Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հունիս / 2020 : 18-40

Այսօր բանաստեղծ, մանկավարժ Գոռ Հարությունյանի ծննդյան օրն է

Գոռ Հարությունյանը ծնվել է 1986թ. հունիսի 6-ին, Երևանում:
2003թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցը:
2004-2006թթ. ծառայել է Հայ-ռուսական սահմանապահ զորքերի կազմում:
2006-08թթ. սովորել է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի կրթամշակութային հիմնարկների կառավարում ֆակուլտետում:

2010թ. ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզու և գրականություն բաժինը: Նույն տարում ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից ճանաչվել է ֆակուլտետի լավագույն ուսանող:
2011-12 ուսումնական տարում ֆակուլտետում անցկացվող ստեղծագործական մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը:
2008-10թթ. աշխատակցել է «Իրավունք de facto» («Իրատես de facto»), «Կանչ» թերթերին:

2011թ., որպես երիտասարդ բանաստեղծ, հանրությանը ներկայացվել է Հանրային ռադիոյի «Գիրք ճանապարհի», «ԼյունՍե» ռադիոհաղորդումներով:

Գ. Հարությունյանի բանաստեղծությունները տպագրվել են «Բանասեր», «Ժամանակի միտք», Հայաստանի ազգային գրադարանի «Հոգևոր հայրենիք» (2012թ. եղել է թերթի խմբագիրը) թերթերում, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» պարբերաթերթում, «Մեգապոլիս» ամսագրում, «Բագին» հանդեսում, «Մուգ կապույտ կառ կարմիր», «17 անուն» տարեգրքերում: 2017-2019թթ. աշխատել է «Երևակ» կրթահամալիրում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

հանրության կողմից մեծ համակրանք վայելող Bohem գրական-երաժշտական խմբի անդամ է:
Հրատարակել է բանաստեղծական երկու ժողովածու` «Կոլապս» (2017) և «Միջանկյալ զրույց» (2018) խորագրերով:
Հարությունյանը պարբերաբար հանդես է գալիս գրական, գրականագիտական, հրապարակախոսական հոդվածներով: Ակտիվ է, ունի հասարակական, քաղաքական և մարդկային անբեկանելի սկզբունքներ:
*
Մեկ բանաստեղծական նմուշ` Գոռ Հարությունյանից.

«Դու հառնե՛ս պիտի

Քեզ ո՛չ տեր եղանք, ո՛չ՝ ծառա,
Չեղանք ոչ ծնող և ոչ էլ որդի,
Ժամանակի հետ քեզ օտար դառանք՝
Հարցում անելով - Հառնե՞ս դու պիտի:

Չեղանք Մշակդ, Զինվորդ չեղանք,
Թողեցինք հունդդ անպտուղ փտի,
Մեր տաք արյունից թորեցինք մեղա՝
Հարցում անելով - Հառնե՞ս դու պիտի:

Եվ քո ամբողջը մեզնից խլողին
Ընկած ժամանակ հանեցինք ոտքի,
Գլուխ տվեցինք քեզ թալանողին՝
Հարցում անելով - Հառնե՞ս դու պիտի:

Քեզ հար դավողին արքա կարգեցինք,
Եվ «կարգադրեցինք», որ քեզ ավիրի,
Քեզ դավանողին անհուշ բանտեցինք՝
Հարցում անելով - Հառնե՞ս դու պիտի:

Մե՛նք անարգեցինք մեր իսկ Աստծուն,
Ով մեզ բաշխել էր Հող ու Հայրենի,
Մե՛ր թողտվությամբ փլվեց մեր Ածուն՝
Հարցում անելով - Հառնե՞ս դու պիտի:

Ու Տաճարների ծուխը առնելով՝
Բագինների տեղ խորան խնկեցինք,
Հառնե՞ս դու պիտի - հարցում անելով՝
«Հայոց հարց» կոչվող սուգը երկնեցինք:

Եղեգան փողի բոցը մարելով՝
Ռազմի Աստծուն ամբաստանեցինք,
Հառնե՞ս դու պիտի - հարցում անելով՝
Մհերի Դուռը ամուր փակեցինք…

Եվ այսպես եղանք, այսպես մնացինք՝
Հասնելով մի նոր ճամբաբաժանի.
Արդ, հարկ է զորենք եղծն «աղանդոցի»՝
Անհարցում պնդմամբ - Դու հառնե՛ս պիտի»:

Նյութի հեղինակ Գ․ Գյուլումյան

Դիտվել է 17587անգամ
Վերջին լուրեր