Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Մարտ / 2020 : 12-25

Ո՞ր հայտնի հայերի կյանքը խլեց կորոնավիրուսը

Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների մասին տեղեկությունները շատ արագ են տարածվում։ Պանդեմիան հազարավոր մարդկանց կյանքեր է խլել, որոնց թվում քիչ չեն այն հայերը, որոնց անունները հայտնի են ամբողջ աշխարհին:

Մարտի 25-ին Լոնդոնում մահացավ  անգլիացի եւ իրանցի նկարիչ Էդման Այվազյանը: Նա Եվրոպայի մի շարք հայկական եկեղեցիների և Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական տաճարի ներքին ինտերիերների հեղինակն է։ Իսկ նկարչի ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ 250 մետրանոց գեղագրություն է, որը նա ստեղծել է 1985 թվականին եւ այն այժմ գտնվում է Սաուդյան Արաբիայի Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանում:

Էդման Այվազյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Հովհաննես Թումանյանի երկերը, ստեղծել է դիմանկարներ, ծովանկարներ։ Այվազյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր եկեղեցիներում, թանգարաններում՝ Լազար պատկերասրահ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:

2015 թվականին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

Մարտի 27-ին Մոսկվայի Կոմունարկայի հիվանդանոցում մահացավ  համաճարակաբան պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը: Նա վիրուսային հեպատիտների բուժման ոլորտում խոշոր մասնագետ էր եւ տասնյակ գրքերի եւ հոդվածների, ձեռնարկների հեղինակ, որոնց աշխատանքներից օգտվել են ռուս վիրուսաբանները, բժշկական բուհերի ուսանողները: Բժիշկ-ֆիզիոլոգ Հասմիկ Հասրաթյանի քույրն է:

Մարտի 29-ին կորոնավիրուսից մահացավ  նաև Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը։ Դեվեջյանը մշտապես սերտորեն կապված է եղել Ֆրանսիայի հայ համայնքի հետ: Ծնվել է հայ գաղթականների ընտանիքում: Հայրը ծագումով Սեբաստիայից էր: Վաղ հասակում կորցրել է մորը: Սովորել է Սևրի հայկական քոլեջում, ապա՝ Փարիզ II համալսարանում: Հինգ անգամ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի նախաձեռնողն ու համահեղինակն էր: 2002 թվականին նշանակվել է Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման հարցերով նախարար, 2004-2005 թվականներին եղել է արդյունաբերության նախարար, ապա՝ տնտեսական զարգացման ծրագրերի նախարար: Դևեջյանը հայտնի է Հայ դատի համար իր պայքարով: ԱՍԱԼԱ-յի մարտիկների դատավարության ժամանակ հանդես է եկել որպես նրանց փաստաբան: Շարունակաբար աջակցել է Տավուշի սահմանամերձ գյուղերին: 

Նույն օրը՝ մարտի 29-ին մահացավ նաեւ հայտնի լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։ Չնայած մամուլում շրջանառվում էր այն տեղեկությունները, թե վերջինս մահացել է կորոնավիրուսից, սակայն Լեհաստանի մշակույթի նախարարությունից էլ տեղեկացնում են, որ կոմպոզիտորը ծանր հիվանդություն ուներ, ինչի հետևանքով էլ մահացել է: 

 Իր գործունեության տարիների ընթացքում կոմպոզիտորը չորս անգամ պարգևատրվել է «Գրեմմի» մրցանակով, երկու անգամ ստացել Է «Էմմի» մրցանակ, դարձել բազմաթիվ պետական մրցանակների և պարգևների դափնեկիր, այդ թվում ՝ Հայաստանում: Պենդերեցկին հաճախ է եղել պատմական հայրենիքում ՝ Հայաստանում։ Նշենք, որ նրա տատը՝ Եվգենյա Շիլկիևիչը, եղել է հայուհի, որը նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի։

Նույն օրն Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը: Այս մասին տեղեկացնում է «Եռագույն» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջը:

«Եւս մէկ կորուստ՝ պսակաձեւ Ժահրի պատճառով։

Բժիշկ Ղեւոնդ Մուրատեան, ծնած ու կրթութիւն ստացած Գամիշլի, ապա տեղափոխուած տարբեր երկրներ, վերջին հանգրուանը Իտալիան էր, ուր կ՚աշխատէր, որպէս բժիշկ եւ իր գործին նուիրուելով՝ զոհ գնաց չարաբաստիկ վարակին։

Աստուած հոգին լուսաւորէ, համբերութիւն հարազատներուն»:

Դիտվել է 7916անգամ
Վերջին լուրեր