Գարուն, սեռդ իգական է
Պայթած բողբոջի ծաղիկ...
Հուսիկ Արա
Գարուն եւ կին. 7 կտավ հայ կերպարվեստում


Արշակունի Զավեն Պետրոսի (1932)
«Գարուն» (1960)
Գարուն, սեռդ իգական է
Պայթած բողբոջի ծաղիկ,
անունդ գարուն ու սեռդ իգական է.
բուրմունքիդ թույնը սպանում է ինձ,
ինչպես կնոջ մրրիկ մարմնիս մեջ:

Քոլոզյան Բաբկեն Ադամի (1909-1994)
«Գարուն» (1977)
Ամբողջ կյանքի հիշողություն է քո ակնթարթը,
իսկ օրվա մեջ անմահությունն է տեղավորվում.
լույսը կաթում է ուղիղ սիրտս ասեղի պես,
և կոպերիս վրա ներկա ժամանակ են բոլոր սերերս,
որ սպասում են ամեն անգամ քո գալուն,
գարուն անունով աղջիկ:

Մելքոնյան Աշոտ Անատոլիի (1930-2009)
«Գարուն» (1983)
Երբ մատներդ իջնում են արյանս մերկացած՝
ինչպես հայացք խաղաղ,
և շրթունքներս մարմնիդ համն են դառնում,
իսկ հմայքդ շնչառություն է թոքերիս մեջ երկրորդ անգամ,
ուզում եմ միշտ ապրել՝
Աստծու բոլոր հնարքները կապկելով,
խենթանալ, թե մի՛ գնա, հրաշք, որ իմ կյանքի ժամերն ես:

Քոթանջյան Նիկողայոս Գարեգինի (1928-2013)
«Խաղաղություն» (Գարուն) (1960)
Մահից չեմ խուսափում,
վախենում եմ կիսատ կյանքից,
որ չեմ ամբողջանա առանց քեզ, գարուն աղջիկ:

Նալբանդյան Արփենիկ Արշակի (1916-1964)
«Գարուն» (1960)
Մի անգամ էլ կգաս,
էլի թեթև ծածկոցով ու բաց կլինես բոլորովին,
քայլ կանեմ, բայց չեմ հասնի այդ անգամ քեզ՝
իբր ծածկած քո բացերին:

Բեքարյան Արա Վաղինակի (1913-1986)
«Գարուն» (1956)
Գարուն կլինի ու սերը
և կլինի առանց ինձ,
որ կգրվի մեկ բառով՝ մահ.
այն է` քո թույնն է կաթել սրտիս,
և սպանել է արյունս ու ինձ,
գարուն` իսկությունդ բաց էգ:

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։