«Այն թիմը, որն ամենից շուտ կադապտացվի առանց երկրպագուների խաղալուն, հաջողակ կլինի». Կրոս
«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է թիմի մարզումների և առաջնության վերսկսման մասին։
«Լավ է, երբ մարզվում ենք ամբողջական կազմով, քանի որ կարողանում ենք մարզումային խաղեր խաղալ։ Հիմա ամեն ինչ նորմալ է։ Երբ մենք տանն էինք, գնդակին այդքան էլ շատ չէինք դիպչում։
Ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում, որպեսզի լավագույն կերպով վերադառնանք առաջին խաղին։ Մենք չենք կարող ավելին անել, քանի որ իրավիճակը նույնն է բոլորի համար։
Մենք խաղալու ենք առանց երկրպագուների առաջին անգամ։ Տեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները։ Այն թիմը, որը ամենից շուտ ադապտացվի այս իրավիճակին, հաջողություն կունենա»,- ասել է Կրոսը թիմի մեդիայի հետ զրույցում։
Կրոսը վերհիշել է նաև երեք տարի առաջ այս օրը Քարդիֆում կայացած եզրափակիչը․
«Ես լավ հիշողություններ ունեմ։ Մենք հաղթեցինք 4-1։ Երկրորդ կեսը լավագույններից մեկն էր իմ այս վեց տարիներում։ Դա իմ երկրորդ երեկոն էր Միլանից հետո, որը ես միշտ հիշելու եմ»,- ասել է Կրոսը։