Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մարտ / 2025 : 21-26

Կայացավ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան

Մարտի 5-ին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ԿինոՄոսկվայում, տեղի ունեցավ «Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։ Դպրոցական տարիներին ֆուտբոլի սիրահար լինելուց մինչև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին հասնելը։


Սյուժեի հիմքում Վազգենը ներկայացված է որպես մարդ, արժանի զավակ, գրող, զինվոր, սպարապետ և ազգային գործիչ։ Ապրելով ընդամենը 40 տարի, Վազգենը հասցրել է հայ ազգին ներկայանալ որպես հաղթանակի և ազատության ջատագով։ Ապրելով, շնչելով միայն Հայաստանով, նա կարողացել է իր օրոք հայ ժողովրդին պարգևել այդքան բաղձալի անկախությունը։ Ստեղծագործական խմբի ջանքերով, ահա, Վազգենը մեր էկրաններին է՝ իր ողջ էությամբ։ Շուշիի ազատագրման և Հայաստանի անկախության դրվագները լիովին պատկերում են Սարգսյանի քաջ ոգին և հայրենիքին նվիրվածությունը։ Ընտանեկան միջավայրում անցկացրած օրերը ևս ներկայացված են ֆիլմում և լիովին արտացոլում են Վազգենին։ Լինելով սիրված և՛ընտանիքում, և՛ իր հայոց ազգի կողմից, Վազգենը կարողանում է անել լավագույնը բոլորի համար։ Ներկայացված են նաև Վազգեն Սարգսյանի մահվան դրվագները և թե ինչքան ցավալի էր այդ լուրը բոլորի համար։



Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը։ Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լևոն Գալստյանն ու Արամ Կարապետյանը (Արամիս Տատու), որը նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ Նոնո Սարգսյանը, որը համատեղության նաև Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է, միշտ իր մտքում ունեցել է իր Հորեղբոր մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը։ Եվ ահա, երկար տարիների աշխատանքներից հետո, նա մեզ ներկայացնում է «Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմը։ Ֆիլմ՝ հասցեագրված և՛ փոքրին, և՛ մեծին, բոլոր նրանց,ում համար Հայրենիք գաղափարը առաջնային է։



Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։ Հերոսի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը կերտել է հայտնի դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է, պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլ սիրված դերասաններ։

Նյութը պատրաստեց՝ Թինա Գրիգորյանը

Նյութի աղբյուր՝ Yelaket.am
Դիտվել է 13786անգամ
Վերջին լուրեր