Ելակով դիմակներ դեմքի մաշկի համար
Ելակը ոչ միայն շատ համեղ հատապտուղ է, այլև անչափ օգտակար է դեմքի մաշկի համար: Այն հարուստ է մի շարք օգտակար բաղադրիչներով, ինչի շնորհիվ օգնում է ազատվել մաշկային ամենատարբեր խնդիրներից: Դրանում առկա վիտամին C-ն վերականգնում է մաշկը, երիտասարդացնում է այն ու արգելակում ծերացման գործընթացը:
Վիտամին A-ն ազատում է բորբոքումներից, իսկ վիտամին B9-ը հավասարեցնում է մաշկի գույնը: Կալիումի շնորհիվ ելակով դիմակները խոնավեցնում են մաշկը, իսկ կալցիումը բարելավում է մաշկային հյուսվածքների վիճակը:
Ելակով դիմակները համապատասխանում են մաշկի ցանկացած տեսակին, պարզապես հարկավոր է ելակը համադրել ճիշտ բաղադրիչների հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ելակով դիմակների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեռք բերել առողջ, գեղեցիկ ու անթերի մաշկ:
Հակակնճիռային դիմակ
Ելակը հարուստ է վիտամին C-ով, ինչի շնորհիվ շատ օգտակար է ու պայքարում է ծերացման առաջին նշանների դեմ: Այս դիմակի պատրաստման համար հարկավոր է 3-4 հատ ելակ ու թանզիֆի (մառլյա) կտոր:
Անհրաժեշտ է քամել հատապտուղների հյութը, այնուհետև քառաշերտ կտորը թրջել ստացված հյութով, դնել դեմքին ու թողնել 25-30 րոպե: Կտորը հանելուց հետո դեմքը հարկավոր է լվանալ սառը ջրով ու քսել խոնավեցնող նրբաքսուք:
Երիտասարդացնող դիմակ
Այս դիմակը բարելավում է արյան շրջանառությունն ու ճարպագեղձերի աշխատանքը: Այն պատրաստման համար անհրաժեշտ է 1 հատ ելակ, մեկ թեյի գդալ դեմքի նրբաքսուք և ¼ թեյի գդալ մեղր:
Հարկավոր է հատապտուղը տրորել ու խյուս դարձնել, այնուհետև բոլոր բաղադրիչները խառնել, քսել մաշկին ու թողնել մինչև այն չորանա: Չորանալուց հետո դեմքը հարկավոր է լվանալ սառը ջրով:
Գունաբացող դիմակ
Այս դիմակը կօգնի հավասարացնել մաշկի գույնը, գունաբացել այն ու ազատվել պիգմենտային հետքերից: Դրա համար անհրաժեշտ է 4-5 հատ ելակ ու 40 մլ սերուցք:
Հարկավոր է ելակները խյուս դարձնել, խառնել սերուցքին, այնուհետև զգուշորեն քսել մաշկին: Թողնել դիմակը 10 րոպե, այնուհետև լվացվել:
Դիմակ չոր մաշկի համար
Այս դիմակը պարունակում է հավկիթի դեղնուց, որը թույլ է տալիս ազատվել մաշկի թեփոտությունից, պիգմենտներից ու անառողջ գույնից: Արդյունքում մաշկը դառնում է ավելի հարթ ու գեղեցիկ:
Այն պատրաստելու համար հարկավոր է 2 հատ ելակ, 1 դեղնուց ու ¼ թեյի գդալ ալյուր: Նախ հարկավոր է քամել հատապտուղների հյութը, այնուհետև խառնել այն մյուս բաղադրիչներին ու քսել խառնուրդը մաշկին: Թողնել դիմակը մինչև չորանա, այնուհետև լվանալ մաշկը տաք ջրով:
Դիմակ յուղոտ մաշկի համար
Կապույտ կավի շնորհիվ այս դիմակը սնուցում ու խոնավեցնում է մաշկը, ինչպես նաև ազատում է մաշկային ցանից: Այն պատրաստելու համար հարկավոր է մեկ թեյի գդալ մանրացրած ելակ ու կես թեյի գդալ կապույտ կավ:
Հարկավոր է հատապտուղների հյութը խառնել կավին, այնուհետև խառնուրդը քսել մաշկին ու թողնել չորանա: Դիմակը հարկավոր է լվանալ սառը ջրով, այնուհետև մաշկին խոնավեցնող նրբաքսուք քսել:
Դիմակ մաշկի թեփոտվածության դեմ
Ելակը նաև պայքարում է կարմրածության ու թեփոտվածության դեմ: Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ ելակի հյութ, 1 ձվի դեղնուց, կես թեյի գդալ ձիթայուղ ու մի պտղունց ալյուր:
Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել, քսել մաշկին, իսկ 15 րոպե անց լվանալ մաքուր ջրով:
Դիմակ բորբոքումների դեմ
Այս հատապտուղը պարունակում է վիտամին A, որն օժտված է հակաբորբոքային հատկություններով: Բորբոքումների դեմ դիմակ պատրաստելու համար հարկավոր է խառնել մեկական թեյի գդալ ելակի խյուսն ու կաթնաշոռը, այնուհետև ստացված դիմակը քսել մաշկին, թողնել 15 րոպե և լվանալ գոլ ջրով:
Դիմակ համակցված մաշկի համար
Այս բաղադրիչը կարելի է կիրառել նաև համակցված մաշկի համար դիմակ պատրաստելու համար: Այս դիմակի համար անհրաժեշտ է 1 հատ ելակ, 1 թեյի գդալ կաթնաշոռ, ձիթայուղ ու 1 թեյի գդալ սերուցք:
Նախ հարկավոր է տրոտել հատապտուղն ու խյուս դարձնել, այնուհետև խառնել բոլոր բաղադրիչները, քսել մաշկին ու 10 րոպե անց լվանալ:
Դիմակ պեպեններից ազատվելու համար
Այս դիմակը պարունակում է բաղադրիչներ, որոնք գունաբացում են մաշկը: Դրանց օգնությամբ հնարավոր չի լինի լիովին ազատվել պեպեններից, սակայն կարելի է դարձնել դրանք քիչ նկատելի:
Հարկավոր է մեկ հատ ելակը մանրացնել ու խյուս դարձնել, այնուհետև ավելացնել դրան կես թեյի գդալ կիտրոնի հյութ ու լավ խառնել: Դիմակը հարկավոր է քսել այն հատվածներին, որտեղ պեպեններ են նկատվում: Թողնել այն մի քանի րոպե, այնուհետև լվացվել ու խնամող նրբաքսուք քսել: