26 / Սեպտեմբեր / 2024 : 21-27
ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅԻ ԲԱԶՄԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակը՝ մի քանի դար այսկողմ թե այնկողմ, շատ քիչ բան է նշանակում թե՛ տիեզերքի անչափելիության մեջ և թե՛ բանաստեղծական անեզր աշխարհում։ Հատկապես արագ փոփոխությունների մերօրյա դարաշրջանում հարմարավետ են այն երևույթերը, որոնք դանդաղ են շարժվում: Բայց օվկիանոսների մակարդակը բարձրանում է, և լեռներ են անհետանում. ոչինչ նույնը չի մնում: Բնական է, որ նույնը չի մնում նաև պոեզիան:
Հեղինակի անհետացումը 20-րդ դարի գրաքննադատության մեջ բազմիցս արծարծվել է, նույնը նաև սյուրռեալիստական շարժման մասին կարելի է ասել։ Սյուրռեալիստները կարծում էին, որ բանաստեղծությունը կարող է առաջանալ ոչ միայն անհատի անգիտակցական մտքից, այլև մի քանիսի, նույնիսկ բազմության խմբային մտքից։ Ուղղակի մի կարևոր պայման կա․ յուրաքանչյուր անհատ նվազագույն իմացություն պետք է ունենա այն մասին, թե ինչ են անում մյուսները: Զուգահեռ առաջացավ վերամշակված առարկաներից արվեստ ստեղծելու գաղափարը: Գրականության ոլորտում այս մոտեցումը դրսևորվեց հատկապես պոեզիայում։
Ներսես Աթաբեկյանն առաջիններից էր, ով այնպիսի պոետական տեքստ ստեղծեց, որը կարծես մի քանի հեղինակ ունի։ Անգամ իր գրքերից մեկի վերնագրում՝ «Երկվորյակ», մատնանշեց իր միտումը։ Բանաստեղծություն ստեղծելու համար նա վերածվեց մի քանի հոգու և հավաքեց տարբեր տեքստերի կտորներ, որոնք հանդիպում են տարբեր գրքերում, և խմբագրումով ու վերաիմաստավորումով դրանք իրար կարեց` կոլաժային բանաստեղծություն ստանալու համար: Սա թերևս դարձավ գրողի «Տարընթերցումների» մի նոր եղանակ։
Բանաստեղծի գիտակցությունը առաջնորդվում է տեքստի, բառերի, մտքի սկզբնական արարման խորհրդով, ցուցաբերում է զանազան զգայունություններ և խտրական ձևով ընտրում է այն բիթերը, որոնք ներառվում են ամբողջից մաս դառնալու և դարձյալ մասնավորից մի նոր ամբողջություն կազմելու համար: Ստեղծվում է հավերժական պտույտի պես մի ընթացք, որտեղ հեղինակն ուշադիր ընթերցող է, իսկ ուշադիր ընթերցողը կարող է դառնալ հեղինակ («Երկրապտույտ»): Նման պտույտները կարող են մարդուն բերել առաջին պլան, կամ մղել ավելի հեռուն, նույնիսկ առերևույթ շրջանակներից դուրս շպրտել: Եվ ինչպես մի առիթով նշել եմ, Ներսես Աթաբեկյանի պոեզիան իր բնույթով լեգիտիմ է։
Ահա այս է փաստում նաև նոր՝ «Վավերական» ժողովածուն։
21-րդ դարի տեխնոլոգիական առաջընթացը կարող է պատրանք առաջացնել, թե պոեզիա գրելու հետ կապն ընդհանրապես կորել է: Սակայն այս ժամանակներում պոեզիան կարող է ծառայել որպես մի կում քաղցրահամ ջուր՝ համատարած անապատում:
Այսպիսով, ինչպիսի՞ն է Ներսես Աթաբեկյանի ստեղծած պոեզիայի ներկա վիճակը: Սա ոչ այնքան կենտրոնական հարց է, քան կարելի է ենթադրել: Հատկապես արագ առաջընթացի այս ժամանակաշրջանում, աթաբեկյանական բանաստեղծական արվեստի ներկա վիճակը պարզապես չափանիշ է: Մենք պետք է մի կողմ դնենք հին կարծրատիպերը, ըստ որոնց պոեզիայում պարզապես պետք է հետևել հաստատուն կանոններին: Բանաստեղծական տեքստ կառուցելիս գրողի միտքը համակարգչի նման օգտվում է հսկայական տվյալներից՝ օգտագործելով բազմապիսի մեթոդներ: Թե ինչ ընթացք կունենան միմյանց հերթագայող տողերը և ինչպես կզարգանան շատ դժվար է (գուցե անհնար է) նախապես կանխատեսել:
Բայց ինչ վերաբերում է պոեզիային, Ներսես Աթաբեկյանի ստեղծված պոեզիան գնահատելու համար մի պահ կանգ առնենք՝ հիշեցնելու, թե ինչն է ստիպում տեքստին աշխատել որպես բանաստեղծություն: Հաջող բանաստեղծությունը համաձուլում է ազդեցիկ բովանդակությունը գեղագիտական հաճելի բառախաղի հետ (փոխաբերություն և սիմվոլիզմի այլ տեսակներ)՝ զուգորդված տարբեր տեսակի ձայնային նմանությունների և ձևերի սահմանափակումների հետ:
Սա իր հերթին հանգեցնում է բազմիմաստության, որը հետմոդեռնիզմի կարևոր հատկանիշներից է։ Պոեզիան մի տեսակ դառնում է հայելի, և յուրաքանչյուր ոք դրա մեջ կարող է տեսնել ինքն իր ներաշխարհը, իր մտավոր ունակությունները, իր ապրումների չափը։
Աթաբեկյանի «Վավերական» գրքի բազմիմաստությունը արվեստի մի ձև է, որով աշխարհը կարող է ընդունվել որպես բազմազան ճշմարտություններ՝ յուրաքանչյուրը տարբեր մարդու կողմից: Նման բանաստեղծությունը սահմաններ և սահմանափակումներ չի դնում մտավոր երևակայության համար: Այն օգնում է բացահայտել գաղտնի փաստերը, առեղծվածները, ինչպես նաև ստիպել ընթերցողներին վերանայել սահմանված կանոններն ու սկզբունքները: Ներսես Աթաբեկյանն իր բանաստեղծություններում ուրվագծում է անգամ իր կերպարի ոչ միանշանակ պատկերը՝ թույլ տալով, որ լուսանցքը աշխատի, մտածի և բացահայտի նոր եզրակացություններ ու դասեր․
Իմ տարիքում մի քիչ անհարմար է
ոտանավոր խոսել իմ տարիքի մասին.
համարյա տեղ եմ հասել,
ու նորից ամառ է,
ինչպես որ անցած համարյա դարակեսին․․․
Բազմիմաստ արվեստի առավելությունը գաղափարների, փիլիսոփայական հայացքների, բնական երևույթների, ստեղծագործական արվեստի և հոգեբանական դավադրությունների մասին մտորումների կայծ վառելն է։
Պարտադիր չէ, որ երկու ընթերցողներն էլ, միաժամանակ ինչ-որ բան կարդալով, նույն կերպ մարսեն երևույթը։ Օրինակ՝
Հռոմը մեղկ էր, սիրուն ու ցոփ,
Հռոմը էգ էր արու խոցող
և իր ժելեած զրահի տակից
փքում էր կրծքերը իր կակուղ,
տալիս էր մարմինը կամեցող
աստվածներին իր կույր,
իր կույր աստվածների
զավակներին անսեռ,-
իր կույր աստվածների
անդրիների առաջ,
շոգած բաղնիքների
սրահներում մսե
տալիս էր սերն անսեր,
և այդ սիրուց անսերմ
բջեր էին ծնվում:
Ինչպես մի առիթով դիպուկ է ասել Օսկար Ուայլդը՝ «Խելացիորեն գործելու համար ավելին է պետք, քան խելամտությունը»1: Բազմիմաստությունը խորապես բնորոշ է Ներսես Աթաբեկյանի գրականությանը: Ամեն անգամ, երբ մենք կարծում ենք, որ մեր առջև 6 թվանշան է, հակառակ կողմում գտնվողը կարող է պնդել, որ դա 9-ն է:
Բազմիմաստությունը նպատակ չունի մտքում ստեղծել մշուշոտ իրավիճակներ, այլև, ընդհակառակը, օգնում է բացել խճճված թելերը, բացահայտել ուղեղի թաքնված հնարավորությունները:
Պոեզիայի հատկականությունն է փոխանցել մտքեր և զգացմունքներ՝ ստեղծելով պատկերներ և գեղարվեստական գաղափարներ: Այնուամենայնիվ, պոեզիայի ընկալումը կարող է բարդ լինել, քանի որ բանաստեղծական լեզուն սերտորեն կապված է հեղինակի մշակութային և նույնիսկ կենսաբանական ծագման հետ, որն ամբողջանում է իբրև գեղարվեստական հայեցակարգ:
Ներսես Աթաբեկյանի գեղարվեստական հայեցակարգի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ պատկերը մասնակի է և որոշակի, մինչդեռ գեղարվեստական պատկերացումն ամբողջական է և միևնույն ժամանակ վերացական: Գեղարվեստական պատկերացումն ու երևակայությունը անբաժանելի են, բայց գեղարվեստական հայեցակարգն ունի ավելի բարձր մակարդակ, քան պատկերավորումը, որը հիմնականում համատեքստային է:
Ներսես Աթաբեկյանի գեղարվեստական հայեցակարգում պոետական տարբեր համատեքստերում բառերի և տողերի բազմաթիվ իմաստների գոյությունն այնքանով է տեսական հարցադրում, որ այն դառնում է հեղինակի կողմից միտումնավոր ստեղծված բազմիմաստություն։ Այլապես յուրաքանչյուր տեքստ կարելի է ընկալել տարբեր իմաստներով։ Ուլմանը բազմիմաստությունը համարում է մի «իրավիճակ», որը մարդկային խոսքի հիմնարար ասպեկտն է և կարող է առաջանալ տարբեր համատեքստերում2: Ժամանակակից հայ պոեզիայում բազմիմաստությունը բավականին տարածված է, և այս երևույթը պայմանավորված է նաև լեզվի անխուսափելի զարգացումով:
Բազմիմաստությունը ճիշտ ընկալելու համար կարևոր են տողատակերը, որոնք լրացուցիչ բառեր են, և մշակութային բազմաշերտությամբ են պայմանավորված։
Որքան շատ է ուղեղը մարզվում, այնքան ավելի է սրվում։
Ահա, կատարենք «Վավերական» գրքից մեկ բանաստեղծության վերլուծություն, որով փորձենք ցույց տալ ժամանակակից հայ բանաստեղծության բազմիմաստ ելևէջները․
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
Արագիլներն էս տարի
ոչ եկան, ոչ գնացին,
կտուրները տխուր են,
ու մուր քսվեց մեր հացին:
Երկինքն էլի կապույտ է,
բայց մի տեսակ հորինած,
պատվիրանի վրիպակ՝
Երկրորդ գրքում Օրինաց:
Եվ հողի տակ ու վրան
նույն հոգիներն են աճում,
խուփ են ականջ ու բերան,
ու տարին է նահանջում:
Նահանջում է հևիհև
ու սոթ տալիս խեղճացած:
Մեր լայնալիճ նախահե՛ր,
էս կողմերով դու չանցա՞ր:
Թե՞ ուրիշի հերն էիր,
մեզ խաբել են քո մասին՝
Շենգեն վիզան կեղծելով
Խորենացի Մովսեսի:
Վերնագիրն արդեն իսկ իր մեջ պարունակում է հսկայական ինֆորմացիա։ Հիշենք Րաֆֆու «Սամվել» վեպից հայտնի «Արարատյան դաշտի առավոտը»։ «Առավոտ էր: Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը»։ Պետք է ընթերցել այս հատվածը լրիվ հակառակ ուղղությամբ։ Այն է՝ «Մայրամուտ էր։ Արարատյան դաշտի խավարափառ մայրամուտներից մեկը»։ Ու այդպես շարունակ ամբողջ հայրենյաց տրամադրությունններն ու նկարագրությունները հակառակվում են։
Մյուս դիտանկյունից վերնագրային պոետիկան իր մեջ ամբարում է նաև Ակսել Բակունցի «Պրովինցիայի մայրամուտը» պատմվածքի ասելիքային շերտերը։ Հնի և նորի սահմանագծային, ինչ-որ տեղ էկզիստենցիալ տրամադրությունները ինտերտեքստի ձևով հայտնվում են նաև այս բանաստեղծության մեջ։ Ոչ միայն ժամանակն ու քաղաքն են կազմաքանդվում, այլ նաև մարդը։
Արագիլներն էս տարի
Ոչ եկան, ոչ գնացին․․․
Պատկերն ինքնանպատակ չէ։ Արագիլը սիրո և հավատարմության խորհրդանիշ է։ Հայերի համար գարնան ավետաբերների շարքում առավել մեծ սիրո և պաշտամունքի առարկա է եղել հատկապես արագիլը։ Նա յուրահատուկ տեղ ունի նաև հայոց դիցարանում՝ որպես Արա Գեղեցիկի ուղեկից, հանդիսացել է պտղաբերության խորհրդանիշը։ Ժողովրդական մեկնաբանությամբ արագիլը նաև երեխա բերող թռչունն է հանդիսանում։
2020 թվականի վայրագ պատերազմի ժամանակ հայոց հազարավոր պատանի որդիների կորուստի ցավն է ընկած բանաստեղծական այս պատկերի հիմքում։ Եվ ահա իմաստավորվում է, թե ինչո՞ւ արագիլները և ոչ ասենք կռունկները, ծիծեռները կամ ասենք սարյակները։
Կտուրները տխուր են,
Ու մուր քսվեց մեր հացին․․․
Այս պատկերն ինքնին խորքային բազմիմաստություն ունի։ Հին հայկական ավանդության մեջ ամենասիրված Վարդավառի տոնի ժամանակ հատուկ ծես կար, որ առավոտյան ժամերգությունից հետո, ամեն մի ընտանիք մատաղ էր անում: Զոհաբերում էին գառ, ուլ, փոքրիկ հորթ, իսկ չունևորները` աքլոր, հավ կամ աղավնի: Ընդունված կարգ էր, որ մատաղը մորթեն կտուրներում, և արյունը պատի վրայով իջնի ներքև: Մատաղը բաժանում էին հարևաններին, ճամփորդներին, հովիվներին, նախրապաններին և բոլոր նրանց, ովքեր պատահեին: Բանաստեղծական տեքստում բազմիմաստությունն այն է, որ տոնն արդեն իսկ տխրությամբ է համակված։ Խորհրդանշում է նաև խավարը, մութը, քանզի տոնական օրերին լուսավորվում են նաև տները։ Մթամած տներից դուրս է մղվել խինդն ու ծիծաղը։
Հացին մուր քսվելու պատկերը շատ հետաքրքիր արձագանքներ ունի իր խորքում։ Նախ սա ինտերտեքստուալ հղում է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի «Բարձունքը մերն է» բանաստեղծությանը։ Մանուկյանը հաղթությունից հետո զոհված տղերքի համար ցավն արտահայտում է օգտագործելով «ու մրմուռ քսվեց մեր ցամաք հացին» պատկերը։ Աթաբեկյանը մրմուռը փոխարինում է մուր բառով, որը պարտության, ամոթի, խայտառակվելու, անպատվության խորհուրդն ունի իր մեջ։ Պատահական չէ, որ հայերենում մուր բառով բազմաթիվ դարձվածներ կան՝ «թուք ու մուր», «մուր ուտել», «անվանը մուր քսել» և այլն։
Երկինքն էլի կապույտ է,
բայց մի տեսակ հորինած,
պատվիրանի վրիպակ՝
Երկրորդ գրքում Օրինաց:
Այս հատվածը աստվածաշնչյան տարակերպ մեկնությունների առիթ է տալիս։ Հնգամատյանի օրինաց երկրորդ գրքում են զետեղված աստծո 10 պատվիրանները։ Այդ պատվիրանները կարծես երանելիների հետ ընկած են բանական մարդու կեցության հիմքում։ Պատվիրանի վրիպումը երկնքի արքայությունը դարձրել է հորինվածք, քանզի պատերազմի արհավիրքի կորստաբերությունը հանգեցրել է այն բանին, որ քրիստոնյա հայը կորցրել է հավատը։ Պատերազմի ընթացքում խախտվում են բոլոր պատվիրանները։
Եվ հողի տակ ու վրան
նույն հոգիներն են աճում․․․
Հողի տակն ու վրան խառնվել են իրար։ Ապրողները դարձել են առավել քան մեռյալներ, մեռածներն առավել քան կենդանի են։ Սա այսօրվա հասարակության պատկերի այլաբանական բանաձևումն է բանաստեղծի կողմից։
․․․խուփ են ականջ ու բերան,
ու տարին է նահանջում:
Համակերպվածությունն ու անտարբերությունը ներսից ու դրսից պատել են հայ հասարակությանը։ Խուփ են ականջ ու բերան, նշանակում է մարդն իր բնականոն կյանքից շեղվել է։ Ականջը չի լսում, թե ինչ է ասում բերանը, բերանը խոսում է՝ առանց հաշվի առնելու ականջի լսածը։ Սա բերում է բարոյահոգեբանական նահանջի և օրն է դառնում նահանջ, ամիսն է դառնում նահանջ, տարին ու կյանքն են դառնում նահանջ։ Ի դեպ նահանջ տարվա հետ կապված կան շատ հետաքրքիր ընկալումներ։ Ընդունված է համարել, որ նահանջ տարում լինում են զանգվածային դժբախտություներ։ Տունգուսյան երկնաքարի անկումը, «Տիտանիկի» կործանումը, Սպիտակի երկրաշարժը և շատ այլ պատահարներ ու աղետներ եղել հենց նահանջ տարիներին։ Նահանջ տարին այս բանաստեղծության մեջ հենց աղետի խորհուրդն ունի։
Նահանջում է հևիհև
ու սոթ տալիս խեղճացած:
Բանաստեղծության այս հատվածը իր մեջ խտացնում է Չարենցի «Պատմության քառուղիներով» պոեմը․ «Այսպես անցել ենք մենք անխոհ ու անգաղափար // Պատմության քառուղիներով, որպես միրաժ․․․»։ Մեր պատմության ընթացքը մի հևիհև նահանջ է և անընդհատ սոթ է տալիս ժամանակը ու ոչ մի տեղ չի տանում։
Մեր լայնալիճ նախահե՛ր,
էս կողմերով դու չանցա՞ր:
Հայկի առասպելին հղումը հայ ժողովրդի ծագման, պայքարի ու հաղթության հատույթի մեջ պետք է ընկալել։ Ո՞ւր է հայկյան ոգին, երբ շուրջը պարտություն է, տխրություն, մուր ու մայրամուտ։ Ուստի բանաստեղծի մոտ շատ բնական հարց է առաջանում․
Թե՞ ուրիշի հերն էիր,
մեզ խաբել են քո մասին․․․
Մի՞թե հայ ժողովուրդը կորցրել է իր ինքնությունն ու հեռացել Հայկի ավանդներից։ Ինչո՞ւ է հային լքել պայքարի ոգին, ո՞րն է պատճառը։ Այստեղ բանաստեղծը կիրառում է մի հետաքրքիր գեղարվեստական հնարանք՝ հեգնանք․
Շենգեն վիզան կեղծելով
Խորենացի Մովսեսի։
Արևմտյան բարքերի ու սովորույթների, աղավաղված ընկալումների հսկա ալիքը տիրապետող է այսօր։ Մարդիկ հեռանում են իրենց ավանդույթներից, սովորույթներից, անգամ բնօրրանից, կորցնում են ազգային դիմագիծն ու առաջնորդվում այլ՝ կեղծ համամարդկային ու վերազգային մանիպուլյացիաներով։
Այս բանաստեղծությունը դառնում է մեր իրականության մի հետաքրքիր վավերական գիր՝ բազմիմաստության սկզբունքներով կառուցված։ Ահա այսպես պետք է ընթերցել Ներսես Աթաբեկյանի «Վավերական» գրքի յուրաքանչյուր բանաստեղծություն։
Այսպիսով, պետք է նշել, որ Ներսես Աթաբեկյանի «Վավերական» խորագրով գիրքը մեր օրերի մասին է, Երևանի մասին մասին է, Հայաստանի մասին է, մոլորակի մասին է, հայ ժողովրդի մասին է, հայի մասին է, իր՝ բանաստեղծի մասին է, ընթերցողի մասին է, իմ՝ այս առաջաբանը գրող խմբագրի մասին է, բոլորի ու ամենքի մասին է։ Եվ ամեն խոհ, ամեն ապրում ու պատկեր առավել վավերական է, քան իրականությունը։
1. Дарья Смирнова, Оскар Уайльд о природе, искусстве и бутоньерках, https://myhandbook.com/oskar-uajld/ (թարգմ․ Ա․Ա․)։
2. Ullman, S. Semantics: An introduction to the science of meaning. Oxford: Basil Blackwell, (1962). p 159 (թարգմ․ Ա․Ա․)։
Արմեն Ավանեսյան
Դիտվել է
22946անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...