Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Մարտ / 2025 : 20-25

Ահա, թե որոնք են Ճապոնական բիզնես մշակույթի առանձնահատկությունները


Որոշումների Կայացմանը Շատ երկրներում գործարար որոշումները հաճախ ընդունվում են մեծամասնության կարծիքի հիման վրա, սակայն Ճապոնիայում գործում է այլ մեթոդաբանություն․ այստեղ մեծ կարևորություն է տրվում նաև փոքրամասնության տեսակետներին։ Բանակցությունների և քննարկումների արդյունքում ձևավորվում է ընդհանուր համաձայնություն, ինչը բերում է ավելի կայուն ու հավասարակշռված որոշումների։

1․ Արդյունավետ մատակարարման համակարգ

Ճապոնիան տարածքով փոքր երկիր է, ինչը բերում է պահեստային տարածքների սահմանափակման խնդրին։ Այս պայմաններում ճապոնական բիզնեսն ընտրել է մատակարարման խիստ օպտիմալացված համակարգ՝ ապահովելով, որ արտադրանքն ուղարկվի այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է, և հենց այն պահին, երբ պահանջարկ կա։ Այս մոտեցման արդյունքում ծնվեց Just-in-time հայեցակարգը, որի մանրամասներին կանդրադառնանք հետագա գրառումներում։

2․ Աշխատանքային մշակույթ և պարգևատրումներ

Ճապոնական ընկերությունները չեն կիրառվում անմիջական պարգևատրումների համակարգ․ փոխարենը, աշխատավարձը համալրվում է բոնուսներով՝ խրախուսելով երկարաժամկետ արդյունավետություն։ Բացի այդ, աշխատողները հաճախ իրենց ամբողջ կարիերան անցկացնում են նույն կազմակերպությունում, ինչը կարող է թվալ միապաղաղ, սակայն ապահովում է աշխատանքային միջավայրի կայունությունը և խթանում համերաշխությունը թիմում։ Այս մոտեցումը նպաստում է նրան, որ աշխատակիցների շահերը համահունչ լինեն ընկերության նպատակների հետ՝ բարձրացնելով բիզնեսի կայունությունը մրցակցային շուկայում։

3․ Աշխատանքի ընդունման տարբեր մոտեցումներ

Ճապոնիայում աշխատանքի ընդունումը հիմնականում տեղի է ունենում ապրիլ ամսին, քանի որ այդ ժամանակ է սկսվում նոր ֆինանսական տարին։ Առաջին ամիսներին նոր աշխատակիցները ծանոթանում են ընկերության մշակույթին և գործընթացներին, իսկ հետո միայն անցնում են իրենց հիմնական պարտականություններին։ Իհարկե, ոչ բոլոր կազմակերպություններն են հետևում այս մոդելին, բայց այն լայն տարածում ունի։ Ճապոնական աշխատողներն արձակուրդ վերցնելու հարցում նույնպես ունեն յուրահատուկ մոտեցում․ նրանք հանգստանում են շաբաթվա ընթացքում ընդամենը երկու օր, օգտվում են պետական տոներից, իսկ երկարատև արձակուրդ հիմնականում նախատեսված է միայն հիվանդության կամ հատուկ դեպքերի համար։

4․ Հարմարավետ ուսուցում և աշխատանքային պայմաններ

Շատ ընկերություններ ունեն իրենց հյուրանոցային տիպի կացարանները, որտեղ աշխատակիցները կարող են գիշերել, եթե աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեն հասցնում տուն վերադառնալ։ Դրանք ծառայում են նաև գործարար հանդիպումների համար՝ ապահովելով հարմարավետ պայմաններ այցելուների համար։ Սակայն ինչպես ամբողջ աշխարհում, Ճապոնիայում նույնպես խոշոր ընկերություններում աշխատանքի ընդունվելը մեծ մրցակցություն է պահանջում։

5․ Համեմատություն ամերիկյան և ճապոնական մոդելների միջև

ԱՄՆ-ում ընկերությունները հիմնականում կենտրոնանում են նեղ մասնագիտական զարգացման վրա, իսկ աշխատողների կարիերան զարգանում է ուղղահայաց՝ առանց լայն փորձառության այլ ոլորտներում։ Դիմորդների ընտրությունը հիմնականում կատարվում է թեստավորման միջոցով, իսկ աշխատանքի ընդունվելուց հետո նրանք անմիջապես անցնում են իրենց ոլորտին վերաբերող գործառույթներին՝ առանց ընկերության ընդհանուր գործունեության խորը ընկալման։ Ի հակադրություն, ճապոնական ընկերություններում ղեկավարը պետք է լինի բազմակողմանի զարգացած մասնագետ, որը ծանոթ է կազմակերպության բոլոր բաժիններին։ Այդ պատճառով աշխատակիցները անցնում են տարբեր պաշտոններով՝ հնարավորություն ստանալով բազմազան փորձառություն ձեռք բերել և ավելի հեշտ ինտեգրվել թիմի մեջ։

Ճապոնական բիզնես մշակույթը հիմնված է կարգապահության, երկարաժամկետ մտածողության և կորպորատիվ համերաշխության վրա։ Այս մոդելից շատ բան կարելի է սովորել և հարմարեցնել այլ երկրների գործարար միջավայրերին։ Մեր երկրում դեռևս առկա է խիստ հիերարխիկ մոտեցում, որտեղ ավելի բարձր պաշտոն ունեցող անձանց կարծիքը հաճախ ավելի մեծ ազդեցություն ունի, քան մյուսներինը։ Սակայն ժամանակի ընթացքում, կիրառելով լավագույն փորձերը, մենք ևս կարող ենք ձևավորել մեր յուրահատուկ բիզնես մշակույթը, որը կհանգեցնի մեծ հաջողությունների միջազգային շուկայում։
Դիտվել է 1061անգամ
Վերջին լուրեր