Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունիս / 2022 : 15-09

«Բուժել ձեռքով՝ բառի բուն իմաստով». Արման Մանուկյանը փոխում է Հայաստանի սպորտային վերականգնողական ոլորտը

Հաճախ, երբ խոսում են մերսման մասին, շատերը պատկերացնում են հանգստացնող երաժշտություն, մեղմ շարժումներ ու «սպա» մթնոլորտ։ Բայց, երբ այդ մերսումը դառնում է գիտություն, մշակույթ և նույնիսկ մարտարվեստի մաս, այն դադարում է պարզապես հանգստանալու միջոց լինելուց՝ դառնալով թերապիա, մի ամբողջ փիլիսոփայություն, բուժական միջոց։ Շիացու ֆիզիոթերապևտ, մանկավարժ, միջազգային փորձառություն ունեցող մասնագետ Արման Մանուկյանն այն մարդն է, ով Հայաստանում տարիներ շարունակ կամաց-կամաց փոխում է մերսման մասին առկա ավանդական պատկերացումները։ Նա բուժում է ձեռքով, ուշադրությամբ և մեթոդով, որը ծնունդ է առել ճապոնացի սամուրայների ավանդույթներում։ Եվ արդեն վաղուց Արման Մանուկյան անունը կապվում է ո՛չ միայն ֆիզիկական վերականգնման, այլև մարզական հուսալքության հաղթահարման հետ։ «Ինչպես ասում էր Նամիկոշին՝ շիացուի հիմնադիրը, ոչ մի թանկարժեք սարք չի կարող փոխարինել ձեռքի էներգիային»,- ասում է Արման Մանուկյանը՝ շոշափելով այն սահմանը, որտեղ տեխնիկան ավարտվում է՝ իր տեղը զիջելով հազարամյա բուժական մեթոդի արվեստին։



Ճապոնական գիտություն՝ հայկական սրտով:

Շիացու մերսումը ճապոնական արմատներով, բայց չինական կենսաէներգետիկ համակարգով կերտված մեթոդ է, որը բխում է մարմնի կենսաբանորեն ակտիվ կետերի վրա ազդեցությունից։ Հայաստանում այն դեռ այնքան էլ տարածված չէ, սակայն հենց Արման Մանուկյանն է դարձել այդ մեթոդը հանրայնացնող առանցքային դեմքը։ Ինքներդ պատկերացրեք․ սեղմում եք մի քանի նուրբ կետ և մարզիկը, որը բառացիորեն չէր կարող շարունակել պայքարը, մեկ-երկու րոպե անց վերադառնում է մրցագոտի՝ լիարժեք պատրաստ վիճակում։ Սա ֆանտաստիկայի ժանրից չէ։ Սա շիացու մեթոդն է, որը Հայաստանում կիրառում է Արման Մանուկյանը. «Երբ Վրեժ Սեդրակյանի հետ աշխատում էի՝ բազկամարտի աշխարհի եռակի չեմպիոնի, մենք օգտագործում էինք շիացու մեթոդը։ Ձեռքերի հոգնածությունը վերանում էր շատ արագ, ու նա կարող էր կրկին լիարժեք ուժով մարզվել», — պատմում է Մանուկյանը։
Մրցաշարերից մինչև համագումարներ

«Մենք շատ մեծ արդյունքներ կարող ենք ունենալ, եթե միայն հնարավորություն ունենանք բոլոր մասնագետներին գործի դնել։ Հայաստանում ունենք գերազանց մասնագետներ՝ բոլոր դպրոցներից»,- վստահ է Ա. Մանուկյանը։ Այսօր Մանուկյանի ղեկավարած Շիացու վերականգնողական կենտրոնը, որը միաժամանակ գործում է նաև որպես հայաստանյան ազգային ֆեդերացիայի հիմք, պատրաստվում է սեպտեմբերին անցկացնել մերսողների բաց առաջնություն։ Մրցաշարի վերաբերյալ արդեն իսկ հետաքրքրվածություն են հայտնել միջազգային մասնագետներ, և այն դառնալու է հարթակ՝ որտեղ գիտությունն ու գործնական արդյունքը կհանդիպեն մի կետում։
Մարզիկի համար՝ ոչ միայն մկաններ, այլև՝ ուղեղ:

Մարզիկները հաճախ են բախվում իրավիճակների, երբ ցավը, հոգնածությունը կամ վնասվածքը կարող է փոխել ողջ ընթացքը։ Այստեղ է, որ վերականգնողական թիմի՝ մերսողի կամ ֆիզիոթերապևտի առկայությունը դառնում է կարևորագույն պայման հաղթանակի համար. «Հաճախ մարզիկները դեղեր են ընդունում՝ շուտ վերականգնվելու համար։ Բայց կան մեթոդներ, որոնցով կարելի է արագ և գրագետ դուրս բերել մարզիկին այդ վիճակից՝ առանց դեղամիջոցների»,- ընդգծում է Մանուկյանը՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ սխալ մոտեցումների պատճառով մարզիկը կարող է ընդմիշտ հեռանալ սպորտից. «Բայց չէ՞ որ կարելի է կանխել դա, բուժել նրան ու թույլ տալ, որ շարունակի իր կարիերան ու տարբեր երկրներում ծածանի մեր դրոշը»: Նրա վստահ խոսքով, եթե մարզական աշխարհը սկսի նույնքան կարևորել մերսողին, որքան մարզչին, արդյունքները կտրուկ կփոխվեն։ Ի վերջո, մի կետային մերսում կարող է փրկել ոչ միայն մկան, այլև՝ հուսալքված հոգի։ Մանուկյանը պնդում է, որ շիացու մերսումն իր տեսակով ոչ միայն մարմնի, այլև հոգու մաքրման ճանապարհ է։ Նա դասավանդում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում, ղեկավարում է ոլորտի առաջատար կազմակերպությունը Հայաստանում և շարունակում է պատրաստել մասնագետների, որոնք կկարողանան «ձեռքով բուժել»՝ բառի բուն իմաստով։ Իսկ մարզիկները հաճախ մրցման կուլիսներում, ասում են միայն մեկ բան. «Էս ի՞նչ եղավ, ոնց ես ոտքի կանգնեցի»։ Եթե երբևէ տեսնեք, թե ինչպես են շիացու մեթոդով մարզիկին վերադարձնում դաշտ, կզգաք՝ դա պարզապես մերսում չէ։ Դա վստահություն է՝ սեփական ուժերի հանդեպ։ Հայաստանում այդ վստահության ջահակիրը Արման Մանուկյանն է:
Դիտվել է 843անգամ
Վերջին լուրեր