Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Օգոստոս / 2024 : 02-27
Գլենդեյլում տեղի ունեցավ անվանի իրանագետ Վահան Բայբուրդյանի «Իրանի պատմություն» գրքի շնորհանդեսը

Օգոստոսի 1-ին ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Իրանահայ միության կենտրոնում տեղի ունեցավ անվանի արևելագետ, պատմաբան, միջազգայնագետ, դիվանագետ, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանի «Իրանի պատմություն» ուշագրավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին գիտնականներ, դիվանագետներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ և այլք: Շնորհանդեսն իր ողջույնի խոսքով բացեց Իրանահայ միության անդամ Թոմիկ Ալեքսանյանը, որից հետո ներկաներին և միջոցառումն օրհնեց Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը: Սրբազանի օրնանքի խոսից հետո հանդես եկավ Վահան Բայբուրդյանի որդին՝ Արմեն Բայբուրդյանը՝ նշելով այս գրքի՝ իր համար առաջնային կարևորություններն ու առանձնահատկությունները:
Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով իր խոսքում նշեց, որ տարիներ շարունակ ԵՊՀ-ում գործել է արևելագիտության դպրոցը, և մասնավորապես կարևոր ու հզոր է եղել և շարունակում է այդպիսին մնալ հայ իրանագիտությունը, որը տարեցտարի զարգացում է ապրում: Ընդգծելով այս գրքի բացառիկ արժեքը՝ Հովհաննիսյանը շեշտեց, որ այն հայ իրանագիտության նոր աստիճանն է և բացառիկ է իր համապարփակությամբ:
Այնուհետև դաշնամուրի կատարմամբ հանդես եկավ Հովհաննես Առաքելյանը, որին հաջորդեց ասմունքող Նունե Ավետիսյանի կատարումը:
Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Փիթեր Քաուին իր խոսքում ընդգծեց արևելագիտության դերն աշխարհում՝ այդ համատեքստում նշանակալի համարելով հայ իրանագիտության և հատկապես այս գրքի արժեքը, որը յուրովի և նորովի է ներկայացնում Իրանը: Նա հատուկ նշեց, որ այս նոր լույսի ներքո է ներկայացնում Իրանը և շատ կարևոր է ինչպես պատմաբանների, այնպես էլ քաղաքագետների համար:

Պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտություն ինստիտուտի նախկին գիտնական-քարտուղար Սամվել Ստեփանյանը նշեց, որ այս գիրքը նորովի մոտեցում է՝ բացահայտելու Իրանի նման խորքային պետությունը, որը բազմաթիվ թելերով կապված է մեր երկրի ու մեր ազգի հետ: Ստեփանյանը կարևոր համարեց նաև շարքային քաղաքացիների՝ այս գիրքն ունենալու առաջնահերթությունը, քանի որ, որպես հարևան ժողովուրդներ, հայերն ու իրացիները պետք է լավ ճանաչեն իրար: Բայց այդ հնարավորությունը տրվել է միայն ԽՍՀՄ փլուզումից հետո, իսկ 30-40 տարին բավական քիչ է: Ըստ գիտնականի՝ այս գիրքը լրացնում է այդ բացը:
Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու Միքայել Հովհաննիսյանն իր թիվս այլ դրվատական խոսքերի՝ կարևորեց գրքի կառուցվածքային-բովանդակային կողմերը, որոնք մարդուն թույլ են տալիս փուլ-փուլ մոտենալու Իրանի պատմությանը և բազմակողմանիորեն ճանաչելու այն:
Վերջում հանդես եկավ Արմեն Բայբուրդյան՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ դրվատանքի խոսքեր ասելու և գիրքը կարևորելու համար: Նա նշեց, որ ցանկացած գիտնականի համար նման միջավայրը, նման մարդկանց ներկայությունն ու բարձր գնահատականները ստիպուն են անդադար աշխատել և արարել:

Yelaket.am-ը ստորև ներկայացնում է անվանի գիտնականի կեսագրության կարևոր կետերը.
Ծնվել է 1933 թվականին Վրաստանի Ախալցխա քաղաքում՝ Բայբուրդից և Կարինից այստեղ հաստատված տեղահանվածների ընտանիքում։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան (իրանական բաժինը)։
Ասպիրանտական ուսումնառությունն անցել է Մոսկվայում, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։
1980-1987թթ. եղել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, 1987-1992 թթ.՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1990-1991թթ.՝ ռեկտորի պաշտոնակատար:

1992–1998 թթ.՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան:

1998-2021 թթ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ:

2000-2008թթ.՝ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, 2008-2022թթ.՝ նույն ամբիոնի պրոֆեսոր:

Վահան Բայբուրդյանի գիտական հետազոտություններն ամփոփված են Հայաստանում և արտասահմանում հրատարակված մոտ երկու տասնյակ մեծածավալ մենագրություններում և երկու հարյուրից ավել հոդվածներում, որոնք նրան բերել են միջազգային ճանաչում։ Առանձնապես հայտնի են.

«Армянская колония Новой Джульфы в XVII веке»: (Роль Новой Джульфы в ирано-европейских политических и экономических связях) (Ереван, 1969), «Թուրք-իրանական հարաբերությունները 1900–1914 թթ.» (Երևան, 1974), «Իրանը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի տարիներին» (Երևան, 1984), «Թուրքիայի քաղաքականությունը Իրանի նկատմամբ XX դարի սկզբներին» (Սպահան, 1989, պարսկերեն), «Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին» (Երևան, 1989 թ.), «Համաշխարհային առևտուրը և իրանահայությունը» (Թեհրան, 1996) և (Երևան, 2022), «Հայերի դերը միջազգային առևտրում» (Թեհրան, 1996, պարսկերեն), «Իրանն այսօր» (Երևան, 1999), «International Trade and the Armenian Merchants in the Seventeenth Century» (New Delhi, 2004), «Իրանի պատմություն» (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) (Երևան, 2005) (Երևան, 2006) և (Երևան, 2024), «Նոր Ջուղա» (Երևան, 2007), «Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո» (Երևան, 2008), «Օսմանյան կայսրության պատմություն» (Երևան, 2011) և (Երևան, 2023), «The Kurds, the Armenian Question, and the History of Armenian-Kurdish Relations» (Ottawa, 2013), «Իրանի հայ համայնքը․ արդի հիմնախնդիրներ» (Երևան, 2013), «Իսլամ» (Երևան, 2016), «Ստեփաննոս Երեց Տերտերյանի (Հազարջրիբեցու) «Պատմագիրքը» («Հանգիտագիրքը»)` որպես սկզբնաղբյուր XVII-XVIII դարերի Իրանի և իրանահայության պատմության» (Երևան, 2020) մեծածավալ մենագրությունները, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի Վահան Բայբուրդյանի հեղինակած առանձին գլուխները։
Դիտվել է 4216անգամ
Վերջին լուրեր