Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հունվար / 2026 : 18-30

Վանա լճի նահանջող ջրերը բացահայտել են հայկական հնագույն բերդ

Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում պատմության խորքերից կրկին երևան է եկել հայկական հին Արճեշի բերդը։ Երաշտի հետևանքով լճի ջուրը նահանջել է շուրջ 2 մետրով, ինչի արդյունքում ջրի երես են դուրս եկել բերդի ավերակները։

Հին Արճեշը, որի մի հատվածը հայտնի է «Չելեբիբաղը» անունով, 1841 թվականին լճի մակարդակի բարձրացման պատճառով աստիճանաբար լքվել և անցել էր ջրի տակ։ Ժամանակի ընթացքում «խորտակված քաղաքը» ենթարկվել էր նաև երկրաշարժերի վնասներին․ մասնավորապես՝ 2011 թվականի Վանի երկրաշարժը լուրջ ավերածություններ էր պատճառել քաղաքին պատկանող շինություններին։

Թուրքական Yeni Şafak պարբերականի հաղորդմամբ՝ ներկայումս ջրի նահանջը հնարավորություն է տվել տեսնելու Արճեշի բերդի մնացորդները։ Թուրք հետազոտող և գրող Սելահաթթին Քոշարը նշել է, որ նախատեսվում է բերդի մի հատվածի վերականգնում և դրա վերածումը զբոսաշրջային կենտրոնի։

Արճեշի բերդը կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում և կարևոր դեր է ունեցել տարածաշրջանի պատմության մեջ։ Սակայն Թուրքիայում այսօր հիմնականում խոսվում է միայն ամրոցի ներքին կառույցների և պատմական մզկիթի մասին՝ անտեսելով այստեղ գոյություն ունեցած եկեղեցիները։

Պատմական աղբյուրները վկայում են, որ 18-րդ դարի երկրորդ կեսից սկսած Վանա լճի մակարդակի բարձրացման պատճառով հին Արճեշն աստիճանաբար ամբողջությամբ անցել է ջրի տակ։ 19-րդ դարի երկրորդ կեսից նրա շինություններն այլևս չէին երևում, և միայն ուժեղ ալեկոծությունների ժամանակ հնարավոր էր նկատել պաշտպանական պարիսպների ու աշտարակների մնացորդները։

Հին Արճեշի ջրի տակ մնալուց հետո, նրա հյուսիսում՝ ավելի բարձրադիր տարածքում, հիմնադրվել է նոր քաղաք՝ Ականցը, որն այսօր հայտնի է Նոր Արճեշ անունով։
Դիտվել է 1040անգամ
Վերջին լուրեր