Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հուլիս / 2025 : 20-38
Պիտեր Քաուի. հայագիտության արդիական հեռանկարները Հեղինակ՝ Մարիա Մարկոսյան

Հարցազրույց՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) հայագիտության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Պիտեր Քաուի հետ

Ինչո՞ւ է հայագիտությունն այսօր դառնում ներգրավող միջազգային գիտական հանրության համար։ Ինչպե՞ս է հայկական պատմամշակութային ժառանգությունը վերարժևորվում միջազգային գիտակրթական դաշտում։ Այս և այլ առանցքային հարցերին է անդրադառնում Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) «Նարեկացի» հայագիտական ամբիոնի ղեկավար պրոֆեսոր Պիտեր Քաուին մեր զրույցում։
Նրա փորձը բացահայտում է, թե ինչպես է հայագիտությունը դուրս գալիս ազգային շրջանակներից՝ դառնալով խաչմերուկ տարբեր գիտակարգերի միջև։ Ինչպես է նյութական մշակութային ժառանգության պահպանման խնդիրները վերածվում մարտահրավերների, և ինչ հնարավորություններ ու պարտականություններ ունի հայ համայնքը այս փոփոխվող իրականության մեջ։
Հայագիտությունը, պրոֆեսոր Քաուի խոսքերով՝ միայն անցյալը չէ. «Այն դառնում է ժամանակակից աշխարհի միջև գիտական, մշակութային ու մարդաբանական երկխոսության առանցք»։

- Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում սկսեց զարգանալ Միջին Արևելքի ուսումնասիրությունը ԱՄՆ-ում։ Ի՞նչ դեր ունեցավ այդ գործընթացում հայագիտությունը։

- Հետաքրքիր է փաստը, որ Միջին Արևելքի ուսումնասիրությունները սկսեցին զարգանալ հատկապես ԱՄՆ-ում և մասամբ Եւրոպայում Երկրորդ աշխարհամարտից հետո։ Պատերազմը ընթանում էր մի քանի թատերաբեմերում՝ Խաղաղ օվկիանոսի, Միջերկրական ծովի, ինչպես նաև Միջին Արևելքի տարածքներում։ Ճիշտ այդ ժամանակ ԱՄՆ կառավարությունը սկսեց գիտակցել կարիքը՝ տարածաշրջանի լեզուներին ու մշակույթին տիրապետող մասնագետների։ Հաջորդիվ, Միջին Արևելքի մասին գիտությունները զարգացնելու անհրաժեշտությամբ ստեղծվեց միջավայր՝ այդ մասնագիտությունները գիտական և կրթական բովանդակությամբ զարգացնելու նպատակով։ Միաժամանակ, ԱՄՆ-ի արևելյան նահանգների՝ Բոստոն, Նյու Յորք և այլ քաղաքներում հաստատված հայերի սերունդը, ապրելով բարեկեցիկ կյանքով, հնարավորություն ուներ համալսարանական կրթություն ստանալու։ Հետեւապես նրանք սկսեցին մտածել ուղիներ՝ հայագիտությունը ամերիկյան բուհական միջավայրում զարգացնելու։
Այս ընթացքում, 1950-ականներին Բոստոնում հիմնվեց Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային կազմակերպությունը (NAASR)։ Ապա՝ 1959-ին, Հարվարդում բացվեց հայագիտության առաջին ամբիոնը՝ հիմնադիրներ Մանուկ Ս. Յանգի, Թոմաս Թ. Ամիրյանի և Արրա Ս. Ավագյանի ջանքերով, որոնք կապեր ունեին Հարվարդի համալսարանի հետ։
Նշեմ նաեւ՝ Հարվարդում առաջին հայագիտական ամբիոնի հիմնադրումը պարսկագետ Ռիչարդ Ն. Ֆրայի բաց և աջակցող վերաբերմունքի շնորհիվ է հնարավոր դարձել. «Հայագիտությունը պետք է լինի համալսարանական հաստատված և հարգված ուղղություն»,- ասել էր նա։

— Իսկ ինչպե՞ս UCLA-ը դարձավ ԱՄՆ-ում հայագիտության երկրորդ կարևոր կենտրոնը։

— NAASR-ը, որն առանցքային դեր ունեցավ Հարվարդում հայագիտական ամբիոնի հիմնադրման գործում, ուներ նաև արևմտյան մասնաճյուղ Կալիֆոռնիայում։ Այնտեղ համայնքի անդամները առաջարկեցին՝ փոխարենը Հարվարդին նվիրելու, դրամահավաքը ուղղել իրենց տարածաշրջանի համալսարանին՝ UCLA-ին։ Այս միտքը արագ ընդունվեց, և 1965ին այնտեղ հիմնեցին հայագիտության պաշտոնական ամբիոն՝ հետագայում անվանակոչելով այն միջնադարյան հայ բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացու պատվին: Ի դեպ, մինչ այդ համալսարանը արդեն հրավիրել էր մասնագետների, այդ թվում՝ պատմաբան Ռիչարդ Յովհաննիսյանին, որի ամբիոնը պաշտոնապես հաստատվեց 1983-ին։ Վերջին տարիներին ստեղծվել է նաև երրրորդ ամբիոնը՝ նվիրված հայկական ազգային երաժշտագիտության (ethnomusicology) ուսումնասիրությունների ուղղությանը։ Այն գործարկվեց մոտ երկու տարի առաջ և այսօր լրացնում է UCLA-ի համապարփակ հայագիտական կրթական համակարգը։

— Ի՞նչ է տեղի ունեցել վերջին տարիներին հայագիտության զարգացման տեսանկյունից։

— Ինչպես արդեն նշեցի, այժմ UCLA-ում գործում է երեք պաշտոնական հայագիտական ամբիոն։ Վերջին վեց տարիներին զուգահեռ հիմնադրվել է նաև Promise Armenian Institute-ը, որի հիմնական առաքելությունը հայագիտությունը ակադեմիական շրջանակներից դուրս բերելն ու համայնքին հասանելի դարձնելն է։ Կազմակերպվում են դասախոսություններ, գիտաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ, արվեստի ցուցահանդեսներ։ Շատ միջոցառումներ հեռարձակվում են Zoom հարթակով՝ հնարավորություն ընձեռելով մասնակցել նաև արտերկրից։ Նշեմ նաև, որ մեր՝ «Նարեկացու» անունը կրող ամբիոնը, նույնպես լիարժեք ներգրավված է այս նախաձեռնություններում. մենք գործում ենք միասնաբար։ Բացի երեք ամբիոններից, համալսարանում դասավանդում են նաև հայագետներ հասարակագիտության, մարդաբանության և հանրային առողջապահության ոլորտներում։ Առանձնահատուկ կարևորություն ունի վերջինը՝ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության տեսանկյունից։ Մեր մասնագետները պարբերաբար մեկնում են Հայաստան, ինչպես օրինակ՝ դոկտոր Շանթ Շեխերդիմյանը շուրջ երկու տարի օժանդակել է Հայաստանի առողջապահության նախարարությանը։
— Ովքե՞ր են ուսանողները եւ ո՞ր լեզվով է իրականացվում դասընթացները։

— Հայոց լեզվի դասերը սովորաբար՝ հայերենով (արևելահայերեն եւ արեւմտահայերեն), իսկ պատմության և մշակույթի առարկաները հիմնականում՝ անգլերենով։ Շատ հաճախ աշխատում ենք հայերեն սկզբնաղբյուրների հետ, որոնք դեռևս չեն թարգմանվել, ուստի լեզվական պատրաստվածությունը չափազանց կարևոր է։ Տարբեր ազգության ուսանողներ ունենք, որոնք մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ ուսում, անձնական հարցեր կամ մշակութային հետաքրքրություն, կապ են հաստատել հայ համայնքի կամ Հայաստանի հետ։ Սա մեզ հնարավորություն է տալիս ներկայացնելու հայոց պատմությունը, մշակույթը եւ լեզուն ավելի լայն, բազմազգ լսարանին։
— Ի՞նչն է Ձեզ հատկապես ներշնչել եւ գրավել ընտրել հայագիտական ուղին եւ ի՞նչ դեր է այն ունեցել Ձեր ակադեմիական կյանքում։

— Հայ ժողովուրդը հնագույն պատմություն ունի, սկսած մ.թ.ա. 5-րդ հազարամյակից, երբ ձևավորվել է որպես առանձին էթնիկ միավոր՝ հնդեւրոպական նախամշակույթից։ Հայերը մշտապես ապրել են իրենց բնօրրանում և նախապատմական շրջանից մինչեւ այսօր գոյատեւել են՝ թողնելով հարուստ պատմական, մշակութային և ճարտարապետական ժառանգություն։ Այն, որ հայերը, որտեղ էլ գտնվեն, շինարար ու ստեղծող ժողովուրդ են եղել՝ դրսևորվում է նրանց կոթողներում, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Հայերենը բացառիկ լեզու է՝ գրաբարից մինչև նոր գրական՝ բազմազան բարբառներով։ Այս ամենը խորապես գրավիչ էր ինձ համար և դարձավ հայագիտությունը ընտրելու եւ արժեւորելու գլխավոր մղումը։

— Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր անձնական ուղին հայագիտության մեջ։

— Իմ ճանապարհը, ինչպես նաև շատ եւրոպացի հայագետների պարագայում, սկսվեց ընթերցումից։ Տարբեր գրքեր կարդալով հասկացա՝ թեման ինձ հետաքրքրում է և ցանկանում եմ խորանալ։ Այն ժամանակ Մեծ Բրիտանիայում միայն մեկ վայր կար հայագիտության դասավանդման՝ Օքսֆորդի համալսարանը։ Գնացի այնտեղ հատուկ հայերեն սովորելու եւ սկսեցինք գրաբարից։ Հիշում եմ՝ մեզ այցելեց Մատենադարանի փոխտնօրեն Բաբկեն Չուգասզյանը, որ պարբերաբար ծրագրեր էր ներկայացնում Եւրոպայում ու Ամերիկայում։ Նա այդ օրը մեզ սահիկներով ցուցադրեց հայկական ճարտարապետական կոթողներ մասին, ինչը խիստ տպավորեց ինձ։ Երկու տարի անց դիմեցի դոկտորական ծրագրի, որն անցկացնում էի Երուսաղեմում, ապա կապվելով Մատենադարանի հետ՝ մեկ ուսումնական տարի անցկացրի այնտեղ։ Հիշարժան էր նաև առաջին այցս եւ հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյանին, որ այն ժամանակ աշխատում էր ինստիտուտում. «Տեղակալը հիշում է Ձեզ Օքսֆորդի դասարանից»,- ասաց նա։ Այդ հանդիպումները եւ փորձառությունները մեծապես խորացրին հետաքրքրությունս և ձևավորեցին իմ գիտական ուղին։

– Որո՞նք են գրաբարի արժեքները մեր օրերում։

– Կասեի, որ շատ մեծ է արժեքը․ ինքնուրույն և յուրահատուկ լեզվական համակարգ է, որն ուղղակի համեմատելի չէ ժամանակակից հայերենի հետ։ Ունի մի շարք առանձնահատկություններ՝ հատկապես հռետորական, ճարտասանական կառուցվածք ու արտահայտչականություն, որոնք կարևոր դեր ունեն գրաբարյան նյութերում։ Այդ ճարտասանական լեզվամշակութային կառուցվածքը ձևակերպումների մեջ տարբեր շերտեր ունի՝ բնիկ հայկական եւ հունական ազդեցությամբ ձևավորված ոճեր։
Ունենք բավական շատ թարգմանական գործեր, բայց նաեւ ինքնուրույն հայկական գրական երկեր։ Կարծում եմ, որ գրաբարյան այդ ատաղձի՝ մատենագիտական ժառանգության առնվազն կեսը մինչ օրս հրատարակված չէ և առկա է միայն ձեռագրային տարբերակով. լայն ուսումնասիրության առարկայ է։ Դաշտում մասնագետների սակավության պայմաններում գրաբարի ամբողջական ուսումնասիրման համար պահանջվում է մի քանի սերունդ այս ժառանգությունը լիարժեքորեն բացահայտելու և գիտականորեն վերարժեւորելու համար։ Գրաբարի մեջ անընդհատ խորանալով՝ տեսնում ենք նոր շերտեր, հետաքրքիր բովանդակություն, որոնք լայն տարածում չեն գտել մինչեւ այսօր։

– Ինչպե՞ս եք ուսանողներին ներշնչում՝ սիրել գրաբարը։

– Շատ կարևոր է, որ լեզուն սիրեն շփման արդյունքում՝ հնարավորինս խոր կապ հաստատելով նրա հետ։ Թեև մեր դասագրքում առկա են հիմնականում անգլերենից գրաբար թարգմանական նյութեր, ես հավելել եմ նաեւ ընթերցանության այլ հատվածներ՝ հատկապես 5–7-րդ դարերից։ Դրանք ներկայացնում են ժամանակի հասարակական կյանքը՝ մատչելի լեզվով և գեղեցիկ շարահյուսությամբ։ Համոզված եմ՝ այդ շփման ընթացքում գրաբարի հանդեպ սերը անխուսափելի է։

- Ինչպիսի՞ մարտահրավերներ են առաջանում գրաբարից թարգմանելիս։

- Գրաբարի տեքստերը արմատապես տարբերվում են թե՛ լեզվական կառուցվածքով, թե՛ մտածողության ձևով։ Ժամանակակից հայերենում զգալի են օտար լեզուների որոշ ազդեցություններ, իսկ գրաբարը մեզ մղում է մի համակարգի, որտեղ իմաստը հաճախ թաքնված է տեքստի խոր շերտերում։ Թարգմանությունը պետք է կատարվի ոչ թե բառացիորեն, այլ գաղափարի մակարդակում՝ ընթերցողի հետ մտավոր երկխոսության միջոցով։ Ինչպես ուսանողներիս եմ ասում՝ կարևոր է նախ ընկալել միտքը, ապա նոր լեզվապես ձևավորել։

– Գրաբարը ունի՞ հատկություններ, որ արժե առանձնացնել։
- Ճարտասանական միջոցները, հատկապես շեշտադրումը ունի բազմաշերտ կառուցվածք՝ հնարավոր դարձնելով ընդգծել ոչ միայն բառերը, այլև դրանց ներքին նշանակությունը։ Ենթական հաճախ բացակայում է՝ ներառված լինելով բայաձևի մեջ, բայց դրա արտահայտումը՝ որպես հատուկ շեշտ, ծառայում է գաղափարի ընդգծմանը։ Այս բազմաշերտ լեզվամշակույթը ժամանակակից հայերենում գրեթե կորել է, սակայն խորքային ուսումնասիրությամբ այն հնարավոր է հասկանալ եւ վերարժևորել։
– Որպես գիտական ոլորտի ղեկավար և հետազոտող, ո՞ր փորձառությունն եք համարում առավել ազդեցիկ եւ ներշնչող։

- Իհարկե, պատասխանը կարող է լինել բազմաշերտ։ Մի կողմից՝ նոր նյութերի բացահայտման փորձառությունն է ներշնչող, երբ օրինակ՝ գնում ես Մատենադարան ու քո առջև բացվում է ձեռագիր, որը դարեր շարունակ ոչ ոք չի ընթերցել։ Այդ անմիջական շփումը, դեռևս չուսումնասիրված նյութի հետ, իսկապես բացառիկ զգացողություն է։ Մյուս կողմից՝ դասավանդման փորձառությունն է, հատկապես մագիստրոսական և ասպիրանտական կրթության մակարդակներում։ Քանի որ մենք հետազոտական ուղղվածություն ունեցող համալսարան ենք, մեծ դեր ունի ուսանողների հետ շարունակական աշխատանքը։ Մագիստրատուրան տևում է շուրջ երկու տարի, իսկ ասպիրանտուրան՝ ևս հինգ-վեց։ Այդ տարիների ընթացքում ականատես ես լինում ուսանողի մտավոր աճին՝ գիտելիքի շրջանակի լայնացմանը, վերլուծական հմտությունների խորացմանը, համեմատական տեսադաշտի ձևավորմանը թե՛ տարբեր ազգերի, թե՛ տարբեր գիտակարգերի համատեքստում։ Այդ առաջընթացը մեծ բավարարվածություն է տալիս։

– Ինչո՞վ է հայագիտությունը առանձնանում Մերձավոր Արևելքի և Կովկասի ուսումնասիրման ոլորտներից։

- Շատ կարևոր եւ հետաքրքիր հարց է, կասեի՝ համեմատական առումով հայագիտությունն ընդգրկում է մի յուրահատուկ դիրք։ Կան ղեկավարող՝ հեգեմոնիկ հասարակություններ՝ հռոմեականը, բյուզանդականը կամ խալիֆաթը, որոնք հզոր քաղաքական համակարգեր են, պետություններ։ Մյուս ծայրահեղությամբ կան պետականություն չունեցող, եկեղեցական կառույցի շուրջ ձևավորված համայնքները՝ ասորիներ, ղպտիներ։ Հայերը այդ երկու դասակարգումներից ոչ մեկին ամբողջությամբ չեն համապատասխանում՝ ունեն հայրենիք, պետականության ուժեղ գիտակցում, բայց պատմական շրջափուլերում նաև՝ պետության բացակայություն։ Եւ այդ պայմաններում հայ միտքը շարունակել է մտածել՝ ինչպե՞ս վերստեղծել պետականությունը, մշակութային ինքնությունը։ Այդ ձգտումը երբեք չի մարել։ Տիգրան Մեծի կայսրությունը՝ որքան էլ փառավոր, տևել է ընդամենը մեկ սերունդ, մոտ հիսուն տարի։ Իսկ հայկական աշխարհընկալումը ձևավորվել է ոչ թե այդ պահի տիրապետող դիրքով, այլ դրա սահմաններից դուրս՝ որպես խաղաղասեր, բարիդրացիական, բայց հողի հետ սերտ կապված համայնք։ 11-րդ դարից հետո սկսվում է հայկական մեծ սփյուռքը և այն ունի մի յուրահատկություն՝ աշխարհով մեկ տարածված լինելով հանդերձ, միշտ պահպանել է դեպի հայրենիք միտվածությունը։ Եւ զարմանալիորեն՝ սփյուռքյան մտահղացումները բազմաթիվ պատմական փուլերում եղել են ավելի առաջադիմական, քան՝ հայրենիքի սահմաններում ձևավորված պետական մոտեցումները։ Երկակիությունը՝ սփյուռք-հայրենիք կապը և՛ դժվարություն է, և՛ բացառիկ արժեք։ Այս համադրության մեջ է հայագիտությունը դառնում ոչ միայն ուսումնասիրության նյութ, այլև ինքնության խոր և դինամիկ արձագանք։

- Ո՞ր ձեռագիրը կբնութագրեիք որպես Ձեր և Մատենադարանի «հատուկ հանդիպում»։

– Այո, և այդ պահը դեռ հիշում եմ առանձնահատուկ հուզումով։ Մատենադարանում պահվող ամենահին գրաբարյան ձեռագիրը՝ թիվ 1 գործը, Տրոյական պատերազմի հայերեն ամփոփումն է՝ հիմնված Հոմերոսի «Իլիական» էպոսի վրա։ Սակայն այստեղ ներկայացված տարբերակը բավական ինքնատիպ է։ Մասնավորապես՝ Իլիոն քաղաքը տեղակայված չէ Տրոյայի, այսինքն՝ Արևմտյան Թուրքիայի տարածքում, այլ Հունաստանի արևմուտքում՝ Իպիրոսում։ Էպոսը պտտվում է գեղեցիկ մի աղջկա շուրջ, որին առեւանգում է Պարիսը։ Բնօրինակից տարբերվում է նաև հերոսների վարքի մեկնաբանությամբ. Հելենային ետ բերելու գնում է ոչ թե ամուսինը՝ Մենելաոսը, այլ՝ հայրը։ Տրոյական ձիու դրվագում ևս տարբերություն կա՝ մեկ ձիու փոխարեն կառուցում են շուրջ 210-ը՝ ամբողջ բանակին քաղաք ներս բերելու համար։ Պատերազմը կրկին տևում է շուրջ տասը տարի, սակայն մի շարք այլ յուրահատկություններ ևս կան։
Ձեռագիրը 14-րդ դարի նմուշ է, որն ընդօրինակել էր Գլաձորի վանահայր Եսայի Նչեցին։ Նիչ քաղաքից (Վանա լճի մոտ) էր վանահայրը եւ հանդիսանում էր ամբողջ ձեռագրական ծրագրի ղեկավարը։ Ձեռագրի մեջ առկա երեք մեծ պրակների կողքին մնացել էին դատարկ հատվածներ, որոնց մեջ Նչեցին տեղադրել է երեք կարճ գործ՝ այդ թվում՝ Տրոյական պատերազմի վերոհիշյալ տարբերակը։ Տվյալ հատվածը շուրջ 7–8 էջ է և արժեքավոր օրինակ է հայ միջնադարյան մտածողության ինքնատիպության։ Ամենաանսպասելի առիթներից մեկը եղավ այդ օրը, երբ «հանդիպեցի» և բացահայտեցի ձեռագիրը։

- Ժամանակակից հայագիտության զարգացման ի՞նչ հեռանկարներ և ի՞նչ ակնկալիքներ կան երիտասարդ հետազոտողներից։

- Հայագիտության զարգացումն այսօր ենթադրում է մոտեցումների վերանայում, ինչպես բոլոր գիտական ոլորտներում։ Նախ, անհրաժեշտ է պատմությանը մոտենալ համեմատական կերպով՝ ընդգրկելով միջազգային, տարածաշրջանային և մշակութային փոխազդեցությունները։ Պատմական իրադարձությունները երբեք մեկ ազգի պատմություն չեն, ուստի պետք է դիտարկել բազմակողմանի աղբյուրների և գործոնների համատեքստում։ Բացի այդ, այլեւս հնարավոր չէ, ինչպես իմ երիտասարդ ժամանակ էր, շեշտը դնել բացառապես բանասիրության վրա՝ մեր գործը սահմանափակելով միայն լեզվով ու բնագրերով։ Նաեւ պետք է լինի երկխոսության մեջ բնագիրը՝ արվեստի, ճարտարապետության, տնտեսագիտության, մշակութաբանության հետ։ Կարեւոր է ընդգծել, որ մենք հատկապես լուրջ բաց ունենք տնտեսագիտական ուսումնասիրությունների մեջ, և սա հասկանալի է. միջնադարյան պատմիչները հիմնականում վանականներ են եղել, իսկ նրանց համար այդ մասին գրելն անընդունելի էր։ Բազմաթիվ մատյաններ ու գրքեր թերթելով՝ որևէ հղում տնտեսագիտության մասին չենք հանդիպի։ Ի տարբերություն նրանց՝ արաբ պատմիչներն ու աշխարհագետները մեծ ուշադրություն են դարձրել տնտեսական իրողություններին՝ ինչ նյութ էր արտադրվում, ինչ եղանակներով, ինչպես էր իրականացվում առևտուրը, որտեղ էին կառուցվում կարավանատները, շուկաները և այլ։ Տվյալ թեմաներն իրենց աշխատություններում խիստ կարևոր տեղ էին զբաղեցնում, եւ ժամանակակից հետազոտողները անհրաժեշտ է անդրադառնան այդ բացերին։ Եթե հայկական աղբյուրները համեմատաբար քիչ տեղեկություն են փոխանցում, պետք է հայացք ուղղել հարևան ժողովրդների նյութերին, այդտեղից վերցնել անհրաժեշտ տվյալները, համադրել և աշխատել միջպատմական համատեքստում։ Այդպես կարելի է աստիճանաբար ձևավորել հայագիտական տնտեսագիտական ուղղություն։
Նույն կերպ՝ 10–17-րդ դարերում կրթությունը Հայաստանում հիմնականում զարգացել է եկեղեցու տիրույթում՝ վանքերում։ Այդ պատճառով էլ մինչ օրս համեմատաբար քիչ բան գիտենք ոչ միայն տնտեսության, այլև տարբեր ոլորտների, մասնավորապես՝ միջին և ստորին խավերի կյանքի մասին։ Մինչդեռ վերնախավի մասին տեղեկություններն անհամեմատ ավելի շատ են։ Սա ևս մի լուրջ բաց է, որը արժե լրացնել տարբեր մոտեցումներով և աղբյուրների համադրությամբ։
Եւ իհարկե, ուսանողների պարագայում երկկողմանի է մոտեցումը․ ներկայացնում եմ այդ բացերը, բայց միևնույն ժամանակ կարևորում եւ խրախուսում եմ նրանց անձնական հետազոտական հետաքրքրությունները, ինքնուրույն ընտրությունը։ Նրանց մոտեցումներն ու գիտական ձգտումները պետք է հարգել և խթանել։ Այդ ազատ, բայց գիտականորեն կառուցված միջավայրում է կարելի կյանքի կոչել նոր հայագիտական որակ։ Նրանց պետք է ներշնչել մտածել նոր տեսանկյուններով՝ հարգելով ստեղծագործական ազատությունն ու անհատական ուղին։

– Ինչպե՞ս եք դիտարկում ուսուցման նորարարական մեթոդները, մասնավորապես՝ նախագծահեն ուսումնառությունը (Project-Based) և դրանց ազդեցությունը ուսանողների ներգրավվածության վրա։

– Առաջին հերթին ներգրավումը սկսվում է լսարանից դեպի համայնք։ Երբ ուսանողը ծանոթանում է հայագիտությանը, սկսում է տեսնել, որ դա կարող է ոչ միայն հետաքրքիր, այլև խոստումնալից ասպարեզ լինել իր համար։ Շատ կարևոր եմ համարում նաև նրանց ներգրավել տարբեր գիտաժողովների, համայնքային ձեռնարկների, որտեղ կապեր են հաստատում համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ հարաբերությունները հաճախ տարիներ են տևում, և ժամանակ անց արդեն տեսնում ենք արդյունքը. ուսանողը թեւակոխելով ասպարեզ՝ ընտրում է այս ուղին։
Ինչ վերաբերում է ուսուցման մեթոդներին, ապա կուզեմ նշել անձնական օրինակով, որ իմ ուսուցիչներից շատերը հատուկ մեթոդաբանությամբ չէին աշխատում։ Դա տարածված էր. գրեթե բոլորը բանասերներ էին։ Պետք է խոստովանեմ՝ ուրախ չեմ, որ այդպես է եղել։ Ինքս ոչ մի օր հայոց պատմության կամ աշխարհագրության հատուկ դասեր չեմ ունեցել, ձեռք բերածս բոլոր հմտությունները այդ ասպարեզներում՝ ինքնաշխատությամբ, ինքնակրթությամբ է եղել։ Այդ փորձառությունը ինձ մղում է ուսանողներիս առաջարկել ավելի ամբողջական, բովանդակալից ծրագիր, քան ժամանակին ինձ տրվածը։ Միշտ փորձում եմ ծրագրերը զարգացնել, ըստ իմ կարգախոսի՝ «Ուսանող պետք է մնալ մինչև վերջ, այն օրը երբ դու այլեւս ուսանող չես՝ կորցնում ես նաև պրոֆեսորական կոչումը»։ Այսինքն, ուսուցման գործընթացը պետք է անընդհատ զարգանա՝ նոր գիտելիքով, նոր մոտեցումներով ու ներկայացման ձևերով։ Project-based մոտեցումը, հատկապես լեզվի ուսուցման մեջ, ինձ համար ամենից առաջ խնդիր լուծելու հմտություն է ձևավորում։ Այդ ձևաչափը շատ կարևոր եմ համարում հետազոտական համալսարաններում, ինչպիսին է նաև մերը։ Երբ ուսանողը սկզբից է առնչվում իրական խնդրի հետ և փորձում գտնել լուծումներ, այդ ներգրավումը դառնում է անմիջական ու արդյունավետ։ Այդպես է նաև գիտության առաջատար բնագավառներում. նոբելյան մրցանակակիրները մեզ մոտ դասավանդում են ոչ թե միայն պատմելով անցյալի ձեռքբերումների մասին, այլ սկսում են ներկայով՝ այսօրվա հրատապ հարցադրումներով։ Այդ մոդելն էլ հենց ոգեշնչող է. ուսանողը դառնում է մասնակից, ոչ թե պարզապես տեղեկացված։

– Արհեստական բանականությունը և թվայնացումը ի՞նչ հնարավորություններ ու ռիսկեր են ստեղծում հայագիտական կրթության համար։

– Ինչ վերաբերում է թվայնացմանը՝ գործընթացը արտացոլում է այն մեծ փոփոխությունը, որ արդեն նկատելի է։ Այսօր մի շարք ձեռագրեր ու գրքեր թվայնացված են, և մենք, մեր գրասենյակում կամ տանը նստած՝ կարող ենք անմիջապես մուտք գործել այդ նյութերին։ Դա արմատապես փոխում է հայագիտությամբ զբաղվելու հնարավորությունները, եւ այլևս պարտադիր չէ գտնվել տվյալ վայրում այդ աղբյուրների հետ աշխատելու համար։
Տեղին է նշեմ, որ վերջերս մեկ տարվա նպաստ ենք շահել Բրիտանական թանգարանից՝ թվայնացնելու հնատիպ գրքեր ու արխիվային նյութեր Գերլա քաղաքում։ 18-րդ դարում հայ համայնքի հիմնած հայաքաղաքն է Գերլան՝ Արմենոպոլիսը, որը ներկայում գտնվում է հյուսիսային Ռումինիայում, նախկինում պատկանել է Հունգարիային։ Տարածաշրջանը հայտնի է որպես Տրանսիլվանիա։ Չորս մագիստրանտ եւ երկու ասպիրանտ պետք է մեկնեն այնտեղ, որոնցից վերջինները մեկ տարի բնակվելով՝ թվայնացնելու են բոլոր նյութերը։ Պետք է նշեմ, որ բնագրերը պահվում են ծանր պայմաններում՝ խոնավություն, փոշի, ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, ուստի անհրաժեշտ է նախ դուրս բերեն միջավայրից, մաքրեն, ապա նոր թվայնացնեն բնագրերը։ Թվայնացված աղբյուրները կտեղադրվեն Գերլայի և UCLA-ի կայքերում՝ հանրամատչելի դարձնելու նպատակով։ Հույս ունենք՝ համայնքի գիտնականներն ու ուսանողները կներգրավվեն՝ ավելացնելով թարգմանություններ և մեկնաբանություններ։ Այդ կերպ այս հարստությունը կդառնա իրականում օգտագործելի և հասանելի ավելի լայն շրջանակի համար։
Իսկ ԱԲ-ի ռիսկերի հետ կապված՝ այո, բնականաբար շատ կարևոր է ճիշտ օգտվել իմանալ այս գործիքից։ Ես, օրինակ, այնպես եմ կառուցում իմ տնային հանձնարարությունները, որ պարզապես սխալ ձևով դրանից օգտվելը նպաստավոր չէ։ ԱԲ-ի միջոցով դրանք զարգացնելը հաճախ ավելի շատ ժամանակ է պահանջում, քան եթե ուսանողը ինքնուրույն գրի։ Սա, իմ կարծիքով, շատ կարևոր մոտեցում է։ Մյուս կողմից էլ, ԱԲ-ն դեռ այնքան զարգացած չէ, որ հնարավոր լինի աննկատ օգտագործել։ Սկզբից պարզ է դառնում՝ օգտվել է ուսանողը, թե՝ ոչ, քանի որ ԱԲ-ով գրված աշխատանքները սովորաբար համընդհանուր է, անտեղի գեղեցկացված, պարզեցված։ Դրանք չունեն այն խորությունը, հստակությունը և անհատականությունը, որը մարդը կարող է տալ սեփական մտքով։ Ինձ համար անընդունելի է նաև, երբ ուսանողը փոխարինում է սեփական միտքը ԱԲ-ով։ Բայց միաժամանակ կարծում եմ՝ ինչպես ցանկացած տեխնոլոգիա, ԱԲ-ն էլ պետք է ընկալել որպես գործիք, որը կարող է օգնել բոլորին, եթե կիրառվի գիտակցաբար և բացահայտ։

- Ձեր փորձի հիման վրա ի՞նչն է գրավում օտարազգի ուսանողներին հայագիտության մեջ, ի՞նչ խոչընդոտների են հանդիպում և ինչպե՞ս կարող է հայ համայնքը աջակցել նրանց։

- Իմ մուտքը հայագիտություն տեղի ունեցավ, երբ այն դեռ լայն ճանաչում չուներ։ Ինչպես ասում էին՝ անգլերենից թարգմանած. «Հայագիտությունն այն գաղափարն է, որի ժամանակը եկել է»,- իմ դեպքում՝ գալու էր ինձնից հետո։ Երբ ես սկսեցի՝ 1960-ականներին դաշտը լրիվ այլ էր։ Բայց արդեն 1990-ից ու հատկապես 2000-ի սկզբին զգալի փոփոխություններ եղան։ Հայագիտությունը՝ լեզուն, պատմությունը, մշակույթը դարձան առավել ճանաչելի ու հարգված։ Մարդիկ, անգամ եթե հայերեն չգիտեն, դիմում են մասնագետի, թարգմանության, բայց ինչպես տասնամյակներ առաջ էր՝ չեն անտեսում հայերենով պահպանված աղբյուրները։ Սա մեծ առաջընթաց է։ Այսօր ասպիրանտների, նոր գիտնականների համար հասանելի է շատ ավելին՝ միջոցներ, ֆինանսական աջակցություն, հրատարակման հնարավորություններ։ Եւ հետաքրքիր է՝ մենք հասել ենք այնպիսի ճանապարհի, խաչաձևման, որ այլևս պայման չէ մեկը լինի հայագետ՝ հայկական հարցերի, թեմաների առնչվելու համար։ Շատ հաճախ բազմագիտական մոտեցումներով են աշխատում՝ մարդաբանական կամ պատմական, և ավելի արժեքավոր արդյունքներ են ստացվում։ Բնականաբար, յուրաքանչյուր ուսանող գտնում է իրեն հարազատ ուղղություն։ Նրանցից շատերին հաջողվում է բերել նորարարական մոտեցումներ, բացահայտել նոր ուղղություններ, առաջարկել լուծումներ, որոնք պարզապես չկային հինգ-տասը տարի առաջ։ Դա, իհարկե, մեծ ներդրում է մեր բնագավառում՝ ոլորտի զարգացման առումով։

- Որո՞նք են UCLA-ի «Նարեկացի» հայագիտական ամբիոնի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն այսօր։

- Հիմնական մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ ֆինանսավորումը։ Թեև հնարավորություններն այսօր զգալիորեն ավելացել են համեմատած 20–30 տարի առաջվա հետ, կրթական հաստատությունները ողջ ԱՄՆ-ում կանգնած են բյուջետային կրճատումների վտանգի առաջ, ինչը ֆինանսական ապագան դարձնում է մշտապես անորոշ։ Միևնույն ժամանակ, ընդհանուր մթնոլորտը շատ ավելի բարենպաստ է։ Հայագիտությունն այսօր դարձել է ավելի միջազգայնացված, համագործակցությունն էլ ավելի սերտ է դարձել։ Այս դրական ու ցանկալի զարգացումը խթանում է հետազոտական դաշտի զարգացմանը։
Մարտահրավերներից, որ եւս կուզենայի առանձնացնել որպես օրինակ՝ վերաբերում է նյութական մշակութային ժառանգության պահպանմանը։ Հայտնի է, որ հայերը մեծ դեր են ունեցել լուսանկարչության զարգացման մեջ՝ հատկապես 19-րդ դարի 2-րդ կեսից մինչև 20-րդ դարի սկիզբ։ Այն, սակայն, հիմնականում եղել է անհատական կամ ընտանեկան շրջանակներում, ինչն ավելի խոցելի է դարձնում մշակութային ժառանգության պահպանությունը։ Շատ տխուր օրինակ՝ Գազայում գործող մի հայկական անհատական, ընտանեկան լուսանկարչական սերնդեսերունդ փոխանցվող արժեքավոր հավաքածուն ամբողջությամբ ոչնչացվել է ռմբակոծության հետևանքով։ Դա շատ տխուր, բայց խոսուն օրինակ է նյութական մշակույթի հետ կապված. խոսքը թևավոր է, կարող է թռչել այստեղ ու այնտեղ, բայց բուն արվեստի օրինակները շատ ավելի փխրուն են։ Հետեւապես, եթե ցանկանում ենք ուսումնասիրել հայկական մշակույթի դրսևորումները տարբեր ոլորտներում, էական է համախմբել միջոցները՝ այդ հավաքածուները նախ պաշտպանելու, ապահով տեղ հատկացնելու, ապա՝ ուսումնասիրելու համար։
Հայագիտության զարգացման ուղին տարբեր գիտակարգերի փոխկապակցման եւ երիտասարդների նորարար մոտեցումների ու հայացքների մեջ է։

Author's cover photo
Ամսաթիվ 17 / Հուլիս / 2025 : 20-38
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 9223անգամ
Վերջին լուրեր