13 / Մայիս / 2025 : 13-27
Յուրաքանչյուր ազգ ու մշակույթ իր ուրույն տեղն ունի, և դա մի հարթակ է ստեղծում, որտեղ ինքնաարտահայտման և փոխհարստացման հնարավորություններն անսահման են. Ինգա Արշակյան

-Տևական ժամանակ բնակվում էիք ԱՄՆ-ում։ Մշակութային ինչպիսի՞ առանձնահատկություններ նկատեցիք։
-ԱՄՆ-ում մշակութային բազմազանությունն իրապես տպավորիչ է։ Յուրաքանչյուր ազգ ու մշակույթ իր ուրույն տեղն ունի, և դա մի հարթակ է ստեղծում, որտեղ ինքնաարտահայտման և փոխհարստացման հնարավորություններն անսահման են։ Բայց դա, իմ կարծիքով, բարեբախտաբար թե դժբախտաբար, չի անդրադառնում հայկական համայնքի շոու -բիզնեսի փոքր շուկայի վրա։
-Երաժշտությունը պե՞տք է կրթող ու դաստիարակող լինի։
-Միանշանակ այո։ Երաժշտությունը մի լեզու է, որն ուղղակիորեն ազդում է մարդու հուզականության և զգացմունքային ֆոնի վրա։ Երբ այն նաև բովանդակություն ու ուղերձ է պարունակում, կարող է ձևավորել մտածողություն, արժեքներ ու աշխարհայացք։ Ի դեպ, գիտնականները պնդում են, որ եթե երեխան սովորում է նվագել երաժշտական որևէ գործիքի վրա, նրա ուղեղն ավելի ինտենսիվ է զարգանում, իսկ երաժշտությունը ձևավորում է ավելի ճկուն մտածողություն։ Ուստի, սա շատ է պարտավորեցնում և պատասխանատվություն է առաջացնում յուրաքանչյուր ստեղծագործողի համար։

-Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի պրոֆեսիոնալ երգչուհին։
-Բացի ձայնային տվյալներից, անհրաժեշտ է անկեղծություն, հետևողականություն, աշխատասիրություն ու խորը գիտակցում այն բանի, թե ինչ ես ասում բեմից։ Պրոֆեսիոնալիզմը միայն տեխնիկայով չի չափվում, այն նաև վերաբերմունք է՝ ինչպես գործիդ, այնպես էլ հանդիսատեսիդ նկատմամբ։

-Արդյոք Ձեզ ճանաչում ու փառք բերեց «Եվրատեսիլ» երգի ամենամյա մրցույթին երկու անգամ մասնակցելը։
-«Եվրատեսիլը» մեծ հարթակ է, և այն ինչ-որ չափով մեզ ճանաչում տվեց միջազգային ասպարեզում։ Բայց ինձ համար ամենակարևորը և պարտավորեցնողը երկիրը պատվով ներկայացնելն էր։
-Էմոցիոնալ լինելը օգնու՞մ է Ձեզ կյանքում, թե՞ խանգարում։
-Էմոցիոնալ լինելը մի հատկություն է, որը ոչ միշտ է հարմար, բայց յուրաքանչյուր մարդու համար էության անբաժան մի մաս է կազմում։ Անշուշտ, դա ինձ օգնում է ստեղծագործել, վերապրել, և ոչ թե միայն դերս խաղալ երգի մեջ, այլ նաև զգալ հանդիսատեսին ավելի խորը մակարդակով։

-Հեռավորությունը խանգարու՞մ է իրական ընկերությանը։
-Իսկական ընկերությունը հեռավորությունից չի փոխվում։ Այո, շփումների հաճախականությունը կարող է նվազել, բայց եթե կապը սրտով է, այն մնում է ամուր՝ անկախ հեռավորությունից։
-Սերը մի՞շտ է անսպասելի գալիս։
-Հաճախ՝ այո։ Սերը չի գովազդում իր գալուստը։ Երբ գալիս է, պարզապես զգում ես, որ ինչ-որ բան փոխվում է ներսումդ՝ ավելի պայծառ, ավելի ամբողջական ես դառնում։ Բայց սիրահարվել չի նշանակում սիրել։ Որպեսզի սիրես, միասին պետք է փորձություններով լի ճանապարհ անցնես և այդ պարագայում միայն զուգընկերոջդ հետ կապը ավելի ամուր է դառնում կամ էլ ընդհատվում։
-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում ապրելու և արարելու համար։
-Ընտանիքս, երեխաներիս ժպիտն ու խինդը, հարազատիս հաջողությունը, մարդկանց բարի խոսքը, աղոթքը, դրական արձագանքը։ Այն պահերը, երբ զգում եմ, որ ինչ-որ մեկի սրտին դիպել եմ երգով կամ խոսքով՝ հենց դա է ամենամեծ մոտիվացիան և գնահատականը։
-Ինչու՞մ է արվեստի մոգական ուժը։
-Արվեստը խոսում է այնտեղ, որտեղ բառերը լռում են։ Այն կարող է բուժել, ոգեշնչել, միավորել։ Մոգական է, քանի որ ձևի մեջ է դնում բովանդակություն, որը ի զորու է փոփոխություններ առաջացնել մարդկանց սրտերում։

-Ե՞րբ Ինգա Արշակյանին կրկին կտեսնենք բեմում։
-Ես արդեն բեմում եմ՝ 2024 թվականի երկրորդ կեսին Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համաշխարհային մեծ շրջագայությամբ հանդես եկանք Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագրով։ Մարտի 25-ին Փարիզում UNESCO –ի հովանու ներքո մեծ համերգասրահում պատիվ ունեցա ելույթ ունենալ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Մի քանի օր առաջ ավարտեցի Անուշի հեղինակային երգի ձայնագրությունը։ Հավատացնում եմ՝ գեղեցիկ պահեր են սպասվում։
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

Դիտվել է
3715անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...