21 / Մայիս / 2020 : 20-31

Քրիստոսի Համբարձման տոն. «Ջանգյուլում» ջա՜ն, ջա՜ն։

Գեղանկար՝ Հմայակ Արծաթպանյանի (1876-1920) 
«Ջանգյուլումի տեսարան», էսքիզ

Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածու

 

Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան 

Քրիստոսի Համբարձման տոն. «Ջանգյուլում» ջա՜ն, ջա՜ն։

Զատիկից հետո՝ Քրիստոսի Հարության 40-րդ օրը, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տիրոջ Համբարձման տոնը. «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ եւ նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19)։ Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաեւ՝ «Գործք Առաքելոց»ը, վկայում է
Քրիստոսի համբարձման մասին։

40 օր մնալով երկրի վրա՝ Քրիստոսը երեւում է առաքյալներին ու հավատացյալներին եւ իր վարդապետությունն է ուսուցանում նրանց։ Հանդիպման վերջին օրը պատգամներ է տալիս, օրհնում է առաքյալներին եւ համբարձվում է երկինք:

Ջանգյուլում («գյուլ»` նշանակում է վարդ, ծաղիկ), ահա այսպես է կոչվում ժողովրդի կողմից սիրված
տոներից եւս մեկը։ Ավանդույթ դարձած՝ այն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով։

Հայաստանում մինչեւ օրերս նշում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը. տարբեր շրջաններում յուրովի:
Երիտասարդ աղջիկները, հարսները եւ տղաներն են հնամյա այս ավանդական տոնի հիմնական մասնակիցները։ Ծիսակարգի առանցքում ամուսնանալ պատրաստվող աղջիկներն են, սակայն յուրաքանչյուրն իր դերն ունի հանդիսության կազմակերպման մեջ։
Տոնը շարժական է եւ նշվում է հինգշաբթի։ Չորեքշաբթի ծաղկաքաղի եւ ջուր գողանալու օրն է. յոթ տեսակի ծաղկից՝ ծաղիկներ, յոթ աղբյուրից՝ ջուր եւ յոթը քար են հավաքում, ապա սափորի մեջ ամփոփելով՝ վիճակ են գցում։ Հուսալով, որ Համբարձման երկնքի աստղերն իրենց բախտը ցույց կտան՝ սափորը դնում են բաց երկնքի տակ։

Երկնքի աստղերը թող ցոլան, անուշիկ ցոլան,
Աղոթրան բացվի, լուսը բացվի, ճակատիս գիրը տան…

Տոնակատարության բուն օրը՝ հինգշաբթի առավոտյան, ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերեւներ եւ աղջիկներին պատկանող զանազան իրեր: Դեռահաս մի աղջկա հարսի հագուստ են հագցնում եւ շրջում են տնետուն, ծաղկեփնջեր են նվիրում եւ «Ջանգյուլում» երգելով՝ գովք են ասում տան փոքրին, որպես գերդաստանի շարունակող.

Գովենք, գովենք, ում գովենք, ջան ծաղիկ, ջան, ջան:
Մեր «Դավիթին» մենք գովենք, ջան վիճակ, ջան, ջան:

«Դավիթը» նստի թագավոր, ջան ծաղիկ, ջան, ջան:
Գեղով ասենք բախտավոր, ջան վիճակ, ջան, ջան:

Հաց, ձու կամ գումար են նվիրաբերում տանտերերը այցելուներին, որպես երախտագիտություն։
Նվիրաբերված կաթով պատրաստում են տոնի գլխավոր ծիսական ուտեստը՝ կաթնապուրը, որից հետո հյուրասիրություն է տեղի ունենում։ Տոնն ավարտվում է վիճակ հանելու ծիսախաղով. ում պատկանում է սափորից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում, ապա կժից հանում են մյուս իրերը եւ տերերին խրատներ ու բարեմաղթանքներ են բաշխում:

Գիտակցելով տոնի խորհուրդը՝ ուրախալի է, որ վերջին տարիներին, հատկապես երիտասարդների շրջանում, ցանկություն կա հայկական ազգային եւ եկեղեցական տոները ավելի մեծ շուքով նշելու։

Author's cover photo
Ամսաթիվ 21 / Մայիս / 2020 : 20-31
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 57354անգամ
Վերջին լուրեր