Հակաճգնաժամային 8-րդ ծրագրի շրջանակն ընդլայնվում է. ովքեր կարող են օգտվել․ մանրամասներ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 4-ի նիստում որոշում կայացրեց հակաճգնաժամային 8-րդ միջոցառմանը վերաբերող որոշման մեջ փոփոխություն կատարել եւ աջակցությունից օգտվող ոլորտների ցանկն ավելացնել 9-ով, որի արդյունքում ցանկում կլինի 32 ոլորտ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ` Արման Ուդումյանը թվարկեց այդ ոլորտները.
«1) Մանածագործական արտադրատեսակների արտադրություն.
2) փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից.
3) թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրություն.
4) ռետինե եւ պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն.
5) համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն.
6) էլեկտրական սարքավորանքի արտադրություն.
7) ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն.
8) համակարգիչների, անձնական օգտագործման եւ կենցաղային արտադրատեսակների նորոգում.
9) ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն»:
Փոխնախարարը նշեց, որ այս փոփոխության արդյունքում կծածկեն եւս 1875 կազմակերպություն, որտեղ աշխատում են 9171 աշխատակից: Աջակցության ընդհանուր բյուջեն կկազմի 623 մլն 628 հազար դրամ:
Նա նաեւ հավելեց, որ 8-րդ միջոցառման շրջանակում այս պահին արդեն վճարել են 124 609 շահառուների, ընդհանուր գումարը կազմում է 8,5 մլրդ դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է օժանդակության, ընդհանուր առմամբ, 100 միլիարդ 400 միլիոն դրամ, միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը: