Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հոկտեմբեր / 2024 : 16-56

Սիրանույշ Գալստյանի «Ազնավուրյան ակնթարթներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Սիրանույշ Գալստյանի «Ազնավուրյան ակնթարթներ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Անշուշտ, երկար և անվերջ կարելի է գրել այդ հիանալի գրքի, շքեղ միջոցառման և մշակույթին նվիրված արվեստագետի մասին: Բայց kinoashkharh.am-ում հրապարակված նրա զրույցը, երկխոսությունը մենախոսությունը, կամ ուղղակի ԽՈՍՔՆ ամեն ինչ ասում է թե՛ միջոցառման, թե՛ դրա նախորդող, թե՛ հաջորդող ժամանակների մասին: Ուստի առանց փոփոխությունների, առանց միջամտությունների, ստորև ներկայացնում ենք ««Ազնավուրյան ակնթարթների մասին՝ «Ազնավուրյան ակնթարթներից» առաջ» վերտառությամբ հոդվածը:

Երբեմն արվեստագետը, մտավորականը միաժամանակ մի քանի հետաքրքրություն է դրսևորում ու բոլորի դեպքում էլ տաղանդ ու շնորհք ցույց տալիս։ Ու երբ համադրում ես նրա սետղծագործական տարբեր ոլորտները, տեսնում ես, որ դրանք ինչ-որ տեղ ընդելուզվում են, մեկը մյուսին լրացնում ու ամբողջացնում արարումի այն աշխարհը, որն ապրում է հեղինակի ներսում։

Կինոգետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սիրանույշ Գալստյանը նաև արձակագիր է (2002 թվականին հրատարակել է պատմավծքների առաջին ժողովածուն, իսկ 2019-ին՝ երկրորդը՝ «Թարգմանված իրականությունը»)։ Հետո եկավ չարաբաստիկ 2020 թվականը. գիրքն այդպես էլ չներկայացվեց հանրությանը, շնորհանդես չարվեց։ Բայց եթե արձակագիր Սիրանույշին շատերն են ճանաչում, ապա լուսանկարիչ Սիրանույշին հանրությունը նոր է բացահայտելու։

«Հոկտեմբերի 25-ին` ժամը 15.00 –ին, ձեզ կսպասեմ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում գտնվող Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնի դահլիճում։
Ես պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեմ և սարքս էլ պրոֆեսիոնալ չէր, բայց շատ մեծ սիրով եմ արել այդ լուսանկարները։ Գուցե դա էր պատճառը, որ Մաեստրոն նույնպես կարծես բարեհաճ էր իմ օբյեկտիվի նկատմամբ, ու նրա թիկնապահներն էլ ինձ չէին խոչընդոտում…
Երջանիկ ժամանակներ…
Տա’ Աստված, որ բոլորով ապրենք փրկագործված Հայրենիքում։ Եվ մեր ՄԵԾԵՐ-ի հոգիները խաղաղ լինեն, տագնապ չապրեն մեր ու մեր երկնամերձ Հայրենիքի համար։
Հույսով և հավատով`
Ձեր Սիրանույշ Գալստյան»,- kinoashkharh.am-ի էլեկտրոնային հասցեին նամակ էր ուղարկել կայքի վաղեմի բարեկամ, այս հարթակում հոդվածներ տպագրած Սիրանույշ Գալստյանը։

Kinoashkharh.am-ը Սիրանույշի հետ հանդիպեց նրա ցուցահանդեսի նախօրեին։ Իր մասնագիտության, ձեռնարկած յուրաքանչյուր գործի նկատմամբ աններելի բծախնդիր ու պարտաճանաչ լինելով՝ նա սրտի թրթիռով ու հուզմունքով էր սպասում այդ օրվան։ Չէ՞ որ արվեստասերը, նրան ճանաչող հանրությունը ծանոթանալու է այս անգամ լուսանկարիչ Սիրանույշ Գալստյանի հետ։

Նկարելու անկարողությունս կոմպենսացնում եմ լուսանկարելու միջոցով

Ընդհանրապես ես լուսանկարել շատ եմ սիրել։ Նկարելու անկարողությունս այդկերպ կոմպենսացրել եմ ինձ համար։ Լուսանկարչություն, կինոպատկեր, կինոյի կադր. ահագին մոտ են։ Իմ կադրի կոմպոզիցիայով, իմ ուզած տեսանկյունից, իմ ընկալումներին համապատասխան՝ աշխարհը տեսնելու, իրականությունից ինչ-որ բան առանձնացնելու ցանկությունս լուսնկարչության միջոցով եմ իրագործում։
Երբ դեռ հեռախոսներ չկային, ես լուսանկարչական սարք ունեի. սկսեցի լուսանկարել։
Լուսանկարներս նաև պրոֆեսիոնալների եմ ցույց տվել, օրինակ՝ Փարաջանովի թանգարանի երջանկահիշատակ տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանին։ Ինձ համար նրա կարծիքը շատ կարևոր էր։ Ասաց՝ կգաս, ես քեզ սարքի ռեժիմները կասեմ՝ ինչպես նկարես։ Իսկ լուսանկարներս նրան դուր էին եկել։
Իմ ճամփորդություններն եմ նկարել, Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, վանքերը, գողտրիկ անկյունները. գուցե մի օր ցուցահանդես անեմ ու այդ բոլորը ներկայացնեմ…տեսնենք։

2013 թվականի այդ երանելի օրը

Լուսանկարչական սարքն էլ հետս վերցրի, երբ 2013 թվականին՝ «Ոսկե ծիրան» կինփառատոնի շրջանակում, Կասկադի բարձունքում կառուցված Ազնավուր կենտրոնում ընդունելություն կազմակերպվեց։ Իմ կյանքում դա մեծ իրադարձություն էր։ Մեծ թվով հրավիրվածներ կային, շատերը լուսանկարչական սարքերով էին եկել, անվերջ լուսանկարում էին Շառլ Ազնավուրին։ Ես նույնիսկ չհամարձակվեցի նրա հետ նկարվել։ Ավելի շատ Շառլին, նրա և մյուս հյուրերի շփումները լուսանկարելու համար էի գնացել այդ հանդիպմանը։
Հիմնականում նրան էի նկարում. ինձ հետաքրքրում էր նրա դեմքի արտահայտությունների փոփոխությունը, միմիկաները, այն լուսավոր բարությունը, որ հորդում էր նրա աչքերից, ժպիտը, մարդկանց հետ շփվելու նրա կերպը։ Շատերը պրոֆեսիոնալ սարքերով էին նկարում, բայց չգիտեմ ինչու, ինձ այդ ժամանակ թվաց, թե Ազնավուրը բարեհաճ է իմ օբյեկտիվի նկատմամբ։ Կարծում եմ՝ նա զգում էր, որ ուղղակի կադրեր չեմ որսում, ես նկարում եմ իմ հոգու, ինձ համար։ Մտքովս էլ չէր անցնում, որ այդ լուսանկարները մի օր ներկայացնելու եմ հանրությանը։
Մի լուսանկար կա. Ատոմ Էգոյանն Ազնավուրի կողքին է։
Հիշում եմ՝ Շառլն այնպիսի հայացք ուներ, իսկ Ատոմն այնպիսի քնքշանքով էր նայում նրան, մյուս կողմից էլ Ալեն Թերզյանի կիսադեմն էր՝ դարձյալ ապշեցնող հայացքով։
Ազնավուր կենտրոնում շատ հյուրեր կային, մարդիկ ակամայից հրում էին, խանգարում։ Այդ անցուդարձի մեջ կարողացա երեքին միասին նկարել. մեծ հաջողություն եմ համարում, ստացված կադր։ Հիմա էլ, երբ նայում եմ այդ լուսանկարին, աչքերս լցվում են։
Մարդկանց հոծ բազմության միջից փորձում էի կադրեր որսալ։ Կարծես ինչ-որ ուժ օգնում էր ինձ։
Պաշտոնատար անձինք՝ դեսպան Էդվարդ Նալբանդյանը, նախարար Հասմիկ Պողոսյանն էլ էին եկել Ազնավուրի հետ հանդիպմանը։

Ու մեկ էլ… հայտնվում եմ պատշգամբում

Երբ շատ էին մոտենում Ազնավուրին՝ նրա հետ լուսանկարվելու, խոսելու, թիկնապահները ստիպված էին լինում հեռացնել ոմանց։ Օդը չէր բավականացնում. Ազնավուրին խնայել էր պետք։ Ես հարմար հեռավորությունից ուղղակի նկարում էի։ Կրկնում եմ՝ ինձ համար, որովհետև նա այնքա՜ն մեծ ու թանկ է ինձ համար։ Մեկ էլ հայտնվեցի պատշգամբում։ Շառլի՝ իրեն նկարելու նախաձեռնությանս նկատմամբ բարեհաճությունը այդտեղ ևս զգացի։ Նա որևէ անհանգստություն ցույց չտվեց, որ իր տան պատշգամբ եմ մտել ու այնտեղից եմ նկարում. իսկ այնտեղ բացի ինձնից, ոչ ոք չկար։ Եվ այնքա՜ն հետաքրքիր կադրեր ստացվեցին՝ Շառլի երկիմաստ հայացքները։ Հիմա մտածում եմ, որ նա զգում էր իմ օբյեկտիվը, այդտեղ էլ էր աշխատում ինձ հետ. ի վերջո մեծ արտիստ է։

11 տարի անց որոշեցի ինձ համար նկարածս բոլորինը դարձնել

11 տարի այդ լուսանկարները պահել եմ։ Վերջերս հանդիպեցի ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնի ղեկավար, իմ լավ բարեկամ Կարինե Դավթյանին։ Ասաց՝ չգիտեի, որ դու նաև պատմվածքներ ես գրում։ Ասացի՝ նաև լուսանկարում եմ։ Լուսնակարելը և գրելն ինձ համար իրականությունը վերապրելու միջոց են։ Խոսք բացվեց նաև Շառլ Ազնավուրի լուսանկարների մասին։
Շառլի 100 ամյակն է՝ ասաց։ Պատասխանեցի՝ չէ, դրանք պրոֆեսիոնալ ֆոտոներ չեն։ Ասաց՝ բեր տեսնենք։ Լուսանկարներս կրիչով տարա. տեսավ, ասաց՝ ես Շառլի այսպիսի պորտրետների շարք դեռ չեմ տեսել։ Արի ցուցահանդես կազմակերպենք։ Նրա խոսքերն ինձ շատ քաջալերեցին ու ոգևորեցին։ Մտածեցի՝ հետո՞ ինչ, որ պրոֆեսիոնալ սարքով չեմ լուսանկարել, գուցե իսկապես պե՛տք է այդ լուսանկարները ներկայացնել հանրությանը։

Եվս մի հիշարժան օր՝ արդեն մեր օրերում. ու դարձյալ առանցքում՝ Ազնավուրը

Ցուցահանդեսի ամբողջ պատմությունն ու կոնցեպտը ներկայացրել եմ առանձին շարադրանքով՝ բաների վրա։ Լուսանկարչական ցուցադրությունը սկսվում է մեր օրերից։ Քանի որ այս տարի Շառլ Ազնավուրի 100 ամյակի կապակցությամբ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում Ազնավուրի հրապարակում ներկայացված էին ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ, Մաեստրոյի մտերիմ ընկեր Ռոժե Կասպարյանի լուսանկարների շարքը, գնացի այնտեղ ու քաղաքային միջավայրում սկսեցի լուսանկարել ցուցահանդեսը՝ դարձյալ ինձ համար։
Ու հանկարծ տեսնում եմ Շառլի որդին՝ Նիկոլան է գալիս։ Հասցրեցի կադրը որսալ, երբ Նիկոլան ու Շառլի մեծադիր լուսանկարը ուրվագծով ձուլվեցին։ Ապշելու կադր ստացվեց։
Այդ օրը շատ եմ լուսանկարել, բայց այս ցուցահանդեսի համար ընտրելեմ 4 նկար, որոնցից մեկն իմ նշածն է։ 16 լուսանկար էլ 2013 թվականի պատմածս օրվանից եմ ընտրել։
Ցուցահանդեսը սկսվում է մեր օրերից՝ Ռոժե Կասպարյանի՝ ազնավուրյան լուսանկարներից, գնում-հասնում 2013 թվական։

Հուշամատյանը, երեխաներն ու Արարարտով հմայված օտարերկրացին

2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ազնավուրը մահացավ։ Գրող, հրապարակախոս Կարինե Ռաֆայելյանի հետ գնացի Կասկադ՝ Ազնավուր կենտրոն։ Հուշամատյան էր դրված, ծաղկեփնջեր ու Շառլի նկարը։ Մարդկանց այնպիսի՜ հոսք էր… չէր դադարում, գալիս էին ու գալիս։
Որոշեցինք հուշամատյանում գրառում թողնել։
Էջը, որտեղ գրառում էինք արել, նկարեցի։ Աչքս ընկավ կողքի էջին. գրված էր՝ ես 8 տարեկան եմ և հասցրել եմ սիրել քեզ. Կարեն Ջուլհակյան։ Մեկ այլ գրառում՝ ռուսերեն. Мне 10 лет, ты был моим героем. Այսպիսի երեխաներ ունենք… գժվելու բան է։ Այս գրվածքները նույնպես տեղադրել ենք բաների վրա։ Տեսնես որտե՞ղ են հիմա այդ երեխաները, եթե իմանան, որ իրենց գրածները իմ ցուցահանդեսում ներառել եմ, երևի գան։ Մի երեխա էլ անունը չէր գրել, սրտիկ էր նկարել։ Հուշամատյանի նույն էջի վրա՝ երեխաների գրածներից վերև, տեսա, որ մի մարդ անգլերեն գրառում թողեց՝ դատելով այն բանից, թե Հայաստանում ինչպես են ողբում քո մահը, հասկանում եմ, որ քո կնիքը թողել ես ես Հայաստանում։ Ներքևում գրել էր անունը՝ Սթիվեն։
Մենք դուրս եկանք Ազնավուր կենտրոնից, աստիճաններով իջանք։ Հանկարծ տեսա Սթիվենին։ Մայրամուտ էր. նա դեմքով կանգնել էր դեպի Երևանը ու նայում էր Արարատին։ Մինչ մենք հերթ էինք կանգնել, գրառում արել, ահագին տևելէր… այդքան ժամանակ նա կանգնած նայել էր Արարատին։ Ես այդ օտարեկրացուն հենց այդպես կանգնած՝ թիկունքից լուսանկարեցի ամբողջ համայնապատկերով՝ դարձյալ ինձ համար, որպեսզի հիշեմ՝ սա Շառլի մահվան կապակցությամբ հուշամատյանում գրառում թողած օտարերկրացին է։ Քաղաքի համայնապատկերը, մայրամուտի շողերը ու ձեռքերը խաչած մարդը՝ թիկունքից ուրվագծված։
Ցուցահանդեսի վերջին՝ 21-րդ լուսանկարը սա է։ Ֆիլմի նման՝ սկիզբ, կուլմինացիա, ավարտ։
Երախտագիտությունս եմ հայտնում նկարները մշակած և տպագրության նախապատրաստած Վարսիկ Պետրոսյանին, Time to Print օպերատիվ տպագրության ընկերությանը` Աստղիկ Մուրադյանին և մյուս բոլոր աշխատակիցներին, ցուցահանդեսի բաների պատրաստման համար առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ընկերության տնօրեն Արման Ասմանգուլյանին և ձևավորող Ալվինա Նազարյանին:

Ես համոզվել եմ՝ կյանքն ավելի կինեմատոգրաֆիկ է, քան կինոն

Երբ վերապրեցի այս օրերը, որոշեցի բաների վրա գրել լուսանկարների ստեղծման պատմությունը և լուսանկարները դասավորել սցենարի տրամաբանությամբ։ Բաների վրա նաև իմ նկարը կա։ Ասացի, որ չեմ համարձակվել Ազնավուրի հետ նկարվել, բայց նկարվել եմ նրա բաների հետ՝ Ազնավուրի հրապարակում։
Մի անգամ կինոգետ Միքայել Ստամբոլցյանին ցույց տվեցի լուսանկարչական սարքիս մեջ եղած նկարները։ Ասաց՝ այսքան նկարել ես Շառլին, բայց դու հետը չե՞ս նկարվել։ Ասացի՝ նրան ո՞նց ասեի, որ ուզում եմ նկարվել իր հետ։
Մի օր Ստամբոլցյանը հարցրեց՝ ֆլեշկա ունե՞ս։
Պարզվեց՝ «Ոսկե ծիրանի» լուսանկարներն է նայել ու տեսել, որ դրանց մեջ ես կամ՝ ֆոտոապարատը ձեռքիս, քիչ այն կողմ Շառլն է՝ դեմքով դեպի ինձ։ Ստամբոլցյանն ասաց՝ մտածեցի գոնե այս նկարն ունենաս։
Այո, գոնե նույն կադրում Ազնավուրի հետ նկարվել եմ՝ թեկուզ պատահաբար։
Մի կադր էլ եմ հաջողացրել նկարել։ Նույն օրն էր՝ Շառլի նստավայրում։ Գևորգ Դաբաղյանն էլ էր այնտեղ, դուդուկ էր նվագում։ Հարցրին՝ Մաեստրո, երբևէ չե՞ք փորձել դուդուկ նվագել։ Նա պատասխանեց՝ փորձած եմ, համա թուշերս այդչափ ուռցնել չկրցա։
Ես նկարել եմ հենց այն պահը, երբ Ազնավուրն ասում է սա, ու բոլորը ծիծաղում են։
Ստացվել են ազնավուրյան ակնթարթներ. հենց այդպես էլ վերնագրել եմ լուսանկարներիս ցուցահանդեսը՝ «Ազնավուրյան ակնթարթներ»։

Աղբյուրը՝ https://kinoashkharh.am/2024/10/aznavouryan-aktart-cucahandes-siranush-galstyan-haykakan-kino/
Դիտվել է 2317անգամ
Վերջին լուրեր