Մանկավարժն անդրադարձել է հեռավար ուսուցմանը․ դիտարկումներ, որոնցից կարելի է հետևություններ անել
Հայստանը առաջին անգամ փորձարկեց համընդհանուր հեռավար ուսուցումը: Սա անշուշտ, մեծ փորձություն էր մեր բազմաչարչար կրթական համակարգի համար: Կդառնա՞ այս փորձությունը փորձառություն` միայն ժամանակը ցույց կտա, սակայն այն, որ մեր կրթական համակարգը թարմ շնչառության կարիք ուներ և ունի` դա միանշանակ է:
Հայաստանում արտակարգ դրության պայմաններում ուսումնական ողջ գործընթացը տեղափոխվեց առցանց տիրույթ, և եթե հաշվի առնենք այն փաստը, որ արտակարգ դրությունը հնարավորությունների ժամանակահատված է, ապա յուրաքանչյուրիս համար սա նոր գիտելիքի, կրթական նոր մեթոդների և գործիքների կիրառման մեծ առիթ էր: Այո, փորձը ցույց տվեց, որ համակարգը պատրաստ չէր նման իրադարձությանը ոչ տեխնիկապես, ոչ մեթոդական տեսանկյունից և ոչ էլ հոգեբանորեն։ Սակայն, ինչպես գիտենք, ֆորս մաժորային իրավիճակներում առավել արդյունավետ են զտվում երևույթի թույլ և ուժեղ կողմերը, և ավելի հեշտ է՝ փորձի հիման վրա կառուցել էլ ավելի արդյունավետ համակագ:
Հեռավար ուսուցումը իր ամբողջ բովանդակությամբ ուղղված է ծառայելու նրան, որ սովորողը մղվի ինքնուրույն, ստեղծագործական, հետազոտական աշխատանքի։ Մինչդեռ մենք կարողացանք իրականացնել զուտ դիստանցիոն ուսուցում դաս-դասարանային միջավայրը փոխարինելով առցանց հարթակով: Սակայն այս ամենի մեջ ավելի շատ դրական մոտիվ կարող ենք արձանագրել, առ այն, որ կատարելագործվեց մեր առցանց կրթական շտեմարանը, ստեղծվեցին հրաշալի թվային ֆոնդեր: Արտակարգ դրության պայմաններում ապահովվեց սովորողների կրթության շարունակականությունը և զբաղվածությունը: Իվեջրո հեռավար ուսուցումը հիանալի հնարավորություն տվեց հեռավոր գյուղերում սովորողներին հավասար կրթական պայմանների ապահովման առումով:
Բայց ամենամեծ հույսը ներշնչում է այն փաստը, որ մենք ունենք հրաշալի ուսուցիչներ, ովքեր հաղթահարեցին մի մեծ մարտահրավեր և այն օգտագործեցին որպես հնարավորություն անձնական և մասնագիտական աճ գրանցելու համար: Վստահ եմ, որ այս ամենից հետո մենք ունենալու ենք ավելի լավ կրթական համարգ, ավելի պատրաստակամ և մեթոդապես զինված ուսուցիչներ և ավելի մոտիվացված սովորողներ: