Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Ապրիլ / 2026 : 13-09

Հայէկոնոմբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը 20 մլն ԱՄՆ դոլարի համաձայնագիր են կնքել

Հայէկոնոմբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԾԱԶԲ) ստորագրել են 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային նոր համաձայնագիր՝ խորացնելով իրենց բազմամյա համագործակցությունը: Ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը և նրանց գործունեության ընդլայնմանը:

«Այս ռեսուրսն ավելին է, քան պարզապես ֆինանսական գործիք. այն ռազմավարական ներդրում է Հայաստանի տնտեսական ապագայում: Հնարավորություն տալով Հայէկոնոմբանկին ընդլայնել ՓՄՁ-ների վարկավորումը՝ մենք օգնում ենք տեղական բիզնեսին զարգանալ ամուր հիմքերի վրա՝ խթանելով նորարարությունը, աջակցելով աշխատատեղերի ստեղծմանը և ամրապնդելով երկարաժամկետ տնտեսական դիմակայունությունը», - նշել է ՍԾԱԶԲ նախագահ Սերհատ Քյոքսալը՝ հավելելով, որ «այս նախաձեռնությունն ընդգծում է ավելի դինամիկ և ներառական տնտեսություն կերտելու ընդհանուր հանձնառությունը»:
Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը նշել է. «Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայէկոնոմբանկի և ՍԾԱԶԲ-ի միջև ձևավորված ռազմավարական համագործակցության համար: Այս հինգերորդ համաձայնագիրը Հայէկոնոմբանկին թույլ կտա բավականին մարտահրավերային ժամանակաշրջանում ՓՄՁ-ներին տրամադրել երկարաժամկետ ֆինանսավորում՝ մրցակցային պայմաններով: Մենք երախտագիտությամբ ենք հիշում անցյալ տարի Երևանում ՍԾԱԶԲ-ի կողմից կազմակերպված «Խթանելով տարածաշրջանային առաջընթացը» խորագրով բիզնես համաժողովը և դրա շրջանակում ստորագրված նախորդ վարկային համաձայնագիրը»:

Հայէկոնոմբանկի և ՍԾԱԶԲ-ի համագործակցությունը սկսվել է 2007 թվականին: Մինչ օրս 5 վարկային համաձայնագիր է կնքվել՝ ընդհանուր 60 մլն ԱՄՆ դոլար ծավալով:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԾԱԶԲ) մասին. ՍԾԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ հիմնադրված Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: ՍԾԱԶԲ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: ՍԾԱԶԲ-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը՝ տրամադրելով վարկեր, վարկային գծեր, սեփական կապիտալ և երաշխիքներ անդամ երկրներում պետական և մասնավոր հատվածի նախագծերի և առևտրի ֆինանսավորման համար: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3,45 մլրդ եվրո: ՍԾԱԶԲ-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.bstdb.org:
86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտվել է 1471անգամ
Վերջին լուրեր