Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հունվար / 2026 : 16-42

The New York Times-ը Հայաստանը ներառել է 2026-ին այցելելու լավագույն ուղղությունների ցանկում

Հայաստանը հայտնվել է հեղինակավոր The New York Times պարբերականի «52 Places to Go in 2026» ցուցակում՝ որպես առաջիկա տարվա խոստումնալից զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Պարբերականը հատկապես ընդգծում է 2026 թվականի մայիսին Երևանում անցկացվելիք Concours Mondial de Bruxelles գինու միջազգային հեղինակավոր մրցույթը՝ այն համարելով տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը երկրի համար։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանը գինեգործության ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող երկրներից է և այցելուներին առաջարկում է գինու թեմատիկ շրջագայություններ չորս հիմնական գինեգործական տարածաշրջաններում։ Այս հարուստ ժառանգությունը, ըստ միջազգային փորձագետների, դարձել է Հայաստանի ճանաչելի խորհրդանիշներից մեկը։

Գինեգործությունից բացի, The New York Times-ը առանձնացնում է նաև երկրի բնական գանձերը՝ Սևանա լիճը, նրա ափամերձ տարածքները և «Դիլիջան» ազգային պարկը։ Հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանի կենսաբազմազանությանը, որտեղ պահպանվում են բույսերի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակներ։

Պարբերականը գրում է, որ Կովկասի սրտում գտնվող Հայաստանը տասնամյակներ շարունակ գրավել է արշավների և բնության սիրահարներին, սակայն վերջին շրջանում զբոսաշրջային հոսքերը երկրում աճում են առավել արագ և նկատելի տեմպերով։
Դիտվել է 1283անգամ
Վերջին լուրեր