Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով
Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, բանկերը որոնք չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները, դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով: եթե կրկնակի խախտումներ անեն, ապա նաև երկար ժամանակով կփակվեն, նույնիսկ մեկ ամսով և նույնիսկ եթե պետք լինի այդ իրավախախտների անուններ պետք է հրապարակվեն, որպեսզի մարդիկ իմանան, որ անվտանգ չէ այդ ծառայություններից օգտվել։
Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Փաշինյանը` շեշտելով, որ կորոնավիրուսով վարակման վտանգը Հայաստանում կտրուկ մեծացել է:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավիճակը բարդանում է, ապա ավելացրեց, որ խստագույն հսկողություն պետք է սահմանեն անվտանգության կանոնների պահպանման հարցում, նաև պատժողական քաղաքականություն են իրականացնելու, ինչպես նաև բացատրական աշխատանք են շարունակելու տանել մարդկանց հետ:
«Մեր մասնագետները հետազոտություն են արել, որը ցույց է տալիս, որ դիմակի կրման կուլտուրան հնարավորություն կտա զրոյացնել դեպքերը: Արդյունքը ստացվում է դիմակի որակից և դիմակի կրման որակից»,-ասաց նա:
Այսպիսով` վարչապետը նշեց, որ որոշում են կայացրել, որ առևտրի բոլոր մասնակիցները, անկախ իրենց գտնվելու վայրից, պետք է լինեն դիմակով, այսինքն՝ և´ գնողը, և´ վաճառողը պետք է լինեն դիմակով: