Պարետ Տիգրան Ավինյանին նկատել են առանց դիմակի՝ բազմամարդ սրճարանում (տեսանյութ)
Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես է այն կառավարությունը, որն ամիսներ առաջ ծաղրում էր վարակը, այսօր հանրության հանդեպ անհեթեթ ու անտրամաբանական պարտադրանքներ կիրառում՝ ստիպելով, սպառնալով, հատելով բարեվարքության բոլոր սահմանները։
Եվ մինչ այս ամենն ամենաանընդունելի մեթոդներով պարտադրվում է հասարակ քաղաքացիներին, մեր պետական այրերն իրենց նեղություն չեն տալիս հետևելու իրենց իսկ սահմանած կանոններին։
Օրեր առաջ հայտարարվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակված է։ Նույն օրը նա սեփական առանձնատանն ընդունեց պարետ Տ․ Ավինյանին և ԱՆ Ա․ Թորոսյանին, ինչը, ըստ տրամաբանության, անթույլատրելի էր, քանի որ վարակված անձը, ըստ օրենքի, պետք է լրիվ մեկուսացված լինի, ինչպես նաև նրա հետ շփում ունեցած անձինք։
Այս կանոնը ևս շրջանցվեց մեր պետական այրերի կողմից, ավելին, վարակակիր վարչապետի հետ ուղիղ շփում ունեցած Տ․ Ավինյանը առանց դիմակի հայտնվում է հանրային վայրում հենց այն օրը, երբ իր իսկ որոշման համաձայն՝ բաց տարածություններում և փողոցում քայլելիս դիմակ կրելու պարտադիր և խստագույն օրենքը (կանոնը) մտնում է օրինական ուժի մեջ։
— Բարև ձեզ, պարոն Ավինյան, կներեք, իսկ ինչու՞ եք առանց դիմակի բաց տարածությունում։
— Հանրային սննդի վայրերում դիմակ կրելը պարտադիր չէ,— պատասխանեց պարոն պարետը, որ այդ պահին ոչ մի տեսակի սնունդ չէր ընդունում, որը նստած էր բացօդյա սրճարանում և նրա կողքով անցնում դառնում էին սրճարանի հաճախորդներն ու աշխատակիցները։ Նա հանգիստ զրուցում էր Արդարադատության նախարար Ռ․ Բադասյանի հետ, ով, ի դեպ, դիմակով էր։ Եվս մեկ անգամ նշեմ, որ պարոն պարետը մի քանի օր առաջ ուղիղ շփում էր ունեցել հաստատված վարակակիր անձի հետ։
Եվ ուրեմն, ի՞նչ իրական նպատակ է հետապնդում վարչապետական հիստերիան՝ անձնապես թիրախավորելով հասարակ քաղաքացուն, հանրային տհաճագույն պարսավանքի և անգիտակից պախարակության զոհ դարձնելով նրանց, ովքեր առանց դիմակի են հայտնվում հանրային վայրերում և բաց տարածքներում։
Հ․Գ․ Ներողություն եմ խնդրում պարոն Տիգրան Ավինյանից իր անձնական տարածք ներխուժելու և իր հանգիստը խանգարելու համար։ Ինքս շտապում էի ու բավական անհարմար էր դիմակով շոգին վազելը, երբ կողքերս նույնիսկ երկու մետր հեռավորության վրա ոչ մեկը չկար, սակայն ես չզլացա, հատուկ ետ դարձա նկարելու, որովհետև հարգարժան վարչապետը նախօրեին պատվիրել էր տեսանկարահանել օրինախախտներին։