27 / Մայիս / 2020 : 19-55

Կոստյու՞մն է, որ պետք է զարգացնի գյուղատնտեսությունը

Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության կարևորագույն, եթե ոչ ամենա, ոլորտներից մեկին` գյուղատնտեսությանը: Իհարկե, դժվար է դրան անդրադարձ անվանելը, այն ավելի շատ երեկոյան ֆեյսբուքյան մի ուղիղ եթեր հիշեցրեց, որովհետև վարչապետի արված դիտարկումներն ու տրված խորհուրդները որևէ կապ չունեին գյուղատնտեսության հետ, բացի այն, որ ծիծաղ առաջացրին ոլորտի հետ քիչ թե շատ կապ ունեցող մարդկանց մոտ:

Վարչապետը, որն սկսած 2018թ. խոսում է տնտեսական հեղափոխության մասին` համոզիչ փաստարկներ փնտրելով` մարդկանց համոզելու, որ այդ գաղափարն այնպայմանորեն իրագործվելու է, գյուղատնտեսության զարգացման կարևոր կռվաններից մեկը համարեց դրանով զբաղվողների կոկիկ հագնվելը: Ինչ խոսք, կոկիկությունն անհրաժեշտ բան է, որի քաղցն այսօր ամենուր է զգացվում, նույնիսկ խորհրդարանում, բայց վարչապետի հիշյալ «անդրադարձը» ոչ այլ ինչ է, քան փաստին մատների արանքով անլուրջ հայացք նետելը:

Գյուղատնտեսությունը քաղաքականություն չէ, ուստի` պոպուլիզմն այնտեղ տեղ չունի, և որևէ ականջահաճո խոսք չի կարող ստիպել, որ լոլիկը կանաչից սահնուն փոխվի վառ կարմիրի: Այդ ամենի համար պայմաններ են պետք, որն այս պահին, որքան էլ ոմանք չհամաձայնեն, գոյություն չունի:

Ենթադրենք` վաղվանից բոլորն սկսում են կոկիկ հագնված դաշտ դուրս գալ: Ես նույնիսկ համոզված եմ, որ, եթե փողկապն օգտակար լինի, մարդիկ փողկապ էլ կկրեն, շարֆ էլ, բայց հողը փողկապի հետ հաշտ չէ, նա հատակ խնամքի սիրահար է: Այսօր, երբ, ասենք, հենց Արարատի մարզում, որտեղ նախկին պաշտոնյաները ոռոգման ջրի խնդիր չունեն, պարատանյութի խնդիր չունեն, բանջարեղենն իրացնելու խնդիր չունեն, իսկ մյուսները, որոնք շարքային քաղաքացիներն են, կանգնած են բոլոր վերոթվարկյալներ խնդիրների առաջ, անհնար է զարգացնել գյուղատնտեսությունը: Մոնոպոլիան կլանել է ամեն բան, և որքան էլ վարչապետը փորձի ուղիղ եթերներով ու կտրուկ գրառումներով ազդել դրանց վրա, միևնույնն է, սայլը տեղից չի շարժվում, դեռ մի բան էլ ավելին` անիվները գողանում են:

21-րդ դարում, երբ ամբողջ աշխարհի միլիոնավոր հեկտարներ պաշտպանված են հակակարկտային ցանցերով, Հայաստանում հստակ երաշխիքներ ներկայացնող հակակարկտային կայաններ անգամ չկան, եղածներն էլ չեն աշխատում ըստ պատշաճի: Այս պարագայում ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք գնալ, ինչպե՞ս կարող է գյուղատնտեսությունը զարգանալ, եթե գյուղատնտեսը որևէ կերպ չի կարողանում պաշտպանվել բնությունից, թեկուզ կոկիկ էլ հագնված լինի:

Հեռու չգնանք, բոլորովին վերջերս Արարատի, Արմավիրի՚ Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ հասցրեց բանջարաբոստանային կուլտուրաներին, պետությունը որքանո՞վ է փոխատուցել կամ պատրաստվում փոխահատուցել վնասները: Ինչ կարող էին անել գյուղատնտեսները, եթե կարկուտից պաշտպանվելու որևէ միջոց չկար, կոստյումո՞վ պետք է պաշտպանվեին, կոստյու՞մն է, որ պետք է զարգացնի մեր գյուղատնտեսությունը:

Ստեղծված իրավիճակը համակողմանի քննության և լուծման կարիք ունի, ուղիղ եթերներն ու հոխորտաբույր գրառումները ոչինչ փոխել չեն կարողանա:

Հեղափոխությունների, մեծ բողոքի ակցիաների միջոցով տեղի ունեցած իշխանափոխությունների զգալի մասին պատճառները լինում են ոչ թե խորը գաղափարախոսական, այլ սոցիալական, այդպիսին էր նաև 2018թ. Հայաստանում տեղի ունեցածը: Իշխանությունները գոնե սա պետք է գիտակցեն և ընդունեն, որ եթե առաջ ընթանան այս ճանապարհով, ապա վաղ թե ուշ կանգնելու են նույն սոցիալական հեղափոխության կամ իշխանափոխության առաջ` ավելի կոշտ մանրևրերով:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է 16319անգամ
Վերջին լուրեր