Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հոկտեմբեր / 2025 : 17-06

Ռոջերի էֆեկտը. ինչպես դժգոհ հաճախորդը դարձավ հավատարիմ գնորդ

1993 թվականի սեպտեմբերի 16-ին Միննեապոլիսի բնակիչներից մեկը հիշեց, որ երկու օր առաջ Dayton խանութում մաքրման էր հանձնել իր կոստյումը, որը պետք է վաղուց պատրաստ լիներ։ Նա մտնում է խանութ և մոտենում է աշխատակիցներից մեկին՝ կյանքով լի և ժպտերես Ռոջեր Ազամին։

— Ես եկել եմ իմ կոստյումի ետևից, — ասում է հաճախորդը։

Երեք րոպե անց Ռոջերը վերադառնում է և կարճ պատասխանում.
— Ներողություն ենք խնդրում, բայց Ձեր կոստյումը դեռ պատրաստ չէ։

Հաճախորդի դեմքին ակնհայտ է դժգոհությունը։ Բայց մինչ նա կարձագանքի, Ռոջերը արագորեն ասում է.
— Ես հիմա կգամ, — և անհետանում է խանութի ներսում։ Մի քանի րոպե անց նա վերադառնում է և ասում վստահությամբ.
— Հենց հիմա մեր աշխատակիցները մաքրում են Ձեր կոստյումը։ Հաստատ հինգ րոպեից այն պատրաստ կլինի, ես Ձեզ խոստանում եմ։

Հաճախորդը շփոթվում է. նա չէր սպասում նման վերաբերմունք՝ այսքան անկեղծ և հոգատար։ Սպասելիս նա սկսում է քայլել խանութի տարածքում։ Պատահաբար նրա ուշադրությունը գրավում է Hugo Boss-ի սպորտային հագուստը՝ 575 դոլար արժողությամբ։ Վերջում նա ոչ միայն գնում է այդ հագուստը, այլ նաև կատարում է ևս 55 դոլարի գնումներ։ Այդպիսով, ընդամենը մի փոքր ուշադրությամբ և արագ արձագանքով Ռոջերը կարողացավ ապահովել 630 դոլարի վաճառք՝ վերածելով դժգոհ հաճախորդին հավատարիմ գնորդի։

Հետագայում պարզվում է, որ այդ հաճախորդը հայտնի համալսարանի մարքեթինգի պրոֆեսոր էր, ով իր դասերի ժամանակ մշտապես պատմում էր այս դեպքը՝ որպես օրինակ, թե ինչպես է ճիշտ սպասարկումը փոխում իրավիճակը։ Դրանից հետո Dayton խանութը շաբաթներ շարունակ ստանում էր շնորհակալական և հիացական նամակներ՝ բողոքների արդյունավետ կառավարման համար։

Այս երեւույթը հայտնի դարձավ որպես «Ռոջերի էֆեկտ»՝ այն պահը, երբ դժգոհ հաճախորդը ճիշտ վերաբերմունքի շնորհիվ վերածվում է հավատարիմ գնորդի։ Այս պատմության գլխավոր հերոսը՝ Ռոջեր Ազամը, սովորական աշխատակից էր, բայց իր մարդկային վերաբերմունքով դարձավ սպասարկման ոլորտի խորհրդանշական օրինակներից մեկը։

Եվ եթե այս պատմությունից կարելի է մեկ բան եզրակացնել, դա այն է, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է փնտրի իր Ռոջերներին՝ մարդկանց, ովքեր ոչ թե պարզապես աշխատում են, այլ հոգ են տանում։ Նրանց շնորհիվ ընկերությունները ձեռք են բերում ոչ միայն գոհ հաճախորդներ, այլ նաև վստահելի անուն և երկարաժամկետ հաջողություն։
Դիտվել է 1942անգամ
Վերջին լուրեր