28 / Մայիս / 2020 : 20-27

Դիմավահան կարելի՞ է կրել դիմակի փոխարեն

Հայաստանում դեռևս շարունակվում է նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը, որի ընթացքում պարտադիր պահանջներից է քաղաքացիների կողմից դիմակի կրումը։

Նշենք նաև, որ կորոնավիրուսի համաշխարհային տարածումից ու համավարակ հայտարարվելուց ի վեր աշխարհում, այդ թվում՝ և Հայաստանում, մեծ թափ առավ դեմքի վահանների կամ դիմավահանների արտադրությունը։

«Ա1+»-ը փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի քարտուղար Վահան Հունանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դիմակի փոխարեն կարելի է կրել դիմավահան, և արդյո՞ք այդ դեպքում տուգանում չի լինի։

«Դիմավահան կրելու դեպքում, այո՛, չի լինի։ Հաշվվում է որպես անհատական պաշտպանիչ միջոց»,- պատասխանեց նա՝ Առողջապահության նախարարության հետ ճշտելուց հետո։ 

Նշենք, սակայն, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը կասկածանք էր հայտնել դիմավահանի մասով՝ ասելով․ «Իհարկե չի տա նույն էֆեկտը։ Մենք առաջարկում ենք ու հորդորում ենք ու նաև պահանջում ենք, որպեսզի քաղաքացիները լինեն դիմակով կամ փոխարինող կտորով։ Վահանի հետ կապված չեմ ուսումնասիրել, չեմ կարող ասել»։

Նիկողոսյանը խորհուրդ էր տվել պարետատնից ճշտել, քանի որ պարետատունն է կարգավորում այս հարցերը։

«Ա1+»

Դիտվել է 46408անգամ
Վերջին լուրեր