01 / Հունիս / 2020 : 17-56

Մեզ մոտ չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ». Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 1-ին երկրի պետանվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում մայդաններ չեն լինի: 

«Հարևան երկրի թերթը վերջերս գրում էր, թե մեզ մոտ հայտնվել են նոր «Փաշինյաններ», նոր «Զելենսկիներ», ու իբր մեզ մոտ իրավիճակը Հայաստանի կամ Ուկրաինայի նման է: Պետք է ասեմ, որ իրավիճակը կարող է տարբեր կերպ զարգանալ: Սակայն մեզ մոտ չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ»»,- ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը,  այս մասին հայտարարել է  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ կոչ է անելով Բելառուսի ներկա դրությունը չհամեմատել Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

Ըստ Լուկաշենկոյի՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և Ուկրաինայում, Զելենսկին և Փաշինյանը տաղանդավոր մարդիկ են:

«Այդ մարդիկ տաղանդավոր են և ամենակարևորն՝ իրենց երկրի հայրենասերները: Իսկ մեր մոտ ոմանք ուզում են մեկ կոպեկով վաճառել այն ամենը, ինչը ստեղծվել է այստեղ ոչ միայն նախագահ Լուկաշենկոյի, ոչ միայն իշխանությունների կողմից: Ժողովրդի կողմից է ստեղծվել։ Հետևաբար, դա չի կարելի թույլ տալ: Մենք երբեք թույլ չենք տա իրավիճակի ապակայունացում մեր երկրում», - հայտարարել է հանրապետության ղեկավարը:

«Մենք ոչ ոքի բերանը չենք փակի: Խնդրեմ, Մինսկում և բոլոր քաղաքներում հատուկ կետեր կան, որտեղ կարելի է քննարկումներ անցկացնել: Եթե չեմ սխալվում՝ Մինսկում այդ կետերը 6-ն են: Մեր գործը վերահսկողությունն է, որպեսզի սահմաններից դուրս չգան: 6 կետ կա Մինսկում, գնա, դեբատներ արա: Սակայն Պետանվտանգության կոմիտեն ոստիկանության հետ համատեղ ոչ մի դեպքում չպետք է թույլ տա, որ օրենքի խախտումներ լինեն»,-ընդգծել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ Բելառուսի համար մի քանի «համավարակներ» կան: Ըստ բելառուս առաջնորդի՝ առողջական համավարակից բացի կա նաև ընտրություններին ընդառաջ քաղաքական համավարակ, տնտեսական համավարակ և մի շարք այլ համավարակներ, որոնք պտտվում են իրենց շուրջը, բայց դեռևս չեն համարձակվում քիթը մտցնել Բելառուս:  

 

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

 

Դիտվել է 43986անգամ
Վերջին լուրեր