Մեկուսացված անձանց կարող են սմարթֆոններ տրամադրել, կամ ոստիկան տեղակայել տան առջև
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է կառավարության հեղինակած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:
«Ինչի՞ մասին է խոսքը. հանրային էլեկտրոնային ծառայություններ ստացող հաճախորդների վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալները: Խոսքը հաճախորդի տեղորոշման մասին է՝ հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալները:
Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ, անձանց վարակումը ստուգելու տվյալները:
Մեկ միասնական հարթակում այս բոլոր տեղեկությունները հավաքագրելու անհրաժեշտությունն այն է, որ բոլոր տեղեկությունները, այդ թվում՝ չվարակվածների, հավաքվում են առցանց տարբերակով, որպեսզի անձի մոտ վարակի առկայության հաստատման դեպքում օպերատիվ կերպով կանխորոշվի կոնտակտավորների շրջանակը:
Շեշտեմ, որ հեռախոսազանգերի և հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու: Այս փաթեթով չնախատեսված դեպքերի ժամանակ, օրինակ՝ բժշկական գաղտնիք հրապարակելու դեպքում, արարքը պատժելի է քրեորեն»,-ասաց նախագծի զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պետք է անեն նրանք, ովքեր սմարթֆոններ չունեն, նախարարն ասաց, որ այն կարևոր է, որպեսզի համապատասխան հավելվածի միջոցով մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմաններն իրականացվեն. «Ով սմարթֆոն չունի, նշանակում է պետք է մտածել այլ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջների մասին:
Առանձին դեպքերում հնարավոր է սմարթֆոնի տրամադրում, կոնկրետ վայրերում մեկուսացում, կամ օրինակ բնակարանի առջև ոստիկանի տեղակայում, որպեսզի բացառվի տվյալ անձի ելքը բնակարանից, որպեսզի վարակը չտարածվի»: