Օրենքով ֆիքսել և հավաքագրել բոլորի հեռախոսազանգերի տվյալները՝ քաղաքացիների տեղաշարժին հետևելու համար. առաջարկ կառավարությունում
Արտակարգ դրության ժամանակ անձնական կյանքի ոչ մի իրավունք. քաղաքացիներին կսկսեն հետեւել
Կառավարությունն արտակարգ դրության ռեժիմում առաջարկում է անձնական տվյալների պաշտպանության իրավունքի սահմանափակումներ մտցնել, օրինակ՝ մասնավոր եւ անձնական կյանքի անձեռնմխելիություն, շփման ազատության եւ գաղտնիության իրավունք: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ արտահերթ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի արագացված ռեժիմով քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Արտակարգ դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցման ցանցի օպերատորները պարտավոր են պետական մարմիններին եւ պետական իրավաբանական անձանց (այսուհետ՝ տվյալները մշակողներ) տրամադրել՝
- տվյալներ, որոնք անհրաժեշտ են նշված հասարակական ծառայությունները ստացող հաճախորդի գտնվելու վայրի որոշման համար;
- հետախոսահամարները, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն հաճախորդի հեռախոսահամարի հետ, ինչպես նաեւ հեռախոսազրույցի ամսաթվի, սկզբի եւ ավարտի վերաբերյալ տվյալները, ինչպես նաեւ դրանց տրամադրումը հեռախոսահամարի վերահասցեավորման դեպքում;
- տվյալները մշակողները կարող են կառավարությունից, առողջապահության համակարգի մարմիններից, կազմակերպություններից, ինչպես նաեւ բուժօգնության եւ ծառայությունների մատակարարներից համապատասխան կարգով խնդրել արտակարգ դրության սահմանման մասին՝ այլ տվյալների հետ համեմատության համար;
- տրամադրված տվյալները կարող են բացահայտնել նաեւ երրորդ անձանց գտնվելու վայրը;
- քաղաքացիները կունենան սարքեր կամ ծրագրային ապահովում, որը նախատեսված է նրանց գտնվելու վայրը, տեղաշարժը եւ առողջական վիճակը հետեւելու համար: Այդ պարտավորության խախտման դեպքում տուգանք է նախատեսված՝ 100-200 հազար դրամի չափով:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության ռեժիմ է գործում: