31 / Մարտ / 2020 : 05-39

Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում, ժամը 08.00-ին մեկնարկում են երկրի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:

Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝  Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, եւս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է

Նշենք, որ դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում նախապես հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ: Սակայն, կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով և այն կանխելու նպատակով, բազմաթիվ դիտորդներ և մի շարք լրատվամիջոցներ, հայտարարել են Արցախ չմեկնելու որոշում կայացնելու մասին:

Արցախում կայանալիք ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի ԱԺ պատվիրակությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաեւ Արմեն Փամբուխչյանը, Անի Սամսոնյանը, Համազասպ Դանիելյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գևորգ Պապոյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Դալլաքյանը և Հարություն Բաբայանը:

Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն Արցախում ընտրողների թիվը 103 հազար 663 է:

Արցախի նախագահի հավակնորդների թիվը 14 է: Նրանք են՝

«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,

«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,

Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,

Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,

«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,

«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան,

Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:

Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2  կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ: նրանք են՝

Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,

«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,

Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,

Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ,

Արցախի հեղափոխական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Անկախության Սերունդ» կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրական ցուցակ է առաջադրել 2 կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ եւ «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք` 31 թեկնածուների ընդգրկմամբ:

Ընտրությունների քվեարկությունը կավարտվի այսօր երեկոյան ժամը 20.00-ին:
Նշենք, որ կապված կորոնավիրուսի տարածման վտանգով, ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ ընտրական տեղամասերում:

Դիտվել է 4997անգամ
Վերջին լուրեր