Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2020 : 23-09

ԿԱԼԻՖՈՐՆԻԱ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՎՏԱՆԳՎԱԾ Է ՇՈՒՐՋ 47 ՀԱԶԱՐ ՏԱՐԵՑ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ

Բոլորովին վերջերս ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Նյուսոմը, տեղի օրենսդրական մարմնի աջակցությամբ, որոշում է կայացրել վերացնել Մեծահասակների համայնքային ծառայությունները, որի շահառուներ են շուրջ 47 հազար խոցելի տարեցներ և հաշմանդամություն ունեցող մեծահասակներ:

Այսինքն` հազարավոր տարեցներ կուղարկվեն ծերանոցներ և նրանց կյանքի հետագա շարունակությունը չի լինի այնքան ապահով, որքան առաջ էր, կամ առհասարակ չի լինի կյանքի շարունակություն: Արդյունքում` ծերանոցներ ուղարկված տարեցները, ովքեր այս պահին գտնվում են իրենց տներում, ուղղակի կերպով կհայտնվեն կորոնավիրուսի վտանգի տակ, որը կարող է մեծացնել վիրուսի տարածվածության աստիճանը: Թեմայի շուրջ Yelaket.am-ը զրուցել է Դեյլի Ջրիմս առողջապահական կենտրոնի աշխատակից Ալֆրեդ Թամազյանի հետ, ով խնդիրը համարեց խիստ առաջնային և հրատապ լուծման կարիք ունեցող.

«Ցավոք սրտի, ֆինանսական խնդիրների պատճառով, հնարավոր է` մշտական խնամքից ու ապահովությունից զրկվեն հազարավոր մեծահասակներ և խոցելի խմբեր: Դա անթույլատրելի է, մենք չպետք է թույլ տանք, որովհետև դա դաժանություն է: Մարդկանց մի մասը կհայտնվեն ծերանոցներում և հնարավոր է` վարակվեն կորոնավիրուսով»:

Թամազյանը գտնում է, որ տեղի համայնքը պետք է համախմբվի և ազդի Սենատի որոշման վրա` հասնելով նրան, որ վերհիշյալ խոցելի խմբերը շարունակեն հովանավորվել պետության կողմից.

«Իհարկե, ֆինանսական վիճակը ծանր է, բայց այստեղ նաև պատվի խնդիր կա, մենք պետք է ապահով պահենք մեր տատիկ-պապիկներին, դա նաև պետության խնդիրն է, որը չպետք է այս ծանր օրերին անօգնական թողնի իր քաղաքացիներին: Այդ մարդիկ չպետք է իրենց կյանքի մայրամուտին անօգնական, քաղցած ու անխնամ մնան, դա բացառվում է»:

«Համայնքի բնակիչները պետք է զանգահարեն Սենատի` իրենց տարածքային պատասխանատուներին և իրենց մտահոգությունը հայտնեն` պնդելով, որ ֆինանսական կրճատումները որևէ դեպքում չպետք է արվեն մեծահասակների կյանքերի հաշվին, այսինքն նրանց` ովքեր կյանք են տվել մեր սերնդին: Վտանգը մեծ է, նրանցից նույնիսկ մեկի անժամանակ մահը նշանակում է պարտություն, նշանակում է, որ մենք` կրտսերս սերնդի անդամներս, չենք կատարել մեր որդիական և առհասարակ մարդկային պարտականությունները: Պետք է բարձրաձայնել, որ չի կարելի գումարը գերադասել մարդկային կյանքերից, մանավանդ այն մարդկանց, որոնք անօգնական վիճակում են գտնվում»- համայնքին կոչով դիմում է Թամազյանը:

«Այս պահին ստորագրհավաք է անցկացվում, բոլորին խնդրում եմ` անպայման մասնակցել դրան: Յուրաքանչյուր ստորագրություն ավելի ապահով կդարձնի մեր մեծահասակների կյանքը, յուրաքանչյուրս պետք է պարտավորված զգանք մեզ, պետք է մտածենք, որ հենց մեր ստորագրությունն ու բողոքի ձայնն է լուծելու խնդիրը, այդպես մենք կհասնենք շոշափելի արդյունքի»- շարունակում է Թամազյանը:

Մեզ հետ զրույցում Թամազյանը հայտնեց նաև, որ առաջիկա երեքշաբթի օրը Դեյլի Ջրիմս ընկերության աշխատակիցները համայնքի այլ ներկայացուցիչների հետ հավաքվելու են Կոլորադոյի Էվրդե-Ադամս փողոցների խաչմերկուկում և իրազեկման ակցիա են անցկացնելու: Հ.Գ. Հավելենք, որ տեղական դատարաններն արդեն հայտարարել են, որ Կալիֆորնիայի Մեծահասակների օրվա խնամքի կենտրոնների վերացումը խախտում է հաշմանդամություն ունեցող ամերիկացիների իրավունքները:

Դիտվել է 27313անգամ
Վերջին լուրեր