Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հուլիս / 2025 : 17-52

10.000 ժամի կանոնը

Հաջողության գաղտնիքը երբեմն թվով է չափվում։ «New Yorker»-ում Մալքոլմ Գլադուելը հայտնի դարձավ իր հոդվածով, որտեղ ընդգծվում էր մի պարզ բայց ուժեղ գաղափար՝ վարպետություն ձեռք բերելու համար հարկավոր է առնվազն 10.000 ժամ խորամուխ լինել տվյալ գործին։ Այս մոտեցումը հիմնված է հոգեբան Անդերս Էրիկսոնի ուսումնասիրությունների վրա, որն անցկացվել էր Բեռլինի երաժշտական ակադեմիայում։

Հետազոտության ժամանակ ջութակահար ուսանողներին բաժանեցին երեք խմբի՝ պոտենցիալ աստղեր, հեռանկարայիններ և միջին մակարդակի երաժիշտներ։ Պարզվեց, որ մինչև 20 տարեկան դառնալը լավագույնները հավաքել էին միջինը 10.000 ժամ, միջինները՝ 8000, իսկ սովորականները՝ 4000 ժամ։

Այդ տարբերությունը կրկնվեց նաև այլ ոլորտներում. օրինակ՝ սիրողական դաշնակահարները՝ 2000 ժամ, իսկ պրոֆեսիոնալները՝ կրկին շուրջ 10.000։ Այդ ցուցանիշը դիտարկվում է գրեթե բոլոր ոլորտներում՝ սպորտ, արվեստ, բիզնես կամ գիտություն։ Համաձայն նյարդաբան Դենիել Լևիտինի՝ դա այն սահմանն է, որից սկսում է ձևավորվել իրական վարպետությունը։ Նույնը վերաբերում է անգամ վունդերկինդներին. Մոցարտի առաջին իրապես ինքնուրույն հզոր ստեղծագործությունը գրվել է միայն այն ժամանակ, երբ նա արդեն ավելի քան 10 տարի զբաղվում էր երաժշտությամբ։ Իսկ շախմատի լեգենդ Բոբբի Ֆիշերին դարձյալ պահանջվեց մոտավորապես 9 տարի՝ այդ նշաձողին հասնելու համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ բացառիկ հաջողությունը տրվում է ոչ թե գենետիկայի կամ պատահականության շնորհիվ, այլ տարիների նպատակային, համակարգված և խորը աշխատանքի։ Դա նաև նշանակում է, որ ոչ ոք չի դառնում վարպետ պարզապես տաղանդով։

Պետք են ժամանակ, համբերություն ու անհավանական աշխատասիրություն։ Ուստի եթե ուզում եք զարգանալ որևէ ոլորտում կամ ցանկանում եք, որ ձեր երեխաները հասնեն բարձր արդյունքների, կարևոր է հասկանալ՝ արդյունքներին հասնում են նրանք, ովքեր չեն հանձնվում ու շարունակում են առաջ շարժվել։ Հաջողությունը չափվում է ժամանակով, որը դուք պատրաստ եք ներդնել՝ օրեցօր, տարիներ շարունակ։ Հիշեք այս թիվը՝ 10.000 ժամ։
Դիտվել է 960անգամ
Վերջին լուրեր