Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Օգոստոս / 2024 : 16-46

Հայազգի ճարտարապետները՝ Բաքվի ճարտարապետական դիմագծի ստեղծման գործում

Նշված նյութը ներկայացնելու դրդապատճառ է հանդիսացել վերջերս լրատվական կայքերով ցուցադրված՝ Շուշիում Ադրբեջանի Նախագահի կողմից ծագումով ադրբեջանցի մշակութային գործիչների գեղագիտական կասկածելի որակի արձանների բացման արարողությունը: Ցավոք, նշված փաստը չլուսաբանվեց և հանրությունն անտեղյակ մնաց թե՛ այդ դեմքերի ինքնության և թե՛ Շուշիի մշակութային կենսագրությանը նրանց առնչության վերաբերյալ:
Սակայն կատարվածը ակամայից հուշում է, որ Ադրբեջանի Նախագահը օգնության կարիք ունի շուշիաբնակ իր հայրենակիցներից նշանավոր դեմքեր փնտրելու և պեղելու հարցում:
90-ականների սկզբին ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Էդմոն Տիգրանյանի կողմից հրատարակվել է «Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. XIX դարի վերջ – XX դարի սկիզբ» աշխատությունը: Էդմոն Տիգրանյանը (1911-1994թթ.) հայ անվանի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին էր: Իր ուսումնառությունը ստացել էր Սանկտ-Պետերբուրգում, աշխատել էր Թբիլիսիում՝ ականավոր ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելովի արվեստանոցում, այնուհետև 1940թ-ից` Երևանում: Էդմոն Տիգրանյանը Երևանում և Թբիլիսիում կառուցված մի շարք նշանակալի բնակելի և հասարակական շենքերի, ինչպես նաև 100-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է (Երևանի երկաթուղային կայարանի, Երևանի Պետական Համալսարանի, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի համալիրների, Արևմտյան օդանավակայանի և այլն)։
Ես պատիվ եմ ունեցել աշխատել նրա հետ, լինել նրան մտերիմ սաներից մեկը, ինչպես նաև մի քանի գործընկերների հետ միասին օժանդակել նրան այդ նյութերի հավաքման, մշակման և հետագայում նաև հրատարակման հարցում, ինչի մասին հեղինակի կողմից գրքում կա հիշատակություն:
Նշված գիտական աշխատությունում առանձին գլխով քննության են ենթարկվում XIX-XX դարերի Բաքվի քաղաքաշինական կերպարի ձևավորմանն առնչվող խնդիրները: Միևնույն ժամանակ, այս հետազոտությունը արժեքավորվում է հիշյալ տարածաշրջանի հայոց կյանքի տարբեր կողմերը դիտարկելու տեսանկյունից: Կարևոր է նշել նաև, որ Բաքվի զարգացմանը նպաստել են հայազգի մեծահարուստներ՝ Ա.Մանթաշյանի, Պ.Տեր-Ղուկասյանի, Մ.Արամյանցի, Բուդաղյան եղբայրների, Ադամյանների և այլոց մեծահարուստների դրամական ներդրումները:
Ստորև ներկայացնում եմ հայազգի, այդ թվում՝ ծնունդով Շուշեցի (Ռուսաստանում մասնագիտական կրթություն ստացած) մի շարք ճարտարապետների, որոնց ստեղծագործական մտքի և կարողության շնորհիվ Բաքուն գավառական քաղաքից վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական և արդյունաբերական կենտրոնի:

1. Գաբրիել Միքայելի ՏԵՐ-ՄԻՔԵԼՅԱՆ (ՏԵՐ-ՄԻՔԵԼՈՎ, 1874-1949թթ.), սերում է Արցախից: 1893-1899թթ-ին սովորել և ավարտել է Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարապետների ինստիտուտը, ստանալով քաղաքացիական ճարտարագետ-ճարտարապետի որակավորում: 1899թ-ին մեկնում է Բաքու, որտեղ աշխատում է մինչև 1912թ-ը:

Ճարտարապետի հեղինակած աշխատանքներից են.

Բաքվի մեծահարուստ Յուզբաշյանի կառուցված երկհարկանի բնակելի առանձնատունը (1900-1901թթ.), որտեղ հաշվի են առնված հայկական կենցաղի առանձնահատկությունները՝ Անդրկովկաս մուտք գործած բնակարանաշինության եվրոպականացման ձգտումների զուգակցմամբ.
Թիֆլիսի առևտրային դրամատան Բաքվի բաժանմունքի շենքը (1901թ, ճարտարապետ Ա.Կալգինի հետ համատեղ).
Ադամյան եղբայրների բնակելի շենքը (1908-1909թթ, Բարատինսկայա փող.).
Թաղիև եղբայրների եկամտաբեր տները (1909-1911թթ.)
Սադիխովների եկամտաբեր բնակելի տունը (1909-1912թթ.), որի ճարտարապետական լուծումները հիմք հանդիսացան հետագայում Ադրբեջանի խորհրդային շրջանի ճարտարապետության կազմավորման գործընթացում.
Առևտրային ուսումնարանի շենքը (1904թ.).
Բաքվի հասարակական հավաքույթի ամառային ակումբը (1910-1912թթ, այժմ՝ Ադրբեջանի ֆիլհարմոնիա).
Պետական դրամատան համալիրը, և դրամատան աշխատակիցների բնակելի տունը (1926թ.).
Պետհրատի շենքը.
Ֆիզիոթերափեվտիկ ինստիտուտի համակառույցը (1928-1935թթ, պոլիկլինիկա, ջրաբուժարան, հիվանդանոց), որը 1937թ-ի Փարիզյան միջազգային ցուցահանդեսում արժանացել է «Գրան պրի» և ոսկե մեդալի:

Սադիխովների եկամտաբեր բնակելի տունըԹաղիև եղբայրների եկամտաբերի եկամտաբեր բնակելի տունըԹիֆլիսի առևտրային դրամատան Բաքվի բաժանմունքի շենքըՊետական դրամատան աշխատակիցների բնակելի տունըՖիզիոթերափեվտիկ ինստիտուտի համակառույցը Բաքվի հասարակական հավաքույթի ամառային ակումբը (ներկայումս՝ Բաքվի պետական ֆիլհարմոնիայի շենքը)
2. Վարդան Ստեփանի ՍԱՐԳՍՅԱՆ (1875-1955թթ.), ծնվել է Շուշիում, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթությունը: 1894թ-ին ընդունվում է Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարապետների ինստիտուտի ճարտարապետական բաժինը, որն ավարտում է 1901 թ-ին, ստանալով քաղաքացիական ճարտարապետի մասնագիտություն, որից հետո մեկնում է Մոսկվա՝ արվեստանոցներից մեկում բնակելի և հասարակական շենքերի նախագծման աշխատանքներին մասնակցելու նպատակով: 1907թ-ին տեղափոխվում է Բաքու և, որպես արդեն փորձված մասնագետ, ստանում բազմաթիվ պատվերներ: Այստեղ է սկսվում նրա նախագծային գործունեության առաջին նախահեղափոխական փուլը (1907-1917թթ.): Վ.Սարգսյանի նախագծերով կառուցված առաջին իսկ շենքերը գրավում են Բաքվի գործարար շրջանների ուշադրությունը: Այս հանգամանքը որոշիչ նշանակություն է ունենում նրա հեղինակության աճման համար, ինչը նպաստում է պետական պատվերների ավելացմանը:

Վ.Սարգսյանի հեղինակած շենքերից են.

Չորսհարկանի բնակելի տունը (1908թ, Կրասնովոդսկայա փողոցի անկյունում).
Միրզաբեկյան եղբայրների յոթհարկանի եկամտաբեր տունը (1908թ, Բաքվի կենտրոնական փողոցներից մեկի վրա՝ Նիկոլաևսկայա մայրուղում): Միրզաբեկյանների տունը ճարտարապետի լավագույն ստեղծագործություններից է՝ Նիկոլաևսկայա փողոցի կառուցապատման գեղարվեստական կերպարի կազմավորման շեշտերից մեկը.
Միրզաբեկյան եղբայրների քառահարկ շենքը (1911թ, ծովափնյա պուրակի հարևանությամբ գտնվող հրապարակում).
Տիգրան Մելիքովի առանձնատունը (Մոլոկանսկայա փող, 1922թ-ից՝ Ադրբեջանի հանքարդյունաբերողների միության տուն, այնուհետև՝ Պիոներների պալատ)՝ կառուցված նեոկլասիցիզմի ոճով.
Համբարձում Մելիքովի բնակելի տունը (1910-1915թթ, Մոլոկանսկայա փող.).
Նաֆթարդյունաբերողների հանգստի տան շենքը Մարդակյան ավանում (1930թ.).
Կոմպոզիտորների տունը.
Մասնակցություն՝ «Իսմաիլի» շենքի վերակառուցման աշխատանքներին: Շենքն այրվել է 1918թ. մարտին.
Արական գիմնազիայի եռահարկ շենքը (Կրասնովոդսկայա փող.) և մի շարք այլ բնակելի և հասարակակա նշանակության շենքեր:


Միրզաբեկյան եղբայրների յոթհարկանի եկամտաբեր տունը (1908թ, Նիկոլաևսկայա մայր.)Տիգրան Մելիքովի առանձնատունը (Մոլոկանսկայա փող.)Համբարձում Մելիքովի տունը (1910-1915թթ.Մոլոկանսկայա փող.) Չորսհարկանի բնակելիտուն (1908թ,Կրասնովոդսկայա փող. անկյունում)Տիգրան Մելիքովի առանձնատունը (Մոլոկանսկայա փող, 1922թ-ց՝ Ադրբեջանի հանքարդյունաբերողների միության տուն, այնուհետև՝ Պիոներների պալատ)
3. Նիկողայոս Գևորգի ԲԱԵՎ (1875-1949թթ.), ծնվել է Աստրախանում, սովորել է տեղի գիմնազիայում, որն ավարտելուց հետո, 1896թ-ին մեկնում է Պետերբուրգ և ընդունվում Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարապետների ինստիտուտ, որն ավարտում է 1901 թ-ին և ճարտարագետ-ճարտարապետ որակավորումով տեղափոխվում է Բաքու, որտեղ զբաղվում է մասնավոր գործունեությամբ: 1911-1918 թվականներին Բաևը՝ Բաքվի գլխավոր ճարտարապետն է: Նրա նախագծերով Բաքվում կառուցվել է 100-ից ավելի շենք:

Ն. Բաևի գործերից են.

Հյուսիսային դրամատան երկհարկանի շենքը՝ կառուցված «մոդեռն» ոճով.
Մաիլյան եղբայրների պատվերով կառուցված Թատրոնի շենքը 2110 հանդիսատեսի համար (1910-1911թթ.): Իր տեխնիկական առավելությունների շնորհիվ Մաիլյանների թատրոնը մինչ օրս էլ գործում է, բավարարելով բարդ տեխնոլոգիա ունեցող արվեստի պահանջները, որպիսին է օպերայի և բալետի թատրոնը.
Քաղաքային հիվանդանոցի համակառույցի վիրաբուժական բաժանմունքի մասնաշենքը (Մ.Նագիև-Սեմաշկոյի անվ. Հիվանդանոց, 1914-1916թթ.).
Ծովափնյա համալիրը՝ լողավազաններով, բնակելի համարներով, առողջապահական միջոցառումների և ժամանցի անցկացման համար նախատեսված սենքերով (1911-1914թթ.): 1950-ականներին քանդվել է.
Ռուս-պարսկական տոնավաճառի համակառույցը (1925թ.)՝ ներքին բակերի շուրջը դասավորված բազմաթիվ մասնաշենքերի համակարգ: Ելնելով համակառույցի բովանդակությունից, ճակատային լուծումներում ճարտարապետն օգտագործել է մուսուլմանական արևելքի ճարտարապետական ավանդույթները.
Երկաթգծի «Սաբունչի» կայարանի շենքը (1925թ.).
Շերեմետևների և Սելիմհանովների եկամտաբեր տները.
Բնակելի թաղամաս Արմենիքենդում և այլ շենքեր:
Բացի խոշոր հսարակական շենքերից, Ն.Բաևը կառուցել է նաև մի շարք բնակելի տներ, ինչպես նաև ուսումնական հաստատությունների շենքեր, որոնք մինչ օրս էլ զարդարում են հին Բաքվի թաղամասերը:

Բաքվի Ախունդովի անվ. Օպերայի և բալետի թատրոնի շենքըԵրկաթգծի «Սաբունչի» կայարանի շենքը Ռուս-պարսկական տոնավաճառի համակառույցը Ծովափնյա լողավազանի համալիրը (տեսարան ծովից) Հյուսիսային դրամատան երկհարկանի շենքը
4. Հովհաննես Մաթևոսի ՔԱՋԱԶՆՈՒՆԻ (ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, 1868-1937թթ.), ծնվել է Ախալքալաքում, հոգևորականի ընտանիքում: 1887թ-ին մեկնում է Պետերբուրգ և ընդունվում Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարապետների ինստիտուտ, գերազանցության դիպլոմով ավարտում է 1893թ-ին: 1893-1895թթ-ին աշխատում է Բաքվի նահանգային վարչության շինարարության բաժնում, 1899-1906թթ-ին՝ «Բաքվի նավթարդյունաբերողների համագումարի խորհրդում»՝ որպես ավագ ճարտարագետ: 1918 թվականին նա դառնում է Հայաստանի առաջին վարչապետը:

Հ.Քաջազնունու գործերից են.

Բաքվի նավթահանքերի շրջաններում (Բալախան, Բիբի-Էյբաթ, Սաբունչի) հիվանդանոցի շենքը, բնակելի տներ.
Հյուրանոցի շենք Բալախան քաղաքատիպ ավանում.
Բաքվի սրբ. Թադեոս և Բարդուղիմեոս հայկական եկեղեցին (1909թ.): Եկեղեցու շինարարությունն ավարտում է Բաևը, սակայն այն քանդել են 1937թ-ին: Հետագայում եկեղեցու հիմքի վրա կառուցվել է Պետական ​​կոնսերվատորիայի շենքը, որը հիմքում ունի խաչի ձև:
Բաքվի սրբ. Թադեոս և սրբ. Բարդուղիմեոս հայկական եկեղեցին
5. Ֆրեյդուն Հակոբի ԱՂԱԼՅԱՆ (1876-1944թթ.), ծնվել է Շուշիյում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի Քաղաքացիական ճարտարագետների կայսերական ինստիտուտի ճարտարապետական ​​բաժինը, որն ավարտել է 1903 թվականին և տեղափոխվել Բաքու: 1903-1911 թվականներին Ֆ.Աղալյանը զբաղեցրել է Բաքվի քաղաքային ճարտարագետի տեղակալի պաշտոնը, իսկ 1920-ին ՝ Բաքվի Պոլիտեխնիկական ինստիտուտի առողջապահական տեխնոլոգիաների բաժնի վարիչի պաշտոնը: Դասավանդել է Բաքվի արդյունաբերական տեխնիկումում և Պոլիտեխնիկական ինստիտուտում (1917-1921թթ.): 1903-1921 թվականներին հանդիսացել է Բաքվի և Կովկասի այլ քաղաքների մի շարք շենքերի հեղինակ:

1921 թվականին Ֆ.Աղալյանը տեղափոխվում է Երևան և գլխավորում «Քանաքեռշինի» ճարտարապետական ​​բաժինը (1930-1936թթ.): Նա Քանաքեռ ՀԷԿ-ի և Երևանի մի շարք շենքերի հեղինակ է:

Ֆ.Աղալյանի հիմնական աշխատանքները Բաքվում.

– Բնակելի թաղամասի կառուցապատում՝ Նագորնի շրջանում.

– Գանձապետարանի և Գանձապետական ​​պալատի շենքը.

– Ծննդատան շենքը (այժմ ՝ քաղաքային հիվանդանոց).

– Գիմնազիայի շենքը.

– «Բանվորների տան» շենքը.

– Երկաթուղային կամուրջ:

6. Աննա Սարգսի ՕԼԹԵՑՅԱՆ՝ ծնվել է Բաքվում 1917 թվականին: 1935 թվականին ընդունվել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը, որը գերազանցությամբ ավարտել է 1941 թվականին, ստանալով ճարտարապետ-ճարտարագետի որակավորում: Միաժամանակ ընդունվել է Գեղարվեստի դպրոց, որն ավարտել է 1945 թվականին՝ թատրոնի բեմանկարիչ մասնագիտությամբ: 1945-1990 թվականներին աշխատել է «Ազգոսպրոյեկտ» նախագծային ինստիտուտում՝ ակադեմիկոս Միքայել Ուսեյնովի արհեստանոցում: 1990 թվականին տեղափոխվել է Մոսկվա:

Աննա Օլթեցյանը Բաքվի և հանրապետության այլ քաղաքներում բազմաթիվ բնակելի և հասարակական նշանակության շենքերի հեղինակ է, մասնավորապես.

6 հարկանի բնակելի շենքեր Նեֆտյանիկների և Կիրովի պողոտաներում.
Ադրբեջանի պետական ​​կոնսերվատորիայի օպերային ստուդիայի շենքը.
500 տեղանոց հյուրանոցի շենք՝ Կասպից ծովի ափին, Նաբրան քաղաքում (նախագիծ).
Աննա Օլթեցյանը Մ.Ուսեյնովի հետ համահեղինակությամբ նախագծել է մի շարք բնակելի և հասարակական շենքեր.

Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի շենքերի համալիրը.
Բնակելի շենքեր (Նեֆտյանիկների պողոտա, Նիզամի փողոց և Լենինի հրապարակ).
«Ինտուրիստ-Ադրբեջան» հյրանոց և Լենինի հրապարակի վրա արհմիությունների հյուրանոց «Ափշերոն»:

«Ափշերոն»:Բնակելի շենքեր Նեֆտյանիկների պողոտայումԲնակելի տուն Նեֆտյանիկների պողոտայումԱդրբեջանի Գիտությունների ակադեմիայի շենքերի համալիրը
Հ.Գ. Տեքստում հիշատակված փողոցների անվանումները համապատասխանում են դրանց նախախորհրդային շրջանի անվանմանը:

Ծնունդով Շուշեցի են նաև հետևյալ հայ մեծանուն ճարտարապետները.

Սիմոն ՏԵՐ–ՀԱԿՈԲՅԱՆՑ՝ Շուշիի ամենահայտնի ճարտարապետներից էր, բազմաթիվ շենքերի հեղինակ, որոնցից ամենանշանակալին՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Հայ Առաքելական եկեղեցին է (1868-1887թթ.).

Ղազարոս Հակոբի ՍԱՐԳՍՅԱՆ (1874-1960թթ.)՝ ճարտարապետական գործունեությունը ծավալել է հիմնականում Թիֆլիսում, այնուհետև՝ Լենինականում (Գյումրի).

Պողոս Ալեքսանդրի ԶՈՒՐԱԲՅԱՆ (1874-1942թթ.)՝ ճարտարապետական գործունեությունը ծավալել է Մոսկվայում, ապա Թիֆլիսում և Երևանում.

Քրիստափոր Բոգդանի ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ (1875-1917թթ.)՝ ճարտարապետական գործունեությունը ծավալել է Թիֆլիսում.

Սամվել Առաքելի ՍԱՖԱՐՅԱՆ (1902-1969թթ.)՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր ճարտարապետ, ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս: Ս.Սաֆարյանը հեղինակ է բազմաթիվ նշանակալից շենքերի, ինչպիսիք են` Հայկական ԽՍՀ տաղավարը Մոսկվայի Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում (1939թ, Կ.Հալաբյանի հետ համատեղ), Հայկական ԽՍՀ Կառավարության երկրորդ տունը (ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենք), Բժշկական և Գյուղատնտեսական ինստիտուտների շենքերը, ՀՀ ԳԱ շենքերի համակառույցը և մի շարք այլ կառույցների՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում:

Գանձակում (Ելիզավետպոլ, այնուհետև՝ Կիրովաբադ) է ծնվել հայ ականավոր ճարտարապետ Կարո Սիմոնի ՀԱԼԱԲՅԱՆԸ (1897-1959թթ.)՝ ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ ճարտարապետների միության պատասխանատու քարտուղար, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ, Ճարտարապետների միջազգային միության հիմնադիրներից: Ճարտարապետական գործունեությունը ծավալել է Երևանում, Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում:

Հուսով եմ, որ Իլհամ Ալիևը, ում տիկինը՝ Մեհրիբան Ալիևան դեռևս 2004 թվականից հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանը, վերը նշված հայազգի ճարտարապետների արձանները նույնպես կտեղադրի Շուշիում, որպես երկու ժողովուրդների միջև «միջմշակութային երկխոսության ու համակեցության» ներդրման առաջին քայլ:

Համոզված եմ նաև, որ նշված շարքը կլրացնեն մշակույթի, գիտական և քաղաքական ոլորտների գործընկերները՝ ներկայացնելու իրենց ասպարեզում Շուշիում ծնված հայ ժողովրդի մեծանուն զավակներին: Դրանով իսկ վերջ կդրվի վերացական և անիմաստ խոսակցություններին այն մասին՝ թե ժողովուրդներից ով և որքանով է նպաստել ոչ միայն Շուշիի և Արցախի, այլ նաև ամբողջ Անդրկովկասի մշակութային, կրթական և գիտական ​​զարգացմանը:

Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Աղբյուրը՝ 168.am
Դիտվել է 4144անգամ
Վերջին լուրեր