Facebook-ի աշխատակիցները, որոնք համաձայն չեն Ցուկերբերգի հետ, բողոքի առցանց ցույց են կազմակերպել
Հունիսի 1-ին Facebook-ի աշխատակիցները, որոնք համաձայն չեն Մարկ Ցուկերբերգի հետ, անցկացրել են վիրտուալ բողոքի ակցիա: Նրանք քննադատել են ընկերության ղեկավարի դիրքորոշումը Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է NBC հեռուստատեսությունը՝ հղում անելով սոցիալական ցանցում Facebook-ի աշխատակիցների նամակագրությանը:
Անցյալ շաբաթ Մինեապոլիսում տեղի ունեցածի մասին գրառումը նախ՝ հրապարակվել էր հենց Թրամփի կողմից, իսկ այնուհետև՝ Սպիտակ տան, և Twitter-ում նշվել էր, որ դա հերոսացնում է բռնությունները: Դրանից հետո Ցուկերբերգը հայտարարել էր, որ Facebook-ի վարչակազմը, ինչպես Twitter-ը, չի հայտնաբերել որևէ խախտում ԱՄՆ նախագահի գրառման մեջ:
Ցուկերբերգի այս դիրքորոշումը դժգոհություն է առաջացրել ընկերության որոշ աշխատակիցների շրջանում:
«Ես աշխատում եմ Facebook-ում և հպարտություն չեմ զգում այն բանի հետ կապված, թե ինչպես է դրսևորվում մեր դիրքորոշումը: Իմ գործընկերների մեծ մասը, որոնց հետ ես խոսել եմ, նույն կերպ են մտածում»,- հեռուստաընկերությունը մեջբերում է ընկերության աշխատակցի գրառումը:
Մի շարք օգտատերեր, որոնք իրենց անվանում են Facebook-ի աշխատակիցներ, գրում են, որ իրենք արդեն մասնակցել են ակցիային:
«Մենք մեր աշխատակիցներին հորդորում ենք բաց խոսել, երբ նրանք համաձայն չեն ղեկավարության կարծիքի հետ: Մեզ շատ դժվար որոշումներ են սպասում ապագայում, ուստի կձգտենք ստանալ նրանց պատասխան արձագանքը»,- հեռուստաընկերությանն ասել են Facebook-ի մամուլի ծառայությունից:
Ըստ NBC-ի՝ Facebook-ի ղեկավարը գաղտնի կապ է հաստատել Թրամփի հետ և նրան ասել, որ սոցիալական ցանցի հարթակում նման հռետորաբանությունը ընկերության ղեկավարությանը բարդ վիճակի մեջ է դնում: