Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2025 : 18-39

Երբ փաթեթավորումը խոսում է բրենդի լեզվով. Tiffany & Co.-ի կախարդանքը

1837 թվականին Նյու Յորքում Չարլզ Լուիս Տիֆանին և իր դպրոցական ընկերը՝ Ջոն Յանգը, հիմնում են մի համեստ խանութ՝ Tiffany & Young անունով։ Նրանք վաճառում էին արծաթյա իրեր, սպասք ու շքեղության պարագաներ, որոնք նախատեսված էին քաղաքի բարձր խավի համար։ Չնայած հոր աջակցությամբ Տիֆանին ներդրեց 1000 դոլար, առաջին օրվա վաճառքը կազմում էր ընդամենը 5 դոլար։ Բայց հենց այստեղից էլ սկսվեց մի պատմություն, որն այսօր դարձել է լեգենդ։

Մի քանի տարում ընկերությունը անցնում է զարդերի աշխարհ, կենտրոնանալով թանկարժեք քարերի, մատանիների և ապարանջանների վրա։ Տիֆանին գիտակցում էր, որ միայն լավագույն վարպետների միջոցով կարող է իր բրենդը վերածել արվեստի խորհրդանիշի։ Հենց այդ վարպետներն են ներմուծում աշխարհին հայտնի 925 պրոբը՝ միաձուլում, որը դարձավ որակի չափանիշ. 92.5% արծաթ և մնացածը՝ պղինձ, ցինկ կամ այլ մետաղներ՝ ամրության համար։

Սակայն այն, ինչ Tiffany & Co.-ն առանձնացրեց մյուսներից, մարքեթինգային պարզ, բայց հանճարեղ քայլն էր։ Բրենդը ընտրեց իր համար երկնագույն երանգը՝ որպես բրենդային գույն, հայտարարելով, որ այն երազանքների գույնն է։ Այս գույնը հետագայում դարձավ գրանցված ապրանքանիշ։ Tiffany Blue-ը դարձել է նույնքան ճանաչելի, որքան ապրանքները, որ կրում են այդ գույնի տուփերը։ Փաթեթավորումն այստեղ արդեն ապրանքից ոչ պակաս կարևոր է։

Հետազոտությունների համաձայն՝ երբ կինը ձեռքին պահում է Tiffany-ի տուփը, սրտի զարկերը արագանում են։ Բրենդը հաստատել է շատ պարզ կանոն. ոչ մի զարդ՝ առանց տուփի, և ոչ մի տուփ՝ առանց զարդի։ Այսինքն՝ դուք երբեք չեք կարող գնել դատարկ Tiffany-ի տուփ։ Շատերն անգամ խնդրում են վաճառել միայն տուփը, բայց մերժվում են. բրենդի մոգությունը չի վաճառվում առանձին։

Տուփի արժեքը այստեղ իրականում զգացմունքն է, որ այն արթնացնում է։ Այդ փոքրիկ կապույտ տուփն այսօր սիմվոլ է՝ սպասման, հուզմունքի, սիրո ու անմոռանալի պահերի։ Tiffany-ն ապացուցեց, որ փաթեթավորումն էլ կարող է դառնալ լեգենդ։
Դիտվել է 1266անգամ
Վերջին լուրեր