Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Նոյեմբեր / 2025 : 14-45

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով

Սիրված դերասան Հրանտ Թոխատյանը տևական դադարից հետո վերադարձել է բեմ՝ նոր ուժով և ոգով։ Նրա ստեղծագործական վերադարձը նշանավորվում է Գևորգ Ալթունյանի հեղինակած և ռեժիսոր Արթուր Սահակյանի բեմադրած «Առաքել» ներկայացմամբ, որտեղ Թոխատյանի խաղընկերը տաղանդավոր դերասան Սամվել Թոփալյանն է։

Դադարից հետո առաջին ներկայացումը սեպտեմբերին էր, իսկ հանդիսատեսի արձագանքն առավել քան տպավորիչ՝ ջերմ, լի հուզմունքով ու երախտագիտությամբ։

«Այս հանդիպումներին շատերն էին սպասել։ Տպավորություն է, որ հարազատ մարդկանց սպասված հանդիպում էր»,- նշեց «Առաքելի» պրոդյուսեր Արամ Թոխատյանը, հավելելով, որ ներկայացման յուրաքանչյուր ցուցադրություն անցնում է բացառիկ մթնոլորտում.
«Հանդիսատեսը դերասանների հետ ծիծաղում է, տխրում, մտորում։ Ներկայացումներից մեկի ավարտին մի կին ասաց․ «Մենք մեր կյանքն ենք տեսնում բեմից: Իսկապես, այս պատմությունը մեր կյանքի, հույսի ու հավատի մասին է։ Առանց դրա առաջ գնալ չենք կարող»։
Արամ Թոխատյանի խոսքով՝ «Առաքել»-ը կշարունակի իր բեմական կյանքը: Նոյեմբերի 17-ին այն կրկին բեմում կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ առաջիկայում նաև հյուրախաղեր կլինեն։
«Ներկայացումը բեմ է վերադարձել նոր շնչով։ Թեև որոշ դադար կար, սակայն այսօր այդ հանգամանքն այլևս չի զգացվում: Թիմն այնքան լիարժեք և անմնացորդ է ներգրավված աշխատանքում, որ թվում է՝ դադար ընդհանրապես չի էլ եղել։ Հայրս շատ էր կարոտել բեմը, ստեղծագործելու ընթացքը։ Իսկ հիմա վերադարձել է այնպես, կարծես երբեք չէր էլ հեռացել բեմից: Իսկ հանդիսատեսի արձագանքը մեզ վստահություն է ներշնչում, որ ճիշտ տեղում ենք»,– ասաց նա։


Թոխատյանը բեմում այնպիսին է, ինչպիսին նրան սիրում է հանդիսատեսը՝ էներգիայով ու կյանքով լի, իսկ հանդիսատեսը շնորհակալ է նրան և Սամվելին՝ դերասանական վարպետության համար.
«Թիմի բոլոր անդամներն իրենց գործի նվիրյալներն են։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ «Առաքել»-ը ստեղծվել է ինն ամսում՝ ճիշտ նույնքան ժամանակահատվածում, որքան «Խաթաբալադան» և «Mea Culpa»-ն։ Իհարկե, այդ ժամկետը չէր կարող նախապես պլանավորված լինել որևէ մեկիս կողմից և ստացվել է ինքնին, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, յուրաքանչյուր ներկայացման ստեղծագործական ու տեխնիկական փուլերն իրականում հենց այդքան ժամանակ են պահանջում։ Դա երեխայի ծնվելու պես մի բան է՝ երկար, բարդ, բայց չափաազանց սպասված»,- նշեց Արամ Թոխատյանը։


Պիեսը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո՝ որպես խորքային մտորում հայրենիքի, արժանապատվության և ապրելու կամքի մասին։
Ներկայացումը պատմում է մարդու մասին, ով կանգնած է կյանքի ու մահվան սահմանագծին, պատրաստ է հանձնվել, սակայն հանդիպում է այն ուժին, որը վերադարձնում է նրան ապրելու և պայքարելու իմաստն ու հավատը։

Սամվել Թոփալյանը մարմնավորում է Տիգրան Մխիթարյանին՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր սպային, ով պատերազմից հետո կորցրել է ապրելու ցանկությունը։ Սակայն նրա կյանքում հայտնվում է Հրանտ Թոխատյանի հերոսը՝ խորհրդավոր Առաքելը, ով պարբերաբար Տիգրանին կանգնեցնում է ապրելու և հանձնվելու երկընտրանքի մտորումների առջև։
Ներկայացման ընթացքում հնչում է գլխավոր հարցը՝ ո՞վ է Առաքելը և ո՞վ է իր Տերը։ Թոխատյանի կերպարը պատասխանը տալիս է հենց բեմից․

«Այսքան տարի սպասում ենք, որ մեկը գա ու փրկի փրկի։ Բայց փրկությունը պարտավոր ենք փնտրել մե՛ր մեր: Երբ հասկանանք, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, կյանքն էլ, պայքարն էլ ավելի հեշտ կդառնան»։
Ներկայացման առանցքում կյանքի շարունակության, հավատի և արժանապատվության գաղափարներն են, իսկ ապրելու բանաձևը հետևյալն է.

«Ոչ թե հանձնվել, արտագաղթել կամ կախվել, այլ ապրել ու պայքարել։ Ու երբ հաղթենք, ամեն մեկն իր որդու գերեզմանի եռագույնը հպարտությամբ կտանի ու կդնի այն հողի վրա, որի համար որդին կյանք է տվել։ Սա՛ է արժանապատվության ուղին»։
Ներկայացման ստեղծագործական թիմը վստահեցնում է․ այս ներկայացումը մե՛ր մասին է: «Իրականությունը՝ առանց ավելորդ դիմակների, մեր կյանքի ու մեզնից յուրաքանչյուրի մասին: Միայն մե՛ր մասին…»:
Դիտվել է 1945անգամ
Վերջին լուրեր