Դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացել է մեկ ընտանիքի 3 անդամ․ Նիկոլ Փաշինյան
Այսօր Առողջապահության նախարարը զեկուցեց, որ դեպք ունենք, երբ կորոնավիրուսից մահացած 80-անց անձի հոգեհանգստի արարողությանը, կանոնները չպահպանելու արդյունքում, նրա երկու դուստրերը վարակվել են ու մահացել կորոնավիրուսից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն, մենք այս դեպքով, մեկ ընտանիքում երեք մահ ունենք կորոնավիրուսից: Մենք ասում ենք, որ պետք է դիմակ կրել, քանի որ կան հազարավոր ասիմպտոմ կորոնավիրուսի դեպքեր:
Մարդիկ չգիտեն, որ իրենք հիվանդ են, չունեն բողոք, որպեսզի դիմեն առողջապահական հիմնարկ:
Եթե մենք 3 պարզագույն կանոնները պահպանենք, 95 տոկոս հավանականություն ունենք, որ չենք վարակվի: Կամ, եթե մենք ենք ասիմպտոմ հիվանդ, 95 տոկոս հավանականություն կա, որ չենք վարակի այլոց»,-ասաց նա։