովածուները, այս մեկն էլ կյանքի մասին է, կյանքի մասին՝ բոլոր իմաստներով: Այս ժողովածուում ապրում են իմ շրջապատի մարդիկ, ընկերներս, հարզատներս, Երևանը, Հայաստանը, որոնք ինձ համար հենց կյանքի խորհրդանիշերն են, կյանքի իմաստներն են: Այդ առումով, այո, այս ժողովածուն կյանքի մասին է, դրա համար էլ այն վերնագրված է «Ինձ թողեք այստեղ», որովհետև ես սիրում եմ այս կյանքը, բայց կառչած չեմ դրանից, և, առհասարակ, ես ոչնչից կառչած չեմ»,- ասաց Հայկը՝ նշելով, որ, հավանաբար, աշնանը տեղի կունենա գրքի շնորհանդեսը:

«Գրքիս հիանալի խմբագրության և լավ կառուցվածքի համար շնորհակալ եմ Խաչիկ Մանուկյանին ու Սևակ Ղազարյանին»,- նշեց բանաստեղծը՝ ընդգծելով, որ մեր օրերում շատ կարևոր է նաև գրքի կազմի, տառաչափի, դիզայնի ընտրությունը, «դե, իսկ լավ խմբագրի մասին խոսք լինել չի կարող»:

Մեր խնդրանքով բանաստեղծն անդրադարձավ նաև ժամանակակից գրականության խնդիրներին.
«Թույլ տվեք շատ չխոսել այդ մասին: Այո, խնդիրներ կան, և ընդունելի են որոշ քննադատություններ, բայց, խնդրում եմ, քննադատությունը չշփոթենք բամբասանքի հետ: Երբ խոսվում է գրականության խնդիրների մասին, պետք է առաջին հերթին հասկանալ, թե ով կամ ովքեր են խոսում, ովքեր են այդ «ովքեր»-ը և ինչ իրավունքով են խոսում՝ ընթերցողի՞, քննադատի՞, թե՞ այլ: Թե չէ, կան դեպքեր, երբ գրականության խնդիրների մասին խոսում են մարդիկ, ովքեր տեղով խնդիրների «կապոց» են գրականության համար: Լավ, պայմանավորվեցինք երկար չխոսել, բայց խոսեցինք, մանավանդ, որ բոլորովին այլ բանի համար էիք զանգել, բայց ձեր հարցով խոսկացությունը հեռացրիք բուն թեմայից»:

Անդրադառնալով հաջորդ գրքի մասին մեկ ակնարկին՝ Հ. Սիրունյանը հումորով պատասխանեց.
«Այս մեկն արդեն կարդացե՞լ եք»:

Մեր հարցին, թե տպագրությունից հետո, երբ տեսել է գիրքը, ցանկություն առաջացե՞լ է ինչ-որ բան փոխել այնտեղ, թե ոչ, բանաստեղծը պատասխանեց.

«Այո, կցանականայի, բայց, ափսոս, հնարավոր չէ: Այս ժողովածուի մեջ բանաստեղծություններ կան, որոնք նվիրված են թանկ մարդկանց, այդ թանկ մարդկանցից ոմանք, ցավոք, երկնքում են, ես նրանց մասին գրել եմ արյունով, քրտինքով, զգացմունքների մաքառումով, և, եթե մի հնար լիներ, մի հրաշք լիներ, կուզենայի նրանց մի անգամ էլ տեսնել, տեսնել, որ ապրում են այստեղ, մեր աշխարհում, զգալ որ սխալվել եմ ես, ու, այո, սիրով կխմբագրեի Վարդան Ամալյանին ու Վաչագան Մանուկյանին նվիրված բանաստեղծություններս...: Կուզենայի այլ կերպ, այլ բովանդակությամբ գրել նաև հորս մասին, ով իմ՝ ինձանից կես դար մեծ ընկերն է: Կուզենայի աշնանը նրան տեսնել այս գրքի շնորհանդեսին, բայց, ձմռանը ես կնշեմ նրա 75-ամյակը՝ առանց նրա: Կուզենայի, որ նա իմ ներկայությամբ կարդար այս գիրքն ու հայրական-պոետական նկատողություններ աներ, բայց նա, հազար ափսոս, հիմա ինձ կարդում է վերևից ու... ժպտում»,- եզրափակեց Հայկ Սիրունյանը

Դիտվել է 18089անգամ
Վերջին լուրեր