Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Սեպտեմբեր / 2022 : 17-16

«Շիացու մերսման մեթոդը գիտելիք է, որն ավելի ուժեղ է դարձնում մարզիկին». Արման Մանուկյան

Yelaket.am-ի զրուցակիցն է արևելյան մերսման ամենահետաքրքիր ձևերից մեկի՝ շիացու մերսման մասնագետ, Հայաստանում այս մեթոդը ինտեգրող և տարածող, Shiatsu Centre-ի հիմնադիր, ֆիզիոթերապևտ, Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսողների ազգային ֆեդերացիայի նախագահ, Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի կինեզոլոգիայի և արևելյան մերսման դասախոս Արման Մանուկյանը։

Արման Մանուկյանի անձը մեծապես նպաստել է մարզաառողջարարական ոլորտում նորարական մոտեցումների ձևավորմանը Հայաստանում։ Նրան հաջողվել է արևելյան ավանդույթները համադրել ժամանակակից վերականգնողական գիտելիքների հետ՝ ստեղծելով մի կրթական և պրակտիկ հարթակ, որտեղ շիացու մերսումը դառնում է ոչ միայն բուժական, այլև կանխարգելիչ գործիք։ Նրա նախաձեռնությամբ մեկնարկել են բազմաթիվ դասընթացներ, սեմինարներ ու վերապատրաստումներ, որոնք նպաստում են առողջ ապրելակերպի տարածմանը՝ հիմնված հինարևելյան ու ժամանակակից արևմտյան մեթոդների ներդաշնակ համադրության վրա։
-Պարոն Մանուկյան, բառացի ի՞նչ է նշանակում «շիացու»:
-Շիացու ճապորեներն բառ է, որը նշանակում է «մատով ճնշում»: Դա ճապոնական մեթոդ է, սակայն ծագումնաբանորեն այն Հին Չինաստանից է գալիս, որն իրենից ներկայացնում է բուժման եղանակ՝ հիմնված մատներով մեխանիկական ճնշման վրա, որն ազդում է կենսաբանորեն ակտիվ կետերի վրա։ Դեռ 6-րդ դարում մի չինացի հոգևորական, Ճապոնիայում գտնվելու ընթացքում, մի ճապոնացու բուժել է հենց այս մեթոդով։ Այդ պահից սկսած շիացուն սկսել է զարգանալ որպես առանձին բուժական ուղղություն։ Այսինքն՝ ճապոնացիներն այն յուրացրել են չինացիներից ու դարերի ընթացքում կատարելագործել: Նոր ժամանակներում շիացուի զարգացումը կապված է Տոկույիրո Նամիկոշիի անվան հետ, ով 20-րդ դարում համակարգեց այս մեթոդը՝ դարձնելով այն պաշտոնապես ճանաչված բուժմեթոդ Ճապոնիայում։ Նրա կարգախոսը հետևյալն էր. «Ոչ մի սարք չի կարող փոխարինել ձեռքի էներգիային»:

-Ինչպես է կատարվում այն:
-Շիացուն մարմնի վրա ազդեցության եղանակ է մատների, ափերի, արմունկների կամ երբեմն ծնկների միջոցով, որի նպատակն է վերականգնել մարդու էներգետիկ հավասարակշռությունը, ճնշելով որոշակի կենսաբանորեն ակտիվ կետեր։ Այս մեթոդը չի պահանջում յուղ կամ հատուկ միջոցներ՝ դա չոր մերսում է, հաճախ իրականացվում է հագուստով։

-Ինչին է ուղղված այն:
-Շիացուն ուղղված է մկանային լարվածության թուլացմանը, սթրեսի հաղթահարմանը, ներքին օրգանների գործունեության խթանմանը, արյան և ավշային շրջանառության կարգավորմանը, օրգանիզմի ինքնաբուժման ռեսուրսների ակտիվացմանը։

-Հայաստանում նոր հասկացողություն է շիացու մերսման մեթոդը, ըստ էության, Դուք այն Հայաստան բերողն եք: Որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք դրանով:
-Կարելի է ասել, որ այս մեթոդը վերջին տարիներին է ակտիվացել ու սկսել կիրառվել նաև պրակտիկայում։ Սակայն ես այս մեթոդին տիրապետում եմ դեռև հեռավոր 1997 թվականից։ Սկզբում զբաղվում էի՝ ելնելով սեփական նախասիրություններից, նույնիսկ համապատասխան դասընթացներ էի անցել: Ավելի ուշ իմ ընկերներից ոմանք խթան հանդիսացան, որ ես սկսեմ զբաղվել այս մեթոդով ո՛չ միայն ինձ, այլև ուրիշների համար: Անշուշտ, դա բարձրացնում է պատասխանատվության սանդղակը, և նաև դրանով է պայմանավորված, որ ես անցած տասնամյակներին կատարաելագործվել եմ ամեն օր, որովհետև դա հստակ գիտություն է, իսկ գիտությունը չի կարող տեղում դոփել:

-Ովքե՞ր էին Ձեզ համար խթան հանդիսացած ընկերները. մարզիկնե՞ր էին։
-Այո, նրանք հիմնականում մարզիկներ էին, որոնք տարբեր վնասվածքներ էին ստանում և հաճախ ստիպված լինում երկար ժամանակ հրավաժվել մրցումներից: Օրինակ՝ բազկամարտի աշխարհի եռակի չեմպիոն Վրեժ Սեդրակյանը: Ես առաջին անգամ հենց նրա հետ եմ աշխատել շիացու մեթոդով, կետային մերսմամբ կարողացել արագ վերացնել ձեռքերի հոգնածությունն ու վերականգնել ուժերը:

-Ե՞րբ է այս մեթոդը առավել արդյունավետ՝ համեմատած դասական մերսման հետ։
-Վերականգնողական ոլորտում՝ անկասկած։ Ես անձամբ տիրապետում եմ տարբեր մերսման ոճերի, բայց շիացուն ինձ առանձնապես գրավել է, որովհետև շատ արագ, խորը և արդյունավետ է ազդում։ Օրինակ՝ գլխացավի, ճնշման բարձրացման կամ նվազման դեպքում հնարավոր է առանց դեղորայքի, կարճ ժամանակում արդյունք ստանալ։ Հատկապես մարզիկների դեպքում, երբ վնասվածքն առաջանում է մրցաշարի ժամանակ, այս մեթոդը կարող է թույլ տալ արագ վերականգնվել ու շարունակել մրցումը:

-Դուք նշում եք, որ շիացու մեթոդը հատկապես արդյունավետ է վնասվածքների դեպքում։ Նման դեպքեր անձամբ ունեցե՞լ եք ձեր պրակտիկայում։
-Այո, եղել են բազմաթիվ դեպքեր։ Օրինակ՝ մուայ թայի (muay thai) մրցաշարերից մեկի ժամանակ մեր մերսողները դիմեցին մեզ՝ խնդրելով ուղարկել մասնագետ, որը պետք է աշխատեր հենց շիացու մեթոդով։ Մրցաշարին տարբեր ազգերից մասնակիցներ կային, բայց մեր մասնագետի իրականացրած կետային մերսումն ակնթարթորեն վերականգնող ազդեցություն ունեցավ։ Այդպիսի մարզաձևերում մարզիկը պետք է արագ վերականգնվի՝ առանց երկար ընդմիջման կամ քիմիական դեղորայքի։

-Այսինքն՝ սա՞ է պատճառը, որ մերսողների միջազգային ֆեդերացիան որոշել է կենտրոնացնել ուշադրությունը այս ոլորտի վրա։ Նախկինում ունեցե՞լ եք միջազգային հանդիպումներ։ Ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Կարծում եմ՝ այո։ Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսողների ազգային ֆեդերացիան, որպես համաշխարհային ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր, պատրաստվում է սեպտեմբերին Հայաստանում կազմակերպել մերսողների բաց առաջնություն։ Մրցաշարն ընդգրկելու է տարբեր մերսման ոճեր՝ թերապևտիկ, սպորտային, վերականգնողական։ Ներկայացված կլինեն արևելյան և արևմտյան ուղղությունները՝ այդ թվում նաև ZPA ոճը։ Մասնակցության հայտերն արդեն սկսվել են ընդունվել։ Երեկ հենց հայտարարել ենք, և ՎԻԱՄԵՖ-ի (WF - World Federation of Massage and Manual Therapies) կազմակերպիչներն արդեն հետաքրքրված են մասնակցությամբ։

-Միայն հայ մասնագետնե՞րն են մասնակցելու:
-Ո՛չ, այլազգի մասնագետներ էլ կարող են մասնակցել։ Մրցաշարը միջազգային է, և ով ցանկություն ունի՝ կարող է հայտ ներկայացնել։ Մարզիկների կամ թիմերի ղեկավարները կկարողանան սեփական աչքով հետևել, օրինակ՝ տեսնել, թե տասը մասնագետներից ով ինչպիսի արդյունք է ապահովում սպորտային մերսման անվանակարգում։ Հաճախ հենց մրցաշարից հետո մասնագետներին առաջարկներ են արվում՝ աշխատելու տարբեր կենտրոններում, հյուրանոցներում, կլինիկաներում։ Մասնակցությունն այս միջոցառմանը կարող է բացել միջազգային համագործակցության դռներ՝ ինչպես մասնագետների, այնպես էլ մարզիկների համար։

-Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք մեր մարզիկներին, որպեսզի հնարավորինս խուսափեն վնասվածքներից:
-Սա իսկապես շատ լուրջ հարց է։ Ես շփվում եմ բազմաթիվ մարզիկների հետ, այդ թվում Հայաստանի ազգային հավաքականներից։ Մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ շատ մարզիկներ մրցաշարերի ժամանակ չունեն համապատասխան մասնագետների ուղեկցություն։ Շատ դեպքերում նույնիսկ օլիմպիական համալիրում են մարզիկները մեր օգնությանը դիմել, երբ իրենց հետ չէր եղել անգամ ֆիզիոթերապևտ կամ մերսող։ Մենք միշտ անվճար աջակցել ենք, քանի որ դա մեզ համար ոչ միայն գործ է, այլև՝ առաքելություն։

-Այսինքն՝ նույնիսկ առանց դեղորայքի հնարավո՞ր է օգնել։
-Այո։ Շատերը դեղեր են խմում՝ հույս ունենալով, որ արագ կվերականգնվեն։ Բայց իրականում հնարավոր է լավ մասնագետի օգնությամբ հասնել նույն արդյունքին՝ առանց օրգանիզմը ծանրաբեռնելու։ Շիացուի կետային մերսումը, որն առաջացել է սամուրայների մշակույթում, դարեր շարունակ կիրառվել է մարտարվեստի ներկայացուցիչների մոտ։ Այն ոչ միայն օգնում է ֆիզիկապես, այլև հոգեպես կենտրոնանալ, վերականգնել հավասարակշռությունը։

-Ի՞նչ իրավիճակում կարելի է կիրառել այս մեթոդը տեղում։
-Բերեմ մի պարզ օրինակ։ Մարզիկը նոկդաունի մեջ է կամ գլխին հարված է ստացել և ուշագնաց եղել։ Մինչ բժիշկը կմոտենա, մենք արդեն կարող ենք մեկ ճշգրիտ կետային մերսմամբ մարդուն ոտքի կանգնեցնել։ Հենց այսպիսի միջամտություններն են, որ հատկապես կարևոր են սպորտում, երբ ժամանակը որոշիչ գործոն է։

-Մասնագետ դառնալու ճանապարհը շա՞տ երկար ու դժվար է:
-Այդ ճանապարհը կարճ չէ։ Շիացուի կամ մերսման լավ մասնագետ դառնալու համար պետք է ոչ միայն ուսանել տեսականորեն, այլև անցնել առնվազն երեք հազար ժամ գործնական պատրաստություն, որպեսզի հասկանալի լինի մեթոդի իմաստն ու ներգործության տրամաբանությունը։ Կարծում եմ՝ այս խոսակցությունը հատկապես օգտակար կլինի մեր մարզիկներին ու նրանց մարզիչներին։ Մեր նպատակն է զարգացնել նաև սպորտային մերձումը՝ պրոֆեսիոնալ մակարդակում։

-Իսկ Ձեր ֆեդերացիան ունի նաև միջազգային համագործակցության լայն հնարավորություններ:
-Այո, մեր դռները բաց են։ Բոլոր ակումբները, հավաքականներն ու մասնագետները կարող են դիմել մեզ։ Մենք ունենք փորձի փոխանակման հնարավորություն՝ միջազգային գործընկերների հետ, և կարող ենք աջակցել նաև վկայականներով, վերապատրաստման դասընթացներով։ Մեր ֆեդերացիայում ներգրավված են նաև բժշկական գիտությունների թեկնածուներ, ինչը երաշխավորում է կրթական և մասնագիտական բարձր մակարդակ։

-Որպես վերջաբան ինչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
-Ընթերցողները կարող են տարբեր ոլորտի մասնագետներ լինել, հետևաբար կխուսափեմ ընդհանուր խորհրդատվությունից, բայց, եթե կան մարզիկներ, ապա խորհուրդ կտամ ուժը մշտապես զուգուրդել գիտելիքի հետ, որովհետև դրանք միասին անխորտակելի մեծ զորություն են ներկայացնում իրենցից:
Դիտվել է 688անգամ
Վերջին լուրեր