Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունվար / 2026 : 19-16

Կյանքի կարևոր դաս, որը գրված չէ դասագրքերում

1970-ականներին ԱՄՆ Բոստոն քաղաքում նոր դպրոցի բացում էր։ Բացմանը հրավիրված էին քաղաքի հին մանկավարժները, որոնք վաղուց արդեն թոշակի էին անցել։ Բացումից առաջ խոսք ասաց նոր դպրոցի տնօրենը՝ երեսունյոթամյա տղամարդ, որը ծնվել և մեծացել էր Բոստոնում։

Խոսքի ընթացքում նա հանկարծ նկատեց հավաքվածների մեջ համեստորեն կուչ եկած մի պապիկի, որի դիմագծերը ծանոթ թվացին նրան։ Արարողությունից հետո, երբ հյուրերն արդեն հեռանում էին, տնօրենը մոտեցավ հեռացող պապիկին, որը ձեռնափայտով հազիվ էր շարժվում․

-Սըր, մի րոպե, ներողություն եմ խնդրում։
Պապիկը շրջվեց․
-Լսում եմ Ձեզ։
-Սըր, ես ճանաչեցի Ձեզ։ Դուք իմ առաջին ուսուցիչն եք։ Ես Ձեր դիմագծերը երբեք չեմ մոռանա, առավել ևս՝ Ձեր մարդկային քայլը, որն ինձ դեռ պատանի հասակից ոգևորեց մանկավարժ դառնալու։
-Ի՞նչ քայլի մասին է, խոսքը, տղաս։ Այո, ես ուսուցիչ եմ եղել, բայց քեզ չեմ հիշում։
-Մի օր մեր դասարանի տղաներից մեկը շքեղ մի ժամացույց էր կապել։ Դուք նրան կարգադրեցիք հանել ժամացույցը և պահեցիք Ձեր դարակում՝ խոստանալով դասերի ավարտին վերադարձնել այն։ Ժամացույցն այնքան գեղեցիկ էր, որ ես գայթակղվեցի, և երբ դասամիջոցին Դուք և բոլորը դուրս եկաք, ես այն գողացա Ձեր դարակից, բայց չհասցրեցի պահել, որովհետև բոլորը հետ եկան դասարան։ Դասի վերջում պարզվեց, որ ժամացույցը չկա․ ակնհայտ էր, որ երեխաներից մեկն է այն գողացել։ Դուք բոլորին կարգադրեցիք շարվել պատի տակ և փակել աչքերը։ Իսկ ինքներդ սկսեցիք ստուգել երեխաների գրպանները։ Արյունս սառել էր․ ես մտածում էի, որ ամոթից կմեռնեմ ու իմ ծնողները խայտառակ կլինեն։ Դուք հասաք իմ գրպաններին, շոշափեցիք ժամացույցը, հանեցիք այն և մեկ րոպե անց ասացիք․ «Վերջ, երեխաներ, գտնվեց․ կարող եք բացել ձեր աչքերը»։ Բացի Ձեզնից՝ ոչ մեկն այդպես էլ չիմացավ, որ գողը ես էի։ Տղան վերցրեց իր ժամացույցն ու գնաց, իսկ ես ամոթից չէի կարողանում աչքերս բարձրացնել, որպեսզի գոնե շնորհակալություն ասեի, որ ինձ չմատնեցիք։ Ձեր արարքն ազնիվ մարդու և իսկական մանկավարժին վայել արարք էր, և ես վարակվեցի դրանով ու ինքս դարձա մանկավարժ։
Պապիկը մի քանի րոպե մտածեց ու հազիվ լսելի ձայնով խոսեց․
-Տղաս, ես հիշեցի այդ դեպքը, բայց ոչ քեզ, որովհետև ձեր գրպանները ստուգելու ընթացքում իմ աչքերն էլ էին փակ․ ես չգիտեմ, թե որ մեկի գրպանից եմ հանել ժամացույցը։ Այդպես պետք էր, որպեսզի ես չտրամադրվեի այն երեխայի հանդեպ, որը պարզապես զոհ էր գնացել չունևորությանն ու գայթակղությանը․․․
Հ ․ Գ․ Քանի դեռ ուժերս և առողջությունս հերիքում է, կասեմ․ կրթությունը գիտելիք չէ, տիկնայք և պարոնայք՝ պատասխանատուներ բոլոր ժամանակների․ կրթությունը դաստիարակություն է, հետո նոր գիտելիք, ինֆորմացիա։ Տարիներ անց դու սերնդից ստանալու ես ուղիղ այն, ինչ-որ տվել ես, ու նայելով մեր անորոշ վիճակին, Աստված գիտի ինչեր են տվել մեզ 1991թ-ից մինչ օրս․․․

Վերցված է Էդուարդ Մանվելյանի Facebook-յան էջից։
Դիտվել է 1129անգամ
Վերջին լուրեր