Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մայիս / 2026 : 20-26

Ինչպե՞ս են իրանական ճգնաժամն ու պատժամիջոցները հզորացրել չինական յուանը

Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Իրանի շուրջ ծավալվող ռազմական հակամարտությունն ու աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերը նոր և հզոր թափ են հաղորդել համաշխարհային ֆինանսական համակարգի վերաձևմանը։ Ինչպես հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով առաջատար վերլուծաբաններին, էներգակիրների շուկայում լարվածության աճը կտրուկ արագացրել է չինական յուանի օգտագործումը նավթի միջազգային առևտրում և հանգեցրել է չինական CIPS միջսահմանային հաշվարկային համակարգի նկատմամբ պահանջարկի աննախադեպ թռիչքի։

Ըստ պարբերականի տվյալների՝ ընթացիկ տարվա մարտին Չինաստանի միջբանկային միջսահմանային վճարային համակարգի՝ Cross-Border Interbank Payment System (CIPS) միջոցով իրականացված օրական գործարքների միջին ծավալը հասել է պատմական ռեկորդի՝ 920.5 միլիարդ յուանի (շուրջ 135.7 միլիարդ դոլար)։ Ավելին, ապրիլի սկզբին արձանագրվել է կարճատև, բայց տպավորիչ պիկային աճ, երբ ցուցանիշը հատել է օրական 1.22 տրիլիոն յուանի սահմանագիծը։

FT-ն ընդգծում է, որ այս վիճակագրությունը վերստին ակտիվացրել է համաշխարհային նավթային առևտրում դոլարի բացարձակ հեգեմոնիային սպառնացող «նավթայուանի» (petroyuan) համակարգի ձևավորման շուրջ քննարկումները։ Թեև չինական արժույթով նավթային գործարքների պաշտոնական և ամբողջական վիճակագրություն դեռևս չի հրապարակվում, փորձագետները միակարծիք են, որ իրական ծավալները կայուն աճում են։ Այս միտումն ուղղակիորեն պայմանավորված է ռուսական և իրանական նավթի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասնակի մեղմացմանը հաջորդած իրողություններով. խոշորագույն գնորդները, այդ թվում՝ Հնդկաստանը, ստիպված են եղել հաշվարկներում անցնել յուանի, քանի որ Մոսկվան ու Թեհրանը փաստացի զրկված են դոլարային լիարժեք վճարումներ ընդունելու հնարավորությունից։

Այդուհանդերձ, ֆինանսական վերլուծաբանները հորդորում են չափից ավելի չշտապել դոլարի դիրքերի անկման կանխատեսումներում։ Նրանց գնահատմամբ՝ յուանի համաշխարհային էքսպանսիայի ճանապարհին դեռևս լուրջ արգելքներ կան։ Ամերիկյան արժույթի հետ լիարժեք ու հավասարազոր մրցակցության համար Պեկինից կպահանջվի գնալ սեփական ֆինանսական համակարգի արմատական բացման, կապիտալի վերահսկողության թուլացման և յուանով արտահայտված ածանցյալ գործիքների (derivatives) շուկայի զարգացման։

Որպես յուանի գլոբալ ազդեցության ընդլայնման միջանկյալ, բայց արդյունավետ մեխանիզմ՝ փորձագետները մատնանշում են ոսկու գործոնը։ Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ օտարերկրյա էներգակիր արտահանողները, կուտակված ավելցուկային յուանները արժեզրկումից պաշտպանելու համար, կարող են դրանք ուղղակիորեն փոխարկել ոսկու՝ Շանհայի ոսկու բորսայի (Shanghai Gold Exchange) միջոցով։ Սա թույլ կտա իրականացնել խոշոր կապիտալի շարժ՝ ամբողջությամբ շրջանցելով ամերիկյան դոլարն ու արևմտյան բանկային վերահսկողությունը։
Դիտվել է 826անգամ
Վերջին լուրեր