Չարենցավանում սահմանափակումներ մտցնելու որոշում այս պահին չկա, պարետի որոշումը պատահաբար է հրապարակվել․ խոսնակ
ՀՀ կառավարության կայքից հեռացվել է պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, որով նախատեսվում էր արգելել դեպի Չարենցավան մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը։
Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ այդ որոշումը չպետք է հրապարակվեր. «Տեխնիկական սխալի պատճառով է եղել, դա չպետք է հրապարակվեր։ Մենք պատրաստում ենք տարբեր սցենարներ, որ որոշակի զարգացումների դեպքում հնարավոր է ինչ-որ մի տեղ փակվի։ Հիմա այն ինչ դուք տեսել եք՝ նման հավանական զարգացման սցենարներից մեկի՝ որոշում տարբերակ էր, որը պատահաբար՝ տեխնիկական սխալի պատճառով հրապարակվել է։
Այս պահի դրությամբ նման որոշում չկա»։
Դիտարկմանը՝ քաղաքացիներն արդեն մամուլում տեսել են, որ նման որոշում է եղել, Հունանյանն արձագանքել է. «Ժամը 16։00 -ին փոխվարչապետի ասուլիս կա՝ կհայտարարվի այդ մասին»։