25 / Մայիս / 2020 : 15-00

Ծիծաղելի է նման բան լսել մի երկրի նախարարից, որտեղ վերջին 2 օրում ավելի շատ վարակման դեպք է գրանցվել, քան Վրաստանում ամբողջ համավարակի ընթացքում

 

Վրաստանում ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Չենգիզ Ցերցվաձեն կրկին անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանն ու դրան հետևած ՀՀ առողջապահության նախարարության բացատրությանը, համաձայն որի՝ ԶԼՄ-ները ճիշտ չեն մեկնաբանել Թորոսյանի խոսքերը Վրաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մասին: Այս մասին գրում է interpressnews.ge կայքը:

«Ինչպես հայտնի է, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 22-ին, մեղմ ասած, ոչ ճիշտ և մոլորեցնող հայտարարություն է տարածել Վրաստանի մասին: Դրանից հետո Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակիցները բացատրություն են տվել, իբր Թորոսյանը նման բան չի ասել, և նրա հայտարարությունը սխալ է մեկնաբանվել ԶԼՄ-ների կողմից: Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ սա ևս մեկ ապատեղեկատվության փորձ է, քանի որ ես անձամբ եմ լսել պարոն Թորոսյանի խոսքը, որում նա առանց որևէ հիմքի հայտարարում է, որ հակահամաճարակային իրավիճակը Հայաստանում ավելի լավ է, քան Վրաստանում»,-հայտարարել է Ցերցվաձեն:

Ցերցվաձեն նշել է, որ ինքն արդեն հայտարարել է և ևս մեկ անգամ կրկնում է, որ «ծիծաղելի է նման բան լսել մի երկրի առողջապահության նախարարից, որտեղ վերջին երկու օրերի ընթացքում ավելի շատ վարակման դեպք է գրանցվել, քան Վրաստանում ամբողջ համավարակի ընթացքում»:

Դիտվել է 42540անգամ
Վերջին լուրեր